Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գավորական ու եկեղեցական հրատարակիչը: Հրատարակել է լեհ պատմիչների, քաղաքական ու եկեղեցական գործիչների երկերը, արեմտաեվրոպական գրականությունից կատարած իր իսկ թարգմանությունները: Մեծահամբավ Լազարովիչը, լեհերեն ուղղագրության հեղաշրջման ծրագրի ու դրա իրականացման հեղինակը լինելով, գրել ու հրատարակել է նաև այդ բնագավառին ու հրատարակչական գործին վերաբերող աշխատություններ:

Լեհ գրականության զարգացման գործում հատկապես մեծ է Վերածննդի դարաշրջանի վերջին մեծ բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչի (1558-1629) գրական վաստակը: Ստեղծագործական իր կյանքը նա սկսել է լատիներեն ներբողներով, հիմներով, պոեմներով ու ողբերգություններով, որոնք շատ բարձր են գնահատվում ոչ միայն Լ-ում, այլև Եվրոպայում: Սակայն լեհ գրականության պատմության մեջ Շիմոնովիչը անմահների շարքն է դասվել լեհերենով գրած իր հովվերգություններով, որոնցով և դարձել է Վերածննդի ռեալիզմի արմատավորողը լեհ գրականության մեջ:

Քնարերգու Շիմոն Զիմորովիչը (1608-29) լեհ գրականության մեջ առաջինն է ստեղծել սիրային պոեզիա: Նրա բանաստեղծությունները 1634-ին հրատարակվել են ավագ եղբոր՝ պատմիչ Բարթլոմեյ Զիմորովիչի կողմից (Լ-ում հրատարակված սիրային երգերի առաջին ժողովածուն է): Երիտասարդ հասակում կյանքից հեռացած այդ քնարերգուն իր 69 երգերով դարձել է սիրային պոեզիայի արմատավորողը լեհ գրականության մեջ:

Տոմաշ Նարգիլևիչը, գրական ասպարեզ իջնելով XVII դ. 2-րդ կեսին, լեհ գրականության պատմություն է մտել որպես ազգային նովելի հիմնադիրներից մեկը:

XIX դ. լեհ գրականության զարգացմանը որոշակիորեն նպաստել են ռոմանտիկ բանաստեղծ Կարոլ Բոլոզ դը Անտոնևիչը (1807-52), արևմտաեվրոպական գրականության թարգմանիչ ու երաժիշտ, իրավաբանության պրոֆեսոր Յուզեֆ Դիոնեզի Մինասովիչը (1792-1849), նովելիստ Կայեթան Աբգարովիչը (1856-1909), դրամատուրգ Ադոլֆ Աբրահամովիչը (1849-99), հրապարակախոս ու պատմավիպասան Յան Զախարյասևիչը (1825-1906): Մոր կողմից հայկական ծագում ունեցող բանաստեղծ Յուլիուշ Սլովացկին (1809-49) իր պոեզիայով հարստացրել է ոչ միայն լեհ, այլև համաշխարհային գրականությունը:

Թատրոն: 1666-ին Լվովի հայ հոգևոր կաթոլիկ դպրանոցում հիմնադրված դպրաթատրոնը Լ-ի եզվիտյան 30 դպրաթատրոնների նման թեև հետևել է Ստրասբուրգի (1535-ին հիմնադրված) դպրաթատրոնի գաղափարագիտական ուղղվածությանն ու ծրագրերին, սակայն այն յուրահատկությունն ուներ, որ եռալեզու էր (դրամաները բեմադրվել են հայերեն, լատիներեն, լեհերեն) և հետամուտ էր հայերենի առոգանության ու հռետորական արվեստի կատարելագործմանը: Դպրաթատրոնում բեմադրվել են դրամատուրգներ Ալոյիսիոա Մարի Պիդուի դրամաները և Դեոդաթ Ներսեսովիչի միջնախաղերը (ինտերմեդիաները), որոնք գեղարվեստականից բացի ունեն պատմամշակութային մեծ արժեք:

Կերպարվեստ: Կերպարվեստի ճյուղերից լեհահայ գաղթօջախներում զարգացում են ապրել որմնանկարչությունն ու մանրանկարչությունը, ավելի ուշ՝ հաստոցային նկարչությունը:

Մինչև XVII-XVIII դդ. լեհահայ մանրանկարիչները հարազատ են մնացել Հայաստանի ու Կիլիկիայի ազգային դպրոցների ավանդույթներին: Մինչև XVI դ. սկիզբը բազմաթիվ ձեռագրերի ոչնչացման հետևանքով բուն Լ-ում ստեղծված մանրանկարչությունից ոչ մի նմուշ չի հայտնաբերվել: Պահպանվել են 1522-ի և 1525-ի երկու ձեռագրեր, որոնք մանրանկարել են վարպետ Մկրտիչն ու Գրիգոր Իլովցին: XVI դ. ճանաչված մանրանկարիչներ են Մինաս Թոխաթեցին, Ղազար Թոխաթեցին, Ղազար Սուչավացին, Ղազար Բաբերդացին, Ղազար Իվաշկևիչը և ուրիշներ: XVII-XVIII դդ. հայ մանրանկարչությունը որոշակի ազդեցություն է թողել լեհական սրբապատկերային արվեստի վրա: XVIII դ. աստիճանաբար մարել են հայ մանրանկարչության ավանդույթները՝ իրենց տեղը զիջելով արևմտաեվրոպական կերպարվեստի ուղղություններին ու ժանրերին: Եթե Ղազար Բաբերդացին արևմտյան արվեստի (Ալբերտ Դյուրերի) տարրեր է ներմուծում հայ մանրանկարչություն, ապա Պավել, Շիմոն և Յան Բոգուշեիչները, անց-