ԻՍՊԱՆԻԱ
Իսպանիայի Թագավորություն, պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում: Տարածքը՝ 506 հզ. կմ2: Բնակչությունը՝ 39,5 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Մադրիդ (3,2 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 5 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին:
Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից: Սակայն դրանք գործուն են դարձել միայն միջին դարերում՝ խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ բազմաթիվ իսպանացի խաչակիրներ եկել են Կիլիկյան Հայաստան, հաղորդակցվել հայերի հետ, օգտվել նրանց աջակցությունից: XIII դարից սկսած՝ իսպանական նավերը խարիսխ են գցել Կիլիկիայի նավահանգիստներում: 1239-ին Արագոնի թագավորը դիմել է Կիլիկիայի հայոց թագավորին՝ խնդրելով՝ իսպանացիներին Կիլիկիայում շնորհել այն արտոնությունները, որ ունեցել են ջենովացիները և վենետիկցիները: Կիլիկիայի թագավոր Օշինի օրոք փորձեր են արվել քաղաքական հարաբերություններ հաստատել Ի-ի հետ: Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն Զ Լուսինյանին եգիպտական գերությունից ազատելու գործում մեծ ջանքեր են թափել Կաստիլիայի և Բարսելոնի ղեկավարները: 1383-ին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյարելե և Անդուխար քաղաքների հետ) պարգևել է Լևոն Զ Լուսինյանին՝ ցկյանս տնօրինելու իրավունքով: XV-XVI դդ. հայտնի են հայ դիվանագետների առաքելությունները Ի-ում:
XVII-XVIII դդ. հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Ի-ի առևտրական կենտրոններ (Կադիս, Սևիլիա, Բարսելոն, Մադրիդ): Տարբեր ժամանակներ Ի. այցելած հայ ճանապարհորդները տեղեկություններ են թողել այդ երկրի մասին: Իսպանական դեսպանատներում թարգմանչի պաշտոններ են վարել իսպաներենին և արևելյան լեզուներին տիրապետող հայեր: Սակայն Ի-ում հավաքական հայ համայնք չի կազմակերպվել: Ենթադրվում է, որ XVIII դ. փոքրաթիվ հայ գաղութ է եղել Կադիսում, ուր այցելել են հայ հոգևորականներ՝ հավանաբար գաղութը հովվելու նպատակով: Հայկական փոքրաթիվ գաղութ է հիմնվել Մադրիդում Առաջին աշխարհամարտի տարիներին:
Ներկայումս (2003) Ի-ում, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է մոտ 5 հզ. հայ: Հիմնականում Հայաստանից արտագաղթածներ են՝ կենտրոնացած Մադրիդ, Բարսելոն և Սևիլիա քաղաքներում: Ի-ի քաղաքացիություն չունենալով՝ նրանք ընդգրկված են մանր առևտրի և սպասարկման ոլորտների ժամանակավոր աշխատանքների մեջ: Ազգային կյանքը կազմակերպված չէ. համայնքային որևէ կազմակերպություն դեռևս չի ստեղծվել: