Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վածքի բռնագրավման մասին ցարական օրենքի դեմ, Առաջին աշխարհամարտի տարիներին նպաստել է հայ կամավորական խմբերի ստեղծմանը, հետագա տարիներին (մինչե Թ-ում խորհրդային իշխանության հաստատումը) օգնություն է կազմակերպել հայ գաղթականներին:

XIX դ. 80-ական թթ-ից մինչե XX դ. 30-ական թթ. Թ-ում ծառայած հայ հոգևորականներից մեծ հեղինակություն են վայելել քահանաներ Խաչատուր Պապյանցը, Շմավոն Աղբալյանցը, Թադեոս Ատովմյանցը (Աշխաբադի եկեղեցի), Արշակ Տեր-Ոսկանյանցը, Գրիգոր Հովսեփյանցը (Մերվի եկեղեցի), Արշավիր Վարդանյանցը (Կրասնովոդսկի եկեղեցի) և ուրիշներ:

Սկզբնական շրջանում Թ-ի, ինչպես և ամբողջ Միջին Ասիայի հայկական եկեղեցիները պատկանել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շամախու թեմին: 1892-ին ռուսական իշխանությունների պահանջով Թուրքեստանի հայկական եկեղեցիները հանձնվել են Աստրախանի թեմին, ավելի ուշ՝ Բաքվի և Թուրքեստանի թեմին: Թ-ում խորհրդային իշխանության հաստատումից հետո (1930-ական թթ. սկզբից) փակվել են հանրապետության բոլոր հայկական եկեղեցիները, մի քանիսը քանդվել, մնացածները վերակառուցվել են՝ այլ նպատակներով օգտագործելու համար: Հալածանքների է ենթարկվել հայ հոգևորականությունը: Եկեղեցիների փակումը բացասական հետևանքներ է ունեցել Թ-ի հայերի համար, քանի որ եկեղեցին համայնքի համախմբման, ազգային կյանքի կազմակերպման կարևորագույն գործոնն էր:

Թ-ի հայերը բազմիցս բարձրացրել են հայկական եկեղեցիները վերականգնելու հարցը (1945, 1950-ական թթ. կես), որը, սակայն, դրական լուծում չի ստացել: 1990-ական թթ. վերջին հայկական շրջանակները վերստին աշխատանք են ծավալել Թ-ում հայկական կրոնական համայնք ստեղծելու համար: Մասնավորապես, հարց է դրվել Թարքմենբաշիում պահպանված հայկական եկեղեցին համայնքին վերադարձնելու, ինչպես նաև Աշխաբադում հայկական եկեղեցի կառուցելու վերաբերյալ:


ԴՊՐՈՑ

Թ-ի հայկական առաջին դպրոցը բացվել է 1890-ին՝ Աշխաբադի հայկական եկեղեցուն կից: Այդ ծխական ուսումնարանում 1892-ին սովորել է 60, իսկ 1910-ին՝ 220 աշակերտ: Մերվի եկեղեցու ծխական ուսումնարանը 1910-ին ունեցել է շուրջ 120 աշակերտ և 5 ուսուցիչ: Հայկական ծխական ուսումնարան է գործել Կրասնովոդսկի հայկական եկեղեցուն կից (հիմնվել է 1905-ին): 1910-ին այդտեղ սովորել է 93 աշակերտ, աշխատել է 4 ուսուցիչ: Հայկական դպրոցների ուսուցիչներից ճանաչված էին Ս. Սարկիսովը, Գ. Ատովմյանցը, Մ. Խաչատուրովը, Ե. Ադամովան, Լ. Մկրտչյանը և ուրիշներ: Նրանցից շատերը կրթություն են ստացել Ռուսաստանի, Անդրկովկասի, Գերմանիայի ուսումնական հաստատություններում:

Մեծ թվով հայ երեխաներ սովորել են Թ-ի ռուսական դպրոցներում: Որպես կանոն՝ այդ դպրոցների հայ աշակերտներն իրենց թվակազմով զիջել են միայն ռուսներին:

Թ-ի հայկական դպրոցները պահվել են Հայ եկեղեցու, տարբեր բարեգործական, լուսավորական ընկերությունների, առանձին հայ մեծահարուստների նվիրատվություններով: Թ-ում խորհրդային իշխանության հաստատումից հետո (1920-ական թթ. սկզբին) հայկական դպրոցները հանձնվել են հանրապետության լուսավորության ժողկոմատին, որը խիստ կրճատել է դրանց հատկացվող ֆինանսական միջոցները: 1930-ական թթ. Թ-ի հայկական բոլոր դպրոցները փակվել են:

1990-ական թթ-ից սկսած՝ Թ-ի հայերը ձեռնամուխ են եղել ազգային դպրոցների կազմակերպմանը: Ներկայումս հայկական կիրակնօրյա դպրոցներ են գործում Աշխաբադում և Թուրքմենբաշիում. դասավանդվում են հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն: 1997-98 ուսումնական տարում Աշխաբադի հայկական դպրոցում սովորել է 70 աշակերտ:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Թ-ի հայ համայնքում XX դ. սկզբին քաղաքական-հեղափոխական աշխատանք են ծավալել Անդրկովկասից եկած Հնչակյան, ՀՀԴ կուսակցությունների անդամները, հայ սոցիալ-դեմոկրատները: Աշխաբադում գործող հնչակյանները սերտորեն կապված էին Բաքվում գտնվող Հնչակյան կուսակցության ղեկավարների, հատկապես Փարամազի հետ: Աշխաբադում գործել է նաև էսէռների կազմակերպությունը՝ Աբրահամ Իշխանովի (Իշխանյանի) գլխավորությամբ, ինչպես նաև Հայ ժողովրդական կուսակցության տե-