Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաթի, Չիֆլիկի, Ելդըզի ապարանքները և այլն: Միաժամանակ Պալյանների նախագծերով (ինչպես և նրանց առանձին ներկայացուցիչների նյութական օժանդակությամբ) Կ.Պոլսում և արվարձաններում հայ համայնքի կարիքների համար կառուցվել են տարբեր շենքեր: Կարապետ Պալյանի նախագծով կառուցվել է Եդիկուլեի «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցը (1834, ճարտարապետ Հ. Սերվերյանի հետ, Հ. Պեզճյանի նախաձեռնությամբ), վերաշինվել Սկյուտարի Երուսաղեմատուն վանքը, որտեղ 1838-ին բացվել է բարձրագույն ժառանգավորաց վարժարանը՝ Սկյուտարի (Սեմերճյան) ճեմարանը (երկուսն էլ՝ ճարտարապետ Հ. Սերվերյանի հետ), կառուցվել է Պեշիկթաշի հայկական եկեղեցին (1838), նորոգվել Ս. Հակոբ վանքի եկեղեցին և նրան առընթեր կառուցվել հոգևոր ճեմարան: Պալյանների նախագծած ու կառուցած շենքերի թվին են պատկանում նաև Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը (ճարտարապետ՝ Ս. Պալյան), հայ մեծահարուստների բազմաթիվ մենատներ ևն: Կ. Պոլսում Պալյանների ստեղծած շենքերի ճարտարապետությունը բազմաոճ է: Եթե պալատների, ապարանքների և նույնիսկ մզկիթների ճարտարապետությունը լուծված է Եվրոպայում այն ժամանակ տարածված կլասիցիզմի և բարոկկոյի սկզբունքներով, ապա Պեշիկթաշի հայկական եկեղեցին կառուցվել է հայկական ճարտարապետության ավանդույթներով (նախագծման ընթացքում ճարտարապետ Կ. Պալյանը հատուկ ուղևորվել է Անի՝ ուսումնասիրելու տեղի հուշարձանները):

Դեռևս Բյուզանդական կայսրության օրոք Կ. Պոլսում ապրել ու ստեղծագործել են հայ արվեստագետներ: Հայ նկարիչները որմնազարդել են թուրքական պալատները, ապարանքները, հայկական եկեղեցիներն ու ամիրաների տները: Պահպանվել են Էյուբի Ս. Աստվածածին եկեղեցու «Ավետումը» (XVII դ.), «Աստվածամայրը Հիսուսի և Հովհաննես Մկրտչի հետ» (խաչակալ, XVIII դ. 2-րդ կես), Ս. Հրեշտակապետի եկեղեցու «Ահեղ դատաստանը» (XVIII դ. սկիզբ) և բարձրարվեստ այլ գործեր: Ճարտարապետներ Պալյանները նաև հարդարող նկարիչներ էին, նրանց հետ են աշխատել ճարտարապետներ Հ. Սերվերյանը, Մ. Խալֆան, Զ. Թաշճյանը: Նրանց արվեստը բնորոշվում է զարդանախշերի շքեղությամբ, հախճապակու, ոսկու, գունավոր մարմարների, հայելիների օգտագործմամբ, դռների շքեղ նկարազարդմամբ, վիտրաժների գունագեղությամբ, Արևելքի և ժամանակի ֆրանսիական արվեստի յուրօրինակ զուգորդմամբ: XVII-XX դդ. Մանասե ընտանիքի պալատական նկարիչները ոչ միայն զբաղվում էին շենքերի ներքին հարդարանքով, այլև հաստոցային և մանրանկարչական դիմանկարների հեղինակներ էին:

Կ. Պոլսի մշակութային կյանքում կարևոր նշանակություն է ունեցել հայ քանդակագործ Երկանդ Ոսկանի գործունեությունը, որը իրավամբ համարվում է Թ-ում քանդակագործության արվեստի հիմնադիրը: Նա նկարիչ ու հնագետ Օսման Համդի բեյի հետ հիմնադրել է Կ. Պոլսի հնագիտության թանգարանը, Գեղարվեստի վարժարանը (բացվել է 1883-ին): Վերջինիս սաներն են եղել ճարտարապետ Թորոս Թորամանյանը, նկարիչներ Հովսեփ Փուշմանը, Արշակ Ֆեթվաճյանը, Տիրիթը, Ու. Էքսերճյանը, Գ. Քյուչեօղլյանը, Մ. Ճիվանյանը, Կ. Աղամյանը, Հ. Ալյանաքը, Ե. Նազարյանը, Լ. Քյուրքչյանը, Իհսան Օգսոյը, Ա. Սարգսյանը և ուրիշներ: Կ. Պոլսում ապրել ու ստեղծագործել են նաև Մ. Տիրացույանը, Հ. Ճիվանյանը, Ու. Պեյզատը, Փ. Թերլեմեզյանը, Հ. Փափազյանը և այլ հայ արվեստագետներ: Դեկորատիվ քանդակագործության վարպետներից է Ռ. Պետրոսյանը, քարի և փայտի գեղարվեստական ձևավորման արվեստի առաջատար մասնա-