ՀՆԴԿԱՍՏԱՆ
Հնդկաստանի Հանրապետություն, պետություն Հարավային Ասիայում: Տարածքը՝ 3287, 3 հզ. կմ²: Բնակչությունը՝ 1 մլրդ (1999): Մայրաքաղաքը՝ Դելի (10 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 200:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:
Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան դեռևս Քսենոփոնի (մ.թ.ա. V-IV դդ.), Զենոբ Գլակի (մ.թ. IV դ.), Մովսես Խորենացու (V դ.), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ.) երկերում: Հ-ում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դ., ստվարացել XVII-XVIII դդ. (շուրջ 20-25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հ-ի 20 քաղաքներում (Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոռ, Կոչին ևն) և առևտրակայաններում (ֆակտորիաներ): Փոքրաթիվ համայնքներ են ունեցելԴելի, Հուգլի, Նորովար, Քաշմիր քաղաքները: Հնդկահայ համայնքի ստեղծմանը զգալի չափով նպաստել է Մեծ մողոլների կայսրության գահակալ Աքբար թագավորը (1556-1605): Ցանկանալով զարգացնել երկրի արհեստագործությունը և առևտուրը՝ իր թագավորության սահմաններում ելումուտի ազատ իրավունք է տվել հայ վաճառականներին: Համայնքները ազգային-եկեղեցական էին և ենթարկվում էին Ամենայն հայոց կաթողիկոսությանը: Հայ իրականության մեջ առաջինը մադրասահայերն են կազմել համայնքային կանոնադրություն՝ «Տետրակ որ կոչի նշաւակ...» (1783), ըստ որի՝ համայնքի բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն էր, որը գումարվում էր ամեն տարի և ընտրում գործադիր մարմին՝ կազմված 3 կառավարիչներից:
Հնդկահայերը հիմնականում վաճառականներ, արհեստավորներ (ոսկերիչներ, դերձակներ, ասեղնագործներ, դարբիններ, զինագործներ), մանր գործավորներ էին, կային նաև պետական ու զինվորական պաշտոնյաներ, մտավորականներ:
Հ-ի կյանքում նշանակալի դեր են ունեցել խոշոր վաճառականները, որոնք իրականացնում էին Պարսկաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վենետիկի հետ կատարվող առևտուրը: Հ. թափանցած հոլանդական, անգլիական, ֆրանսիական առևտրական ընկերություններն առավելագույնս օգտվել են հայ վաճառականների ծառայություններից. 1686-ին Արևելա-հնդկական ընկերության հետ կնքած պայմանագրով հայ վաճառականներն անգլիական ազդեցության ոլորտում գտնվող բոլոր երկրներում ստացել են ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու, առևտրակայաններում բնակվելու իրավունք: Այդ պայմանագրով միառժամանակ ամրապնդվել է հայ վաճառականների դիրքը: XVIII դ. սկզբին Մադրասի, Կալկաթայի, Բոմբեյի հայ առևտրական տներն արդեն լայն կապեր էին հաստատել եվրոպական ու ասիական քաղաքների, ինչպես և Ռուսաստանի հետ: Նրանք ունեցել են սեփական նավեր, նույնիսկ նավահանգիստ Կալկաթայում: