կրոն: Սասանյան արքաները ձգտել են ոչ միայն տապալել հայ Արշակունիներին, այլև Հայաստանում հաստատել զրադաշտականություն: Այդ քաղաքականությունն առանձնակի եռանդով է իրականացրել Շապուհ II-ը (309-379), որի օրոք էլ իրականացվել է հայերի մեծագույն բռնագադթերից մեկը: IV դ. 60-ական թթ. Շապուհը ներխուժել է Հայաստան, ավերել Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Դվինը, Զարեհավանը, Զարիշատը, Նախճավանը (Նախիջեան), Տիգրանակերտը, Վանը, գերեվարել բազմահազար հայերի, որոնք հիմնականում տեղավորվել են Ասորեստանում (ժամանակակից Բաղդադի և Մոսուլի շրջաններում) և Խուզեստանում: Պարսկա-բյուզանդական տիրապետության շրջանում (428-640) պարսիկներն ու բյուզանդացիները պարբերաբար ասպատակել են Հայաստանը, ինչի հետևանքով մեծ թվով հայեր են բռնագաղթեցվել այդ երկրներ:
Ի-ում հայկական նոր գաղութներ առաջացել են XI դարից սկսած, ինչն արդյունք էր սելջուկյան թուրքերի, իսկ ավելի ուշ՝ նաև մոնղոլների իրականացրած բռնագաղթի և գերեվարության: Սելջուկներն առաջին խոշոր գերեվարությունը Հայաստանից Ի. կատարել են 1048-ին, երբ Վասպուրականով մտել են Հայաստան և 24 գավառ ավերել: Հետագա տարիներին ասպատակվել են Արծնը, Մանազկերտը, Կարինը, Կարսը և այլ վաճառաշահ քաղաքներ: Այս ժամանակաշրջանում Ի. գերեվարված հայերի թիվը հասել է հարյուրհազարների: Նրանց մի մասը ոչնչացել է գաղթի ճանապարհին, մյուս մասը վաճառվել ստրկության, մնացածները՝ մասնավորապես արհեստավորներն ու վաճառականները, տեղավորվել քաղաքներում:
XI-XII դդ. իրանահայ գաղութները գերազանցապես կենտրոնացած են եղել հյուսիսում՝ Պարսկահայքում և Ատրպաաականում: Այդ է վկայում Հեր-Զարեանդի և Սալմաստի եպիսկոպոսական թեմերի գոյությունը, որոնց առաջնորդները մասնակցել Են 1179-ի Հռոմկլայի եկեղեցական ժողովին: Մեծ թվով հայեր Են ապրել նաև երկրի կենտրոնական շրջաններում [Սպահան, Ռեյ (այժմ՝ Թեհրան) ևն]:
Մոնղոլական տիրապետության շրջանում (1220-1385) իրանահայ գաղութներն ավելի են ստվարացել և ամրապնդվել՝ ի հաշիվ Հայաստանից տեղափոխվածների: Առանձնապես մեծ թվով գերիներ են բերվել Ի. 1236-37 և 1240-ին: Մոնղոլական տիրապետության շրջանում հայ բնակչությունն Ի. է տեղափոխվել նաև կամովին: Արտագաղթի պատճառը ոչ միայն հայրենիքում ստեղծված տնտեսական ու քաղաքական ծանր վիճակն էր, այլև XIII դ. առետրական տարանցիկ ճանապարհների տեղափոխումը հարավից հյուսիս: Արևելքն Արևմուտքին կապող առևտրական մայրուղին անցնում էր Թավրիզ-Տրապիզոն ճանապարհով, որի ամբողջ երկարությամբ սկսել են հաստատվել հայ արհեստավորներ և վաճառականներ: Բազմաթիվ օտար ճանապարհորդների նոթեր, ինչպես նաև մշակույթի հուշարձաններ վկայում են, որ XIII-XIV դդ. հայահոծ գաղթավայրեր են եղել Թավրիզում, Սուլթանիեում, Մարանղուն, Խոյում, Սալմաստում, Մարաղայում, Ռեշտում և այլուր: Աշխարհագրական մերձավորությունը հայրենիքին, հայերի մշտական ներհոսքը այս շրջաններ պայմաններ են ստեղծել տեղի հայ բնակչության ազգային նկարագրի պահպանման համար: Մինչդեռ Ի-ի հյուսիս-արևելքում և հարավային շրջաններում կազմավորված հայկական համայնքները, կղզիացած լինելով և մշտապես կրելով օտարազգի ու այլակրոն հարևանների ազդեցությունը, աստիճանաբար ձուլվել են:
XIII-XIV դդ. իրանահայ գաղութները գոյատևել են համեմատաբար կայուն և բարվոք պայմաններում: XIV դ. վերջից՝ Լենկթեմուրի և նրա հաջորդների օրոք, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ի-ի հայ գաղթավայրերը ենթարկվել Են ավերիչ ասպատակությունների: Հայաստանից, Վրաստանից և Ի-ի հյուսիս-արևմտյան շրջաններից Խորասան քշված գերիների մեջ զգալի թիվ են կազմել նաև հայերը, որոնք օտար միջավայրում աստիճանաբար ձուլվել են: XVI դ. սկզբից Հայաստանը և Ի-ի հյուսիսարևմայան հայահոծ շրջանները դարձել են իրանա-թուրքական պատերազմների թատերաբեմ, հայ բնակչությունը կրկին բռնագաղթի է ենթարկվել: XVI դ. 2-րդ կեսին Թահմազ շահն ավերել ու ամայացրել է Վանի, Արճեշի, Արծկեի, Խլաթի, Մուշի, Բասենի, Խնուսի, Էրզրումի շրջանները, գերեվարել և Ի. քշել հազարավոր հայ ընտանիքներ:
Սակայն իր չափերով և հետևանքներով աննախադեպ էր հատկապես շահ Աբբաս I-ի (1587-1629) կազմա-