Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղական կազմակերպությունը (1919-ին): Հաճախ միավորելով իրենց ուժերը՝ հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունները ջանացել են օգնել Արևմտյան Հայաստանի ազատագրությանը զինվորագրված խմբերին: Երբ XX դ. սկզբին Անդրկովկասում տեղի են ունեցել հայ-թաթարական ընդհարումները, Թ-ի հայ մտավորականության ներկայացուցիչները տեղական թերթերում տպագրել են հայ ժողովրդի պատմական անցյալին, Հայկական հարցին, Անդրկովկասում ինքնակալության քաղաքականությանը նվիրված հոդվածներ: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես տեղի հայությունը լայն մասնակցություն է ունեցել Կովկասյան ռազմաճակատ կամավորական խմբեր ուղարկելու և հայ փախստականներին օգնություն ցուցաբերելու գործին: Նույնը արել են 1918-ի գարնանը, երբ թուրք զավթիչները ներխուժել են Հայաստան: 1918-ին Աշխաբադում ստեղծվել է Հայոց ազգային խորհուրդ, որն իր ձեռքում է կենտրոնացրել հայ գաղթականներին օգնելու գործը:

XX դ. սկզբին Աշխաբադում, իսկ այնուհետե նաև Մերվում ստեղծվել են հայ կանանց բարեգործական ընկերություններ, որոնք Միջին Ասիայում կանանց առաջին հասարակական կազմակերպություններն էին: Այդ ընկերությունները զգալի նյութական օգնություն են հատկացրել չքավոր ընտանիքներին, փախստականներին և որբերին, թոշակ տրամադրել ուսումնարանների և գիմնազիաների կարիքավոր սովորողներին ևն: 1915-ի նախօրեին Աշխաբադի հայ կանանց ընկերությունը (հիմնադիր-նախագահ՝ Սոաաննա Մամիկոնյան) պահել է մանկապարտեզ և պրոգիմնազիա, որտեղ սովորել է շուրջ 330 երեխա (160-ը՝ անվճար): Թ-ում, որտեղ մահմեդական կնոջ բացարձակ իրավազրկությունը սովորական երևույթ էր, հայ կանանց ակտիվ դերը հասարակական կյանքում մշակութապատմական մեծ նշանակություն ուներ:

1920-ական թթ. սկզբին տեղի հայերի նախաձեռնությամբ մի շարք քաղաքներում ստեղծվել են «Հայաստանի սովյալների օգնության» կոմիտեներ:

Հայերը մասնակցել են Թ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների աշխատանքներին: Դրանց թվին է պատկանել Անդրկասպյան բարեգործական ընկերությունը, որը հիմնվել է 1900-ին: Ընկերության և նրա վարչության անդամներ են եղել հայ խոշոր առևտրականներ, արդյունաբերողներ, մասնագետներ Ա. Պետրոսովը, Գ. Տեր-Հովսեփյանցը, Ն. Արզումանովը, Ն. Տեր-Միկիրտիչևը:

1909-ին Կրասնովոդսկում հիմնվել է Միջնակարգ կրթության տարածման ընկերությունը, որի հիմնադիրներից էին Դ. Միսկարյանցը, Ա. Նարինյանցը: Ղզըլ Արվադի Կրթության ընկերության (հիմնվել է 1915-ին) խորհրդի կազմում էին Ա. Ավետիսովը, Մ. Մարտիրոսյանցը և ուրիշներ: Հասարակական այդ կազմակերպությունները գործել են մինչև 1920-ական թթ. սկիզբը, փակվել են խորհրդային իշխանության հաստատումից հետո:

1921-ի ամռանը Հայաստանի խորհրդային կառավարությունը Թ-ում (և Անդրկովկասյան երկրամասում) հավատարմագրել է իր լիազոր հյուպատոսին: Հյուպատոսի առաջարկությամբ և տեղի հայերի աջակցությամբ կազմակերպվել են Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) տեղական բաժանմունքները: ՀՕԿ-ի հետ մեկտեղ ստեղծվել են Աջակցության հայկական կոմիտեներ, որոնք զբաղվել են Հայաստանին, գաղթականներին և վերաբնակներին օգնություն կազմակերպելով, լուսավորչական աշխատանք կատարել կանանց և երիտասարդության շրջանում, օգնել հայկական դպրոցներին մեթոդական և նյութական միջոցներով, հիմնել բանվորական ակումբներ և արհմիություններ: 1930-ական թթ. վերջին հիշյալ կազմակերպությունները դադարել են գործելուց:

Ներկայումս (2003) Թ-ում գրանցված չէ հայկական որևէ կազմակերպություն. օրենքով հանրապետության ազգային փոքրամասնություններին չի թույլատրվում ազգային ընկերություններ և միություններ հիմնել:


ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

Թ-ի հայ համայնքը կարևոր ավանդ է ներդրել երկրում գիտության և մշակույթի զարգացման գործում: Հայտնի երկրաբան Գրիգոր Գաբրիելյանցը մասնակցել է հանրապետության նավթային պաշարների հայտնաբերման աշխատանքներին, գրել է գիտական աշխատություններ նավթի ու գազի երկրաբանության վերաբերյալ: Գեորգի Բաղդասարովը հորատման տեխնիկայի ճանաչված մասնագետ էր, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր:

Ճարտարագետ Գարեգին Տութելյանը ԽՍՀՄ պետական մրցանակ է ստացել գազի պաշարների հետազոտման և շահագործման նոր եղանակների ստեղծման համար: Շահեն Մելիք-Թանգիևը հայտնի մաթեմատիկոս էր, դասավանդել է Թ-ի բուհերում: Հանրապետության գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Սերգեյ Աղաջանովը Թ-ի միջնադարյան պատմության մասնագետ է, մի շարք աշխատությունների