Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցումներ (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա», «ՔեոսԵ-Քեհյա», «Զեմիրե», Ա. Տիգրանյանի «Անուշ» ևն), գործել են երաժշտական տարբեր համույթներ (եռյակ, քառյակ, հնգյակ ևն), փողային նվագախմբեր: Կար երաժշտական հրատարակչություն: Պոլսահայ միջավայրում են կազմավորվել և միջազգային ճանաչում են ստացել կոմպոզիտոր Ս. Էլմասը, կոմպոզիտոր և ջութակահար Հ. Կյուտենյանը, կոմպոզիտոր և թավջութակահար Տ. Ալեքսանյանը, կոմպոզիտորներ Շ. և Օ. Պերպերյանները, Ա. Պարթևյանը, ջութակահարներ Մ. Տարենտելյանը, Գավաֆյան քույրերը, թավջութակահար Ն. Ալալեմճյանը, լայն գործունեություն են ծավալել դաշնակահարներ Վ. Սվաճյանը, Ս. Յավրյանը, Ա. Կասեր-Ղազարյանը, Շ. Արծրունին, երգիչ-երգչուհիներ Ա. Սվաճյանը, Ա. Մանուկյանը և ուրիշներ: Կ. Պոլսում գործում են տասնյակ հայկական երգչախմբեր՝ «Կոմիտաս», «Գողթան», «Նարեկացի», «Լուսավորիչ», «Վարդանանց», «Դուրյան», «Ս. Թարգմանչաց», «Սայաթ-Նովա» (մանկական) ևն:

Կիրառական արվեստ: Շատ արհեստներ, որոնք ծաղկել են Թ-ում և արժանի փառք բերել այդ երկրին (արծաթագործություն, խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն ևն), գլխավորապես ստեղծել են հայերը:

Կիրառական արվեստն առավել բարգավաճել է Կ. Պոլսում: Բազմաթիվ հայ ոսկերիչների շարքում հատկապես առանձնանում էին պալատական ոսկերիչներ Տյուզյանները և Հ. Ճիզմեճյանը: Անվանի դաջագործ էր Դ. Սեթյանը, ասեղնագործող վարպետների մեծ համբավ ունեին Գազազյանների ընտանիքի ներկայացուցիչները: Կ.Պոլսի հայկական ասեղնագործությունը աչքի է ընկել իր շքեղությամբ, մետաքսի և ոսկեթելի հարուստ օգտագործմամբ, զանազան կարատեսակների զուգորդումներով: Վարպետ ասեղնագործ Սրբուհի Գալֆայանը մասնակցել է 1868-ի Անտվերպենի (Բելգիա) ցուցահանդեսին և արժանացել առաջին կարգի վկայականի: Աշխարհի լավագույն մե-տաքսե գորգեր են ճանաչված «Գումգափու» գորգերը, որոնք գործել են Կ. Պոլսի Գումգափու հայկական թաղամասում հաստատված հայ արհեստավորները (հիմնականում՝ նախկին կեսարացի և սեբաստացի): «Գումգափուի» մեծագույն վարպետն էր Զարեհ Բենյամինը (Բենյամյան): Զարեհի արհեստանոցում գործված գորգերը (հայտնի են նաև «Զարեհ» անունով) աշխարհում շատ բարձր են գնահատվում մասնագետների կողմից: Հայտնի գորգագործներ են եղել նաև Հակոբ Կապուկճյանը (Յակոբ Գաբուկճեան), Կարապետ Ապելյանը, Ավետիս Թամիշճյանը, Նահապետ Քեշիշյանը, Օննիկ Պետրոսյանը, Մկրտիչ Օհանյանը, Գեղամ Բենյամինը: Նշանավոր կահույքագործ էր Քեմճաճյանը: Սադափե իրերի խոշոր վարպետ էր Կ. Սեթեճյանը, նրա որդին՝ Հ. Սեթեճյանը, սուլթանական կառքերի ձևավորողն էր: Կ. Պոլսի հայկական դեկորատիվ կիրառական արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ պահվում են Կ. Պոլսի, Կոնիայի, Անկարայի, Երուսաղեմի, Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Վենետիկի, Երևանի, Էջմիածնի և այլ քաղաքների թանգարաններում:

Ճարտարապետություն: Կ.Պոլսի ճարտարապետական նկարագրի ձևավորման գործում զգալի ներդրում են ունեցել հայ ճարտարապետները: XVI դ. հռչակված էր Սինանը՝ օսմանյան պետության գլխավոր ճարտարապետը, որը հեղինակ է նշանավոր Սուլեյմանիե մզկիթի (1550-57), ինչպես նաև բազմաթիվ պալատների ու ապարանքների, հասարակական կառույցների: Հետագայում (շուրջ երեք դար) Կ. Պոլսում գործել են Պալյանների ճարտարապետական տոհմի ներկայացուցիչները, որոնց գործունեությունը առանձնապես բեղմնավոր է եղել XIX դ.:

Պալյանների նախագծով Կ. Պոլսում կառուցվել են տարբեր բնույթի բազմաթիվ շենքեր ու կառույցներ՝ Դոլմաբախչեի, Սարայ Բուրնուի, Բեյլերբեյի, Չրաղանի պալատները, Թոփխանեի, Օրթաքյոյի (Միջագյուղի), Մեջիդիեի, Վալիդե, Չրաղանի մզկիթները, Սելիմիեի, Գյումյուշսույուի զորանոցները, սուլթան Մահմուդի դամբարանը, Թոփխանեի ժամացույցի աշտարակը, Գեոք Սուի, Թո-