Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայ Կապույտ խաչ, հիմնադրվել է 1926-ին, Աթենքում: Գործում է ՀՀԴ հովանավորությամբ՝ իրականացնելով բարեգործական, կրթական, առողջապահական ծրագրեր: Ունի մասնաճյուղեր Աթենքի տարբեր շրջաններում՝ «Ծովինար» (Աթենքի կենտրոն), «Սոսե» (Կոկինիա), «Ռուբինա» (Ֆիքս), «Աղթամար» (Կարեա-Կեսարիանի), «Նաիրի» (Ֆալիրո): Հայ Կապույտ խաչի հովանավորությամբ գործում են 2 դպրոց և Կոկինիայի հայկական ծերանոցը: Հատուկ ծրագրերի իրականացման նպատակով գործում են նաև մի շարք հանձնաժողովներ, ինչպես, օրինակ, Արցախի օգնության, հայ զինվորների օգնության, որբերի օգնության ևն:

Հայ գթության խաչ, ՀՕՄ-ի առանձին մասնաճյուղը Հյուսիսային Հ-ում: Կազմված է Սալոնիկի «Անի», Քսանթիի, Կավալայի, Կոմոտինիի, Ալեքսանդրուպոլսի, Դիդիմոտիկո-Օրեստիադայի մասնաճյուղերից: Սալոնիկում է գտնվում Հայ գթության խաչի շրջանային վարչությունը: Միության նյութական օժանդակությամբ գործում են Սալոնիկի Մալաքյան-Գասպարյան նախակրթարանը, Ալեքսանդրուպոլսի Տարոնյան վարժարանը, Մակեդոնիայի և Թրակիայի հայկական ամառանոցը:

Հովարդ Կարագյոգյան (Հաուըրտ Գարակեոգյան) հաստատության Հ-ի մասնաճյուղը գործում է 1936-ից, Աթենքում: Բժշկական օգնություն է ցույց տալիս ծերերին և դպրոցականներին (պատվաստում, ատամի խնամք ևն): 1960-ական թթ. ՄԱԿ-ի և Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հետ համատեղ բնակելի շենքեր է կառուցել հայ և հույն գաղթականների համար:

Համազգային մշակութային միության Հ-ի շրջանային վարչությունը հիմնվել է 1943-ին, Աթենքում (գրանցվել է 1976-ին): Գործունեության նպատակն է հույն հասարակայնությտնը ներկայացնել հայկական մշակույթը և արվեստը, կազմակերպել համերգներ, թատերական ներկայացումներ, գրական երեկոներ: Զբաղվում է հրատարակչական աշխատանքով, թարգմանաբար տպագրում հայ գրականության նմուշներ:

«Արարատ» մշակութային-մարզական միություն, հիմնվել է 1948-ին, Աթենքում: Գործում է ՀԲԸՄ հովանու ներքո (ունի ակումբ Կոկինիայի շրջանում): «Արարատի» կազմում գործում են նվագախումբ, պարախումբ, ֆուտբոլի և բասկետբոլի թիմեր, տիկնանց օժանդակ հանձնախումբ, սկաուաական կազմակերպություն: Ի տարբերություն ՀՄԸՄ սկաուտների, որոնք հունական իշխանությունների մոտ ներկայացված են որպես առանձին հայկական սկաուաական կազմակերպություն, «Արարատի» սկաուտները հունական սկաուտական կազմակերպության մաս են կազմում:

1998-ի հունվարին Աթենքում բացվել է ՀԲԸՄ «Արարատ» մշակութային-մարզական միության նոր կենտրոնը, որն օժտված է արդիական հարմարություններով:

«Արաքս» մշակութային միություն, ստեղծվել է 1960-ական թթ.: Միավորել է հայրենադարձությունից հետո Հ-ում մնացած փոքրաթիվ հնչակյաններին և նախկին համայնավարներին: Միության անդամները համագործակցում են էջմիածնական թեմական խորհրդի հետ: Կազմակերպչական մշակութային գործունեությամբ գրեթե չեն զբաղվում:

Հայ մշակութային միություն, գործում է 1981-ից, Կոմոտինիում: Նպատակն է տեղի բնակչությանը ներկայացնել Թրակիայի հայ համայնքների պատմությունը և հայ մշակույթը: Միությունն ունի առանձին շենք, որն օգտագործվում է որպես թանգարան և ակումբ: Կազմակերպում է դասախոսություններ, ցուցահանդեսներ, համերգներ:

Հայկական ժողովրդային շարժում (ՀԺՇ), քաղաքական կազմակերպություն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) քաղաքական ուղուն համակիր: 1982-ից ՀԺՇ կենտրոնատեղին Աթենքում է:

Գործունեության նպատակն է հայկական պետականության ամրապնդումը և Արևմտյան Հայաստանի ազատագրումը թուրքական լծից: Հ-ում Շարժումը համագործակցում է տեղի ազգայնական կազմակերպությունների հետ (Պոնտոսի ազատագրման միություն, Վտարված կիպրացիների միություն ևն): Վարում է աշխույժ քարոզչական գործունեություն՝ պարբերաբար անցկացնելով մամլո ասուլիսներ և համաժողովներ: ՀԺՇ-ն Աթենքում կազմակերպել է միջազգային գիտաժողովներ՝ նվիրված Հայ դատին (1985) և արդի հրատապ խնդիրներին (1992, 1995, 1997):

Կազմակերպությունը պարբերաբար հրատարակում է «Ժողովրդային պայքար», «Արմենիս ֆեդայի» (հունարեն), «Ավրիլ» պաշտոնաթերթերը, հովանավորում «Էլլինո Արմենիկա» (հունարեն) եռամսյա հանդեսը:

Հայաստանի երկրաշարժի աղետյալների օգնության հանձնաժողով, ստեղծվել է 1989-ի սկզբին: Համայնքային միակ կառույցն է, որտեղ դաշնակցականներն ու ռամկավարները փորձել են համագործակցել: