Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նարհները» և «Խորհուրդներու մեհյանը», Վահան Թեքեյանի բանաստեղծությունների երրորդ գիրքը՝ «Կեսգիշերեն մինչև արշալույս», Դանիել Վարուժանի «Հացին երգը» շարքը, Մատթեոս Զարիֆյանի «Տրտմության և խաղաղության երգեր», «Կյանքի և մահվան երգեր» բանաստեղծությունների ժողովածուները: XX դ. 20-40-ական թթ. Կ. Պոլսում ստեղծագործել են Հակոբ Մնձուրին, Էդվարդ Սիմքեշյանը, Զոհականը, Գուրգեն Թրենցը, Հայկանուշ Մառքը, Բագրատ Թևյանը, Ատրինե Տատրյանը, Մկրտիչ Հաճյանը, Վարդան Կոմիկյանը, Վարուժան Աճեմյանը, Խաչիկ Ամիրյանը: Նրանց ջանքերի շնորհիվ Կ. Պոլսում ի հայտ են եկել ոչ թե նոր անուններ, այլ գրական նոր շարժում:

Երկրորդ աշխարհամարտի ավարտին (1945) վերստեղծված սանուց միությունների, իսկ 1950-ական թթ. կեսից «Մարմարա» օրաթերթի շուրջ համախմբվեցին հին և նոր սերնդի գրողները, մասնավորապես Հակոբ Մնձուրին, որը երկար լռությունից հետո հրապարակեց «Կապույտ լույս», «Արմտան», «Կռունկ, ո՞ւստի կուգաս» պատմվածքների ժողովածուները: Ազգային բովանդակությամբ ու ոգով են ստեղծագործել ու ստեղծագործում բանաստեղծներ Կարպիս Ճանճիկյանը, Զահրատը, Զարեհ Խրախունին (Արտո Ճյումպուշյան), Վարդ Շիկահերը, Իգնա Սարըասլանը, արձակագիրներ Զավեն Պիպեռյանը, Ռոպեր Հատտեճյանը, Երվանդ Կոպելյանը, Անդան էոզերը, Մկրտիչ Մարկոսյանը, թատերագիր Արման Վարդանյանը:

1960-ին Զահրատի գրական մուտքը «Մեծ քաղաքը» ժողովածուն էր: «Բարի երկինք», «Կանաչ հող», «Մեկ քարով երկու գարուն», «Մաղ մը ջուր» ևն ստեղծագործություններում հաստատագրվել են էպիկական երգչի հիմնարար հատկանիշները՝ անմիջականություն, երգիծանք, կարեկցանք, տխուր ժպիտ: Զարեհ Խրախունին նույնպես էպիկական երգիչ է, բայց արդեն՝ մտածող, փիլիսոփա: Նրա ստեղծագործությունների («Քար կաթիլներ», «Ես և ուրիշներ», «Քար Հայաստանի», «Տոնակարգ», «Ստվեր և արձագանք», «Ուղիներ», «Ազատերգություն», «Շեղբի վրա ճարտարախաղ», «Արի արքայն», «Դարապատում» ևն) գեղարվեստական նպատակը պատմության, ճշմարտության, ազատության փիլիսոփայության բացահայտումն է, համամարդկային բարոյական չափանիշները:

Նուրբ քնարական երգերով հանդես են գալիս Իգնա Սարըասլանը («Լօ», «Քառասմբակ սերերով», «Սիրո գույնը»), Վարդ Շիկահերը («Լուսայգ», «Չորս տող միայն» ևն), որոնք երգում են բնությունը, ներդաշնակությունը:

Պոլսահայ արձակում իրենց ուրույն տեղն ունեն Զավեն Պիպեռյանի «Լկրտածը», «Մրջյունների վերջալույսը» վեպերը, Վարդան Կոմիկյանի «Բարի եկար, սեր», «Համրիչի հատիկներ», Երվանդ Կոպելյանի «Երազ չունեցող մարդիկ», «Հողով մկրտվածները» պատմվածքների ժողովածուները:

Իր հերոսների արարքները հոգեբանական խոր վերլուծության է ենթարկում արձակագիր և թատերագիր Ռոպեր Հատտեճյանը ինչպես պատմվածքների երկու գրքերում, այնպես էլ «Առաստաղը» երկհատոր վեպում: Թատերական նրա գործերից են «Կյանքի մը երեք կիրակիները», «Մահը ա՞յս է արդյոք» երկերը:

Անդան Էոզերի պատմվածքներն ավելի հոգեբանական պատկերի են նմանվում: Նրա ժողովածուներում («Ծածուկ իրականություններ», «Եվ...») ծիծաղը մնում է ներողամտության կամ բարության սահմանում:

Մկրտիչ Մարկոսյանը, շարունակելով գյուղագրության մեջ Հակոբ Մնձուրու ավանդույթները, ոգեկոչում է հայրենի Տիգրանակերտը («Մեր այդ կողմերը», «Տիգրիսի ափերին»):

Փիլիսոփայելու հակվածությամբ են առանձնանում թատերագիր Արման Վարդանյանի ստեղծագործությունների («Թոխորը», «Ախացելը», «Գանկրուկը», «Սակուռը») հերոսները, որոնք բարձրացնում են թախծի, կորսված մարդկային հավատի, մենության թեմաները:

Թատրոն: Թ-ում հայ թատրոնը սկզբնավորվել է XIX դ. առաջին տասնամյակներում (Կ. Պոլիս, Զմյուռնիա): Ստեղծվել են թատերական կազմակերպություններ՝ Արամյան թատրոնը, Վասպուրական թատրոնը, Արևելյան թատրոնը, որոնք մեծապես նպաստել են պրոֆեսիոնալ թատերարվեստի հետագա զարգացմանը: Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Սրապիոն Հեքիմյանի, Ռոմանոս Սետեֆճյանի, Սարգիս Վանանդեցու ստեղծագործությունները դարձել են գործող թատրոնների խաղացանկերի հիմքը: 1868-ին կազմակերպվել է Վարդովյան թատրոնը, որով դրվել է նաև թուրքական թատրոնի հիմքը: Թատերախմբեր են կազմակերպվել Տրապիզոնում, Զմյուռնիայում (Իզմիր) և այլուր: 1885-ին Կ. Պոլսում Մ. Մնակյանի նախաձեռնությամբ, որպես շարունակություն Արևելյան թատրոնի և Վարդովյան թատրոնի, հիմնվել է Օսմանյան դրամատիկ թատերախումբը (գործել է մինչե 1914-ը): Հայ թատերական կյանքն ընդհատվել է 1915-ին: Հետագայում աստիճանաբար հիմնվել են նոր թատերախմբեր՝ Ֆելեքյան քույրերի, Ա-