Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(բժիշկ, իրավաբան, ուսուցիչ, ճարտարագետ) և արվեստի հայ գործիչների (նկարիչ, դերասան, ռեժիսոր ևն) տեսակարար կշիռը, որոնց զգալի մասը բարձրագույն կրթություն էր ստացել Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

Իրանահայերն անժխտելի դեր են խաղացել նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ի-ի նոր պատմության նշանավոր դեմքերից է քաղաքական գործիչ Միրզա Մելքում (Մելքոմ) խանը (Հովսեփ Մելքումյան), Արտաքին գործերի նախարարաթյունում կարևոր պաշտոններ են զբաղեցրել Հովհաննես խան Մասեհյանը, Սեթ խան Աստվածատուրը, Ենիկոլոփյանները, Հովհաննես խան Ագլալյանը, Դավիթ խան Դավթյանը և ուրիշներ:

Իրանահայությունն ակտիվորեն մասնակցել է XX դ. սկզբին երկրում ծավալված սահմանադրական շարժմանը: 1905-11-ի իրանական հեղափոխության հայտնի գործիչներից էր Եփրեմ խան Դավթյանը:

XX դ. սկզբին ընդունված սահմանադրության համաձայն՝ հայերն իրավունք ունեն ներկայացուցիչներ ունենալ իրանական խորհրդարանում (մեջլիս):

Ներկայումս (2003) Իրանի իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորն է դոկտոր Լևոն Դավթյանը, հարավային իրանահայության պատգամավորը՝ ժորժիկ Աբրահամյանը:

XIX դ. վերջից Ի-ում իրենց գործունեությունն են ծավալել հայ քաղաքական կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: ՀՀԴ-ն ակտիվ գործունեություն է ծավալել երկրի հյուսիսարևմտյան շրջաններում, որոնք հայ հայդուկային շարժման կարևոր հենակետեր էին: Այստեղ են նախապատրաստվել և իրականացվել հարձակումներից շատերը, այստեղով են Արևմտյան Հայաստան տեղափոխվել հեղափոխական խմբեր, գրականություն և զենք: 1905-ին Կովկասից Եկած հայ սոցիալ-դեմոկրատների ջանքերով Թավրիզում ստեղծվել է Սոցիալ-դեմոկրատական կազմակերպություն: Ի-ի կոմկուսի հիմնադիրներից է տնտեսագետ, պատմաբան Ավետիս Միքայելյանը (Սուլթանզադե): Իրանահայերն ակտիվորեն մասնակցել են նաև Ի-ի ժողովրդական կուսակցության (Թուդե) հիմնադրմանը (Արտաշես Հովհաննիսյան և ուրիշներ):

1980-ին սկսված իրանա-իրաքյան հակամարտության առաջին իսկ օրերին Ի-ի բոլոր հայաշատ վայրերում ստեղծվել են պատերազմին օգնող կոմիտեներ, կազմակերպվել բուժօգնության դասընթացներ: 1980-ի հոկտեմբերին շուրջ 400 հայ կամավորներ ուղարկվել են զորանոցներ, նրանց մեծ մասը մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի ընթացքում հարյուրավոր հայ մասնագետներ աշխատել են գործող բանակում: Շոշափելի գումար է կազմել պատերազմի կարիքների համար հայ համայնքի տրամադրած նյութական օգնությունը: Պատերազմում զոհված հայերի թիվն անցնում է 80-ից:

1980-ական թթ. ավելի քան 10 հզ. հայ մասնագետներ են աշխատել Ի-ի տնտեսության տարբեր բնագավառներում: Հայ երիտասարդությանը տարբեր մասնագիտություններ սովորեցնելու նպատակով համայնքում ստեղծվել են համապատասխան արհեստանոցներ, որոնք կարճ ժամանակում մեծ ճանաչում են գտել երկրում: Դասընթացներն անվճար էին, տարբեր արհեստանոցներում աշխատող աշակերտները վարձատրվել են և ապահովագրվել: Ի-ում շուրջ 10 հայկական ընկերություններ զբաղվել են կոմբայնի զետեղարանի արտադրությամբ: Հայտնի են «Հայ գրուփ», «Վանիկ բունկեր», «Թիոն տանկեր» հաստատությունները: Իրանահայ մանր ձեռնարկությունների գործունեությունը համադրում է «Իրանի հայ արհեստավորների հավաքականություն» ընկերությունը, որը ղեկավարում է հայտնի ձեռնարկատեր և ազգային բարերար Լևոն Ահարոնյանը: 1998-ին նշված ընկերության ջանքերով Թեհրանում կազմակերպվել է իրանահայ արհեստավորների արտադրանքի 4-րդ ցուցահանդեսը, որը տարեցտարի մեծ կարևորություն և ծավալ է ստանում:

XX դ. իրանահայության թիվն ու տեղաբաշխումը նկատելի փոփոխություններ են կրել: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը իրանահայության թիվը դանդաղ է աճել: 1940-ական թթ. կեսին Ի-ում բնակվել է մոտ 110 հզ. հայ: 1946-ին սկսված հայրենադարձության հետևանքով ավելի քան 20 հզ. հայ ներգաղթել է Հայաստան: 1950-ական թթ. կեսին իրանահայության թիվը հասել է 115 հզ-ի, 1979-ի հեղափոխության նախօրյակին՝ անցել է 200 հզ-ից: Համայնքի ստվարացումը պայմանավորված էր իրանահայության բնական աճով և Մերձավոր Արևելքի երկրներից հայերի ներգաղթով: Սակայն իսլամական հեղափոխության և իրանա-իրաքյան պատերազմից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտհսական և քաղաքական ծանր վիճակի հետևանքով իրանա-