կազմակերպությունները, մի շարք քաղաքական, մշակութային, բարեգործական, հայրենակցական, երիտասարդական, պատանեկան և մարզական միություններ: Հրատարակվում են հասարակական-քաղաքական, մշակութային և կրոնադաստիարակչական բնույթի թերթեր ու հանդեսներ:
1996-ին Հ-ի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:
Աթենքի հայ համայնքը հնագույններից է Հ-ում: Հայերի թիվն այստեղ ավելացել է 1895-96-ի կոտորածներից, 1915-ի Մեծ եղեռնից հետո, ինչպես նաև 1922-ին, երբ թուրքերը վերստին գրավել են Զմյուռնիան: XIX դ. վերջին տեղի հայ համայնքն ունեցել է հասարակական-քաղաքական աշխույժ կյանք: Հրատարակվել են պարբերականներ, գրքեր, գործել են հայկական դպրոցներ, մշակութային միություններ:
Ներկայումս (2003) Աթենքում բնակվում է շուրջ 10 հզ. հայ: Գործում են Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Կարապետ հայ առաքելական եկեղեցիները, Սոֆի և Լևոն Հակոբյան, Ա. և Ժ. Ճենազյան, Զավարյան, Գալփաքյան վարժարանները, ՀՀԴ և ՌԱԿ տեղական կազմակերպությունները, Հայկական ժողովրդային շարժումը, «Արարատ» մշակութային-մարզական և «Արաքս» մշակութային միությունները, Համազգային մշակութային միության, ՀԲԸՄ-ի, Հովարդ Կարագյոզյան հաստատության, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի մասնաճյուղերը: Հրատարակվում են «Ազատ օր» օրաթերթը և «Էլլինո Արմենիկա» հունարեն եռամսյա հանդեսը: Ի նշան հայ ժողովրդի երախտագիտության (1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածներին Հ-ի ցուցաբերած օգնության համար)՝ մայրաքաղաքի կենտրոնում վեր է խոյանում հուշարձան-կոթող, որը նվիրել է Հայկական Կարմիր խաչը: Աթենքի Նոր Զմյուռնիա արվարձանում տեղադրված է Զանգ- հուշարձան՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի:
2000-ի հունիսի 11-ին Աթենքում բացվել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթող, իսկ հրապարակներից մեկը անվանվել Արմենիա:
Սալոնիկում հայերը բնակվել են հին ժամանակներից, նրանց թիվը ստվարացել է IX-X դդ.: Հետագայում, պատմական հանգամանքների բերումով, միջին դարերի սալոնիկահայ համայնքն անկում է ապրել: Նորօրյա համայնքը կազմավորվել է XIX դ. 50-ական թթ., երբ այստեղ բնակություն են հաստատել հայ առևտրականներ և արհեստավորներ: 1884-ին համայնքն ունեցել է մատուռ, իսկ 1903-ին տեղի հայերի նվիրատվություններով ավարտվել է Ս. Աստվածածին եկեղեցու կառուցումը: 1907-ին եկեղեցուն կից բացվել է առաջին հայկական դպրոցը (գործել է մինչև 1914-ը), այնուհետե 1920-40-ական թթ. գործել են Ազգային, Դպրոցասեր տիկնանց միության աղջիկների, Կյուլլապի Կյուլպենկյան, Գրիգոր Աղաթոն ևն վարժարանները: 1920-ական թթ. սկզբին (Կիլիկիայի ջարդերից և հույն-թուրքական պատերազմից հետո) Սալոնիկ է գաղթել 10 հզ. հայ, համայնքն ստվարացել է, ստեղծվել է թեմական խորհուրդ՝ իր մարմիններով: Գործել են ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հայրենակցական, բարեգործական, մշակութային, մարզական միություններ: Լույս են տեսել պարբերականներ: Հետպատերազմյան տարիներին Սալոնիկի հայերի թիվը նվազել է հայրենադարձվելու, ինչպես նաև Կանադա, Արգենտինա և այլուր արտագաղթելու հետևանքով:
Մոտավոր հաշվարկներով՝ վերջին տասնամյակում Սալոնիկում հաստատվել է շուրջ 10 հզ. հայաստանցի հայ, որոնց փոքր մասն է առնչվում համայնքի ազգային կյանքին և այցելում եկեղեցի:
Ներկայումս (2003) հայերի թիվը Սալոնիկում հասել է շուրջ 11500-ի: Զբաղվում են հիմնականում մանր առևտրով և արհեստներով: Զգալի թիվ են կազմում ունևոր և ապահով ընտանիքները:
Գործում են Ս. Աստվածածին հայ առաքելական եկեղեցին (հոգևոր հովիվն է Խորեն ծ. վրդ. Տողրամաճյանը), Մալաքյան-Գասպարյան կիրակնօրյա վարժարանը, ՀԲԸՄ մասնաճյուղը, Հայ գթության խաչի «Անի» մասնաճյուղը, Համազգային մշակութային միությունը, ՀՄԸՄ, ՀՀԴ երիտասարդական միության «Սողոմոն Թեհլերյան» խումբը, ՀՀԴ պատանեկան միության «Լևոն Շանթ» խումբը, «Տեր Զաքարյան» հայկական սրահը: Եկեղեցուն կից Հայ տանը ամեն շաբաթ կազմակերպվում են համայնքային միջոցառումներ: Հրատարակվում է «Աշտանակ» կրոնադաստիարակչական հանդեսը: