Հնդկահայ գաղութն ավելի է ստվարացել 1722-ից հետո, երբ Սպահան և Նոր Ջուղա քաղաքների հայերն աֆղանական հարձակումների հետևանքով ստիպված գաղթել են Հ.: XVIII դ. 2-րդ կեսին, սակայն, իրավիճակը սկսել է փոխվել, հայ վաճառականները, չդիմանալով անգլիական մրցակցությանը, հետզհետե կորցրել են իրենց կշիռը միջազգային շուկայում:
Հնդկահայերը մասնակցել են Հ-ի ազատագրական պայքարին: Հայ վաճառականները հնդիկներին օգնել են ֆինանսական միջոցներ տրամադրելով, զինագործները՝ զենք պատրաստելով, զինվորականները մտել են հնդկական բանակ և կռվել գաղութարարների դեմ: 1662-ին Մալաբարի հայերը հնդիկների կողքին կռվել են պորտուգալական նվաճողների դեմ: Հաղթանակից հետո հնդկական իշխանությունները Մալաբարի կառավարիչ են նշանակել հայազգի Մարկոսին: 1760-64-ին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարն էր Գորգին խանը (Գրիգոր Հարությունյան): Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուրիշներ: Հայերը մասնակցել են նաև XIX գ. 1-ին կեսին ծագած հակաբրիտանական գրեթե բոլոր ապստամբություններին: Հնդկական տարեգրություններում դրվատանքով են հիշվում սպաներ Հակոբ Պետրոսյանը, Հովհաննես Մկրտիչը, որոնք գլխավորել են հայ-հնդկական զինված ջոկատներ:
Հնդկահայերին մտահոգել է նաև հայրենիքի՝ Հայաստանի ազատության խնդիրը: 1770-ական թթ. սկզբին Մադրասում հիմնվել է խմբակ, որի ակնառու անդամներ Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր են կատարել հայ ժողովրդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում: 1773-ին Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել «Որոգայթ փառացը», որն ապագա հանրապետական Հայաստանի պետական կազմակերպման ծրագիր էր, սահմանադրության ինքնատիպ նախօրինակ:
Առաջին հայկական եկեղեցին Հ-ում կառուցվել է 1547-ին՝ Մադրասում: Եկեղեցիներ են գործել Ագրայում, Սուրաթում, Չինսուրահում, Մադրասում, Կալկաթայում, Սեիդաբադում, Դաքայում, Բոմբեյում և այլուր: Հնդկահայ գործիչները հայ ազատագրական պայքարի հաջողության նախադրյալ էին համարում ազգային մշակույթի զարգացումը: 1771-ին Խոջա Չաքիկենցի բարերարությամբ Էջմիածնում հիմնվել է Հայաստանի առաջին տպարանը, Էդվարդ Ռափայելի և Սամուել Մուրատի միջոցներով Եվրոպայում՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանը, Խոջա Յոհանջան-Գերաքյանի միջոցներով Նոր Նախիջևանում հիմնադրվել է դպրոց, որին իր ունեցվածքից տոկոսներ է կտակել Մասեհ Բաբաջանը: XVIII դ. վերջին - XIX դ. դպրոցներ են գործել հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում: 1821-ին բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, 1846-ին՝ Ս. Սանդխտյան դպրոցը (կից գործել է հայ աղջիկների տնային դպրոցը), 1922-ին՝ Դավիթյան օրիորդաց վարժարանը: 1843-60-ին հայկական դպրոց է գործել Մադրասում:
Հայապահպան գործունեություն են ծավալել նաև մշակութային ընկերությունները՝ Օճանասփյուռ ժողովը (հիմնվել է 1815-ին), Իմաստախնդրական միաբանությունը (1821), Արարատյան ընկերությունը (1845), Հայ կանանց բարեգործական ընկերությունը (1915), ՀԲԸՄ Հ-ի մասնաճյուղը (1916), Հայկազյան գեղարվեստից միությունը (1920), Հայկական ընկերությունը (1960): 1794-ին Մադրասում է լույս տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»:
Համայնքի կյանքում մեծ վաստակ են ունեցել նաև հրապարակախոս, թարգմանիչ Թ. Ավետումյանը, պատմիչ, հասարակական-քաղաքական գործիչ Մ. Խոջամալյանը, պատմաբան Ս. Սեթը, բանաստեղծ, լուսավորական շարժման գործիչ Թ. Սոգինյանը, բարերար Հ. Ավդալը, հասարակական գործիչ, մանկավարժ Ա. Բազիլը, ռազմական բժիշկ Դանիելյանը, բժիշկ-համաճարակագետ Դավիթ Կարբեցին, վիրաբույժներ Հովսեփ Մարկոսյանը, Սարգիս Շիրխորյանը, զինվորական բժիշկ Սարգիս Ավետումյանը: Ներկայումս համայնքի աչքի ընկնող գործիչներից է Հ-ում Հայաստանի պատվո հյուպատոս, գործարար Հովսեփ Սեֆերյանը:
Հնդկահայ համայնքն անկում է ապրել Հ-ի անկախության հռչակումից (1947) հետո: Հնդկահայերը, որպես անգլիահպատակներ, ստիպված էին գաղթել Բիրմա, Ինդոնեզիա, Ավստրալիա ևն: Հ-ի տնտեսական ճգնաժամի պայմաններում նրանց իրավունք չի տրվել դուրս տանելու իրենց ունեցվածքի գոնե մի մասը և դրամական միջոցները: Հ-ի տարբեր քաղաքներում կան նախկինում հայերին պատկանող բազմաթիվ շենքեր, կալվածքներ, անշարժ գույք, որոնք ներկայումս վերահսկվում են երկրի իշխանությունների կողմից:
XX դ. սկզբին Հ-ում բնակվել է 2 հզ., 1960-ին՝ 1500, 1980-ին՝ 450, 1990-ին՝ 300 հայ: Ներկայումս (2003) Հ-ում բնակվում է շուրջ 200 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում: Գործում են Կալկաթայի Ս. Նազարեթ և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները, Հայոց մարդասիրական ճեմարանը: Համայնքը ղեկավարում է Եկեղեցական վարչությունը (ընտր-