Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րերից շուրջ 700 ընտանիք է տեղափոխվել Արևելյան Հայաստան՝ հաստատվելով Ղարաբաղում (հիմնել են Մարաղա բնակավայրը, այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում), Երևանում, Նախիջևանում, Վայոց ձորում ևն: XX դ. սկզբին Մարաղան ուներ 838, իսկ 1928-ին՝ 1204 հայ բնակիչ: Գործել են եկեղեցի (Ս. Հովհաննես), դպրոց (Հակոբ-Խալաֆյան, ընդհատումներով գործել է 1899-1978-ին): 1946-ի ներգաղթից հետո, երբ Հայաստան է տեղափոխվել Մարաղայի հայերի հիմնական մասը, համայնքն աստիճանաբար մարել է: 1964-ին այստեղ բնակվել է 77, իսկ 1969-ին՝ միայն 20 հայ ընտանիք: Վերջին հայ բնակիչները Մարաղայից հեռացել են 1970-ական թթ. վերջին:

Նոր Ջուղա հայկական ավանը հիմնադրել են շահ Աբբաս I-ի կողմից տեղահանված և Ի-ի Սպահանի նահանգ քշված Ջուղայի հայերը ХVII դ. սկզբին, Զայանդերուդ գետի աջ ափին՝ Սպահան քաղաքի մոտ: Նպատակ ունենալով հայ վաճառականների միջոցով ընդլայնել Ի-ի առևտրական և քաղաքական կապերն օտարերկրյա պետությունների հետ՝ Աբբաս I-ը Նոր Ջուղային շնորհել է արտոնություններ («Արքունի Խասսերին» վերապահվող իրավունքներ): Բնակավայրն ունեցել է ինքնավարություն, որն իրականացրել է քալանթարը (քաղաքագլուխ), դատական գործերը վարել է քեդխուդան (քալանթարի տեղակալը): Կարճ ժամանակում Նոր Ջուղան բարգավաճել է, արդեն 1620-ական թթ. ունեցել է ավելի քան 30 հզ. բնակիչ, դարձել երկրի առևտրական կապիտալի կենտրոն: Նորջուղայեցի հայ վաճառականները հանդես են եկել որպես Արևելքի և Արևմուտքի միջև միջազգային առևտրի միջնորդներ: 1617-ին Աբրաս I-ը չեղյալ է համարել Անգլիայի հետ կնքված առևտրական պայմանագիրը, Նոր Ջուղայի հայ վաճառականներին հանձնել իրանական հում մետաքսի արտահանման մենաշնորհը: XVII դ. կեսին տեղի հայ վաճառականները ստեղծել են «Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերությունը»: Տնտեսական գործունեությանը զուգընթաց, նրանք հաճախ կատարել են նաև դիվանագիտական հանձնարարություններ:

Համայնքը միատարր չէր. զգալի թիվ են կազմել միջին և չքավոր խավերը, որոնք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ (նշանավոր են եղել ոսկերիչները, գորգագործները, կերպասագործները, ներկարարները ևն): Նոր Ջուղայի հայ արհեստավորների սոցիալական բողոքի դրսևորումներից էր 1630-40-ական թթ. դերձակ Թումիկի և Սև Պետրոսի գլխավորությամբ ծագած աղանդավորական շարժումը: 1670-1680-ական թթ. գաղութն աստիճանաբար անկում է ապրել Ի-ի տնտեսական ճգնաժամի, ազգային, կրոնական հալածանքների պատճառով: 1722-ի աֆղանների արշավանքի ժամանակ Նոր Ջուղան ավերվել է, հայերը գաղթել են Հնդկաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Հոլանդիա, Ռուսաստան և այլուր:

XVII-XVIII դդ. Նոր Ջուղան եղել է հայկական մշակույթի կարևոր կենտրոն: 1630-ական թթ. Խաչատուր Կեսարացին հիմնել է դպրոց, որը ժամանակակիցները կոչել են «համալսարան»: 1638-ին հիմնադրել է տպարան: Նշանակալի դեր է խաղացել նաև Ս. Ամենափրկիչ վանքի դպրոցը, որտեղ աշակերտներին սովորեցրել են եվրոպական լեզուներ և «վաճառականության արվեստ»: Վանքին կից բացվել է մատենադարան, որտեղ հավաքվել են բազմաթիվ հայերեն ձեռագրեր: Զարգացում են ապրել որմնանկարչությունը, գեղանկարչությունը, մանրանկարչությունը, ճարտարապետությունը, աշուղական պոեզիան:

Նոր Ջուղան եղել է իրանաբնակ (բացառությամբ Ատրպատականի), իսկ հետագայում նաև հնդկաստանաբնակ հայերի հոգևոր կենտրոն: XIX-XX դդ. մնացել է որպես թեմական և մշակութային կենտրոն:

XIX դ. 30-ական թթ. Նոր Ջուղայում բնակվել է շուրջ 4 հզ. հայ: 1858-ին հիմնվել է Օրիորդաց դպրոցը, 1880-ին մի շարք դպրոցներ միավորվել և կազմել են Ազգային կենտրոնական դպրոց: XX դ. սկզբին բացվել է Գևորգ Քանանյան իգական դպրոցը: 1905-11-ի իրանական հեղափոխությունից հետո աշխուժացել