ՄՇԱԿՈՒՅԹ
Լեհահայության ստեղծած մշակութային արժեքները կարևոր դեր են խաղացել Լ-ի հայ գաղութի ազգային հիմքերն ամրապնդելու գործում, հարստացրել հայկական մշակույթը: Միևնույն ժամանակ լեհահայերը զգալի ավանդ են ներդրել նաև լեհ մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում:
Գրականություն: Լեհահայ գաղութներում կրոնաեկեղեցական ու գիտական գրականությանը զուգահեռ զարգացում է ապրել աշխարհիկ գրականությունը, հատկապես ավանդութային պատմական ժանրը, պոեզիան, թարգմանական գրականությունը, ինչպես նաև ուղեգրական, հուշագրական ու օրագրական ժանրերը: Լեհահայերի բազմաժանր հարուստ գրականությունը զարգացել է երկու ուղղությամբ՝ ազգային ավանդապահությամբ և լեհական գրականությանը միաձուլվելու միտումներով: Այդ գրականության առանձնահատկություններից մեկն այն է, որ ստեղծվել է չորս լեզվով: Լեհահայերը մայրենի լեզուն գրականության մեջ գործածել են մինչև XVIII դ. ներառյալ, լատիներենը՝ XV դարից սկսած, լեհերենը՝ Վերածննդի ծաղկման շրջանից, հայատառ ղփչաղերենը՝ XVI դ. վերջերից մինչև XVII դ. կեսը:
Լեհահայերը ժամանակագրություններ ստեղծել են գաղութի կազմավորման ժամանակաշրջանից, բայց առաջինը պահպանվել է XV դարից և այն էլ շնորհիվ կամենեցահայ ժամանակագիր Տեր Հովհաննես Ավագերեցի (1526-1610): Նրա ժամանակագրությունը, ընդգրկելով 1560-1610-ի Լ-ի, Արևելյան Եվրոպայի և լեհահայ գաղութի իրադարձությունները, ներառել է նաև XV դ. այդ (անհայտ հեղինակի) ժամանակագրության պատառիկները: Տեր Հովհաննեսի գրառումները շարունակել են նրա թոռները՝ ավագերեցներ Տեր Հակոբը, ապա՝ Տեր Օքսենտը և մի քանի այլ կամենեցացի ժամանակագիրներ, որոնք ժամանակագրությունը հասցրել են մինչև 1632-ը:
XVII դ. լեհահայ կուսակրոն քահանա Հովհաննես Կամենեցացու գրչին է պատկանում «Պատմութիւն պատերազմին Խոթինու» պատմագրությունը, որը պատմական ու գրական մեծ արժեք ունի:
Տարեգիր և ուղեգիր Սիմեոն Լեհացու (1584-1635) «Տարեգրութիւնը» կարևոր տեղեկություններ է հաղորդում լվովահայ գաղութի մասին:
Լվովի առաջին պատմիչն է համարվում լեհահայ, Լվովի քաղաքապետ Բարթլոմեյ Յուզեֆ Զիմորովիչը (1597-1677), որի «Եռյակ Լվով» լատիներենով գրված (լեհերեն թարգմանությունը հրատարակվել է 1835-ին) ծավալուն աշխատությունը պատմական մեծ արժեք է ներկայացնում նաև լեհահայ գաղութի պատմության էջերի լուսաբանմամբ:
Լեհահայ անվանի (լատինագիր) պատմիչ է նաև փիլիսոփայության դոկտոր, Կրակովի Յագելլոնյան համալսարանի պրոֆեսոր Յան Տոմաշ Յուզեֆովիչը (1662-1728): Լատիներենով գրված նրա «Լվով քաղաքի քրոնիկոն»-ը (լեհերեն թարգմանությունը հրատարակվել է 1854-ին), լուսաբանելով Գալիցիայի ու Լ-ի պատմաքաղաքական, կրոնահասարակական կյանքը, ներկայացնում է նաև 1614-34-ին լեհահայ գաղութի խառնակ ժամանակաշրջանը (լեհերեն թարգմանության մեջ ներառված չէ):
XVII դարից սկսած՝ լեհահայերը ստեղծագործել են Եվրոպայում ու Լ-ում տարածում գտած հուշագրական, օրագրական և ուղեգրական ժանրերով: Յան Տոմաշ Յուզեֆովիչի (լատիներեն), Ստեֆան Ագոպսոյի, Ռոմուալդ Բոգդանովիչի (լեհերեն), Տեր Յակուբ Բաղտասարյանի (հայերեն) օրագրություններն ու հուշագրությունները, Սիմեոն Լեհացու (հայերեն), Ռոմաշկևիչի և Սեֆեր Մուրատովիչի (լեհերեն) ուղեգրությունները, արտացոլելով ժամանակի իրադարձությունները, կենցաղն ու բարքերը, կրում են հեղինակների անհատականության, աշխարհընկալման ու մտահայեց արյան կնիքը:
XVI-XVII դդ. լեհահայ գրականության, մասնավորապես պոեզիայի ազգային դեմքը ներկայացնում էին ոչ թե լեհագիր ու լատինագիր բանաստեղծները, այլ այդ շրջանում Լ. գաղթած հայերը:
Այդպիսի բանաստեղծներից էր Վերածննդի դարաշրջանի տաղասաց ու մանրանկարիչ Մինաս Թոխաթեցին (1510-1622), որի «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» (1551) ու «Տաղ և գովասանք հերիսի» քերթվածները որպես Վերածննդի աշխարհայեցության արգասիք, նորը հաստատող սկզբի դրսևորումներ էին հայ գրականության մեջ:
1579-83-ին լեհահայ եկեղեցու արքեպիսկոպոս Բարսամուս Բոգդանովիչի (Պարսամ Տրապիզոնցու) կենցաղային-երգիծական և Ղազար Թոխաթեցու (1550-1610) ու Հակոբ Թոխաթեցու (1563-1657) տաղերում արտացոլված են հայրենիքի սերն ու կարոտը, պանդխտության վիշտը:
Լեհահայ գաղթօջախներում օրինաչափ է եղել նաև լատինագիր ու լեհագիր բանաստեղծների ու արձակագիրների ասպարեզ իջնելը, որոնց ստեղծագործությունները մեծ կամ փոքր չափով նպաստել են լեհ գրականության զարգացմանը:
Յան Լազարովիչը (1550-1613)՝ Զիգմունդ Ավգուստի արքունի հրատարակիչ Լազար Անդրյասովիչի որդին, Պադուայի համալսարանն ավարտելով, հորից ժառանգել էր «Լազարյան» հայտնի տպարանն ու դարձել լեհ թագավոր Ստեֆան Բատորու արքունի գրողը, 1590-ից՝ թա-