ԵԿԵՂԵՑԻ
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հ-ի թեմը կազմավորվել է 1920-ական թթ.: Թեմը մինչև 1958-ը ղեկավարել են Մայր աթոռ Ս. Էջմիածնի գերակայությամբ գործող Ազգային վարչությունը և Ազգային առաջնորդարանը (Ազգային վարչության նախագահն էր հունահայոց առաջնորդը): 1958-ի հոկտեմբերին հունահայոց թեմը անջատվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնից և անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայությանը: Համայնքի մի մասը չի ընդունել այդ որոշումը (համարելով անօրինական) և հայտարարել առանձին էջմիածնական թեմական խորհուրդ ստեղծելու իր որոշման մասին: Հայ առաքելական եկեղեցու նման անբնական ու բաժան գոյատևումը շարունակվում է մինչև օրս: 1992-ին Հունահայոց անթիլիասական թեմը դիմել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ Ս. Էջմիածնի ենթակայությանը վերադառնալու խնդրանքով: Չնայած Մայր աթոռի ձեռնարկած քայլերին, այս խնդիրը դեռևս իր լուծումը չի ստացել: Ներկայումս (2003) Հ-ում գործում են հայկական երկու առաջնորդարաններ՝ իրենց առաջնորդներով ու առաջնորդանիստ եկեղեցիներով:
Հ-ի իշխանությունների մոտ հունահայ համայնքը պաշտոնապես ներկայացնում է Անթիլիասի գերակայությամբ գործող Ազգային առաջնորդարանը, որը ճանաչվում է նաև համայնքի չեզոք անդամների մեծամասնության կողմից: Ազգային վարչության նախագահն է անթիլիասական թեմի առաջնորդ Սահակ արք. Այվազյանը (1958-ից): Առաջնորդարանը գտնվում է Աթենքի կենտրոնական Մոնաստիրակի շրջանում: 1900-ին այստեղ կառուցվել է հայկական մատուռ, 1933-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (ներկայումս անթիլիասական թեմի առաջնորդանիստ եկեղեցին է): Անթիլիասական թեմին են պատկանում Աթենքում գտնվող ևս 2 եկեղեցի՝ Ս. Հակոբ, Ս. Կարապետ և «Ազատամարտ» ակումբը:
Աթենքի Կոկինիայի շրջանի Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1921-ին և կոչվել Ամենայն Սրբոց եկեղեցի: 1932-ին վերակառուցվել և վերանվանվել է Ս. Հակոբ: Եկեղեցուն կից կառուցվել է Ազգային ակումբի շենքը: 1922-ին Նեոս Կոսմոս (նաև՝ Ֆիքս, Տուրդուտ) շրջանում կառուցված Ս. Կարապետ փայտաշեն եկեղեցին 1969-ին քանդվել է: 1982-ին նույն թաղամասում կառուցվել է Ս. Կարապետ քարաշեն եկեղեցին՝ իր ակումբով:
Կարեա-Կեսարիանիի շրջանում 1924-ին եղել է հայկական մատուռ, որը 1937-ին վերակառուցվել է և կոչվել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: 1957-ին կառավարության որոշմամբ եկեղեցին քանդվել է, սակայն որպես հատուցում հայերին հատկացված հողամասում 1970-ին կառուցվել է «Ազատամարտ» ակումբը, որտեղ կատարվում են եկեղեցական արարողությունները:
Սալոնիկում 1903-ից գործում է Ս. Աստվածածին եկեղեցին՝ «Վ. և Վ. Տեր-Զաքարյան» մշակութային սրահով:
Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի տարածքում գործում է հայ հոգևոր հովվություն:
Քսանթիում 1927-ից գործում է Ս. Աստվածածին եկեղեցին:
Կավալայում 1932-ից գործում է Ս. Խաչ եկեղեցին, որին կից կա ակումբ: Գործում է նաև թաղային խորհուրդ:
Դիդիմոտիկոյի Ս. Գևորգ եկեղեցին նախկինում եղել է հունական մատուռ, որը 1735-ին հույները նվիրել են հայ համայնքին: Եկեղեցին վերակառուցվել է 1828-ին: Գործում է Դիդիմոտիկո և Օրեստիադա քաղաքների միասնական թաղային խորհուրդը:
Կոմոտինիում, որը Թրակիայի հնագույն հայկական բնակավայրերից է, գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (կառուցվել է 1834-ին): Ալեքսանդրուպոլսի Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1886-ին:
Ազգային առաջնորդարանի խնամակալության ներքո գործում է Կոկինիայի հայկական ծերանոցը, որը հիմնվել է 1957-ին՝ Հայասեր շվեյցարացիների միության կողմից, 1985-ին հանձնվել է առաջնորդարանին: Ծերանոցի խնամակալությանը մասնակցում են նաև հայ կաթոլիկ և ավետարանական եեղեցիները, ՀԲԸՄ-ի և «Արարատ» միության տիկնանց օժանդակության մարմինները: