Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՒՆԳԱՐԻԱ

Հունգարիայի Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում: Տարածքը՝ 93 հզ. կմ²: Բնակչությունը՝ 10,2 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Բուդապեշտ (1,8 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 15 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հունգարական սկզբնաղբյուրների համաձայն՝ հայերը Հ-ում սկսել են բնակություն հաստատել X-XI դդ.: Նրանց ներկայության մասին են վկայում Հ-ի տարածքում «հայ» կամ «հայկական» բառերից կազմված աշխարհագրական անունները: Ուշագրավ է նաև, որ XIII դ. Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործի և Հ-ի թագավոր Անդրաշ (Անդրեաս) II-ի միջև կնքվել է բարեկամության դաշինք: XIII դ. Հ-ի մայրաքաղաք Էստերգոմում եղել է հայկական թաղամաս, որի բնակիչները հունգարացիների հետ 1240-41-ին կռվել են մոնղոլ-թաթար նվաճողների դեմ: XIII դ. վերջին և XIV դ. հայերի հոսքը Հ. նվազել է. այդ ժամանակահատվածում հայկական գաղթավայրեր հիշվում են միայն Բուդայում և Տրանսիլվանիայի (որը մինչև 1920-ը եղել է Հ-ի կազմում) Տըլմաչ, Բրաշով բնակավայրերում: Հայերի նոր հոսքը սկսվել է XV-XVI դդ., երբ շուրջ 3 հզ. հայ ընտանիք Մոլդովայից (ուր ապաստանել էին հիմնականում Անիից գաղթածները) տեղափոխվել է Տրանսիլվանիա: Հայերի մեծ մասը հաստատվել է Դյերդյոսենմիկլոշ (այժմ՝ Գեորգեն) և Չիկսեպվիզ (այժմ՝ Ֆրումոասա) բնակավայրերում: Տրանսիլվանահայերի հոգևոր կենտրոնը հաստատվել է Բեստերցե (այժմ՝ Բիստրիցա) քաղաքում: Հիմնվել են Գեռլա, Եղիսաբեթուպոլիս հայաքաղաքները: 1808-ին միայն Գեռլայում բնակվելէ մոտ 6 հզ., իսկ ամբողջ Հ-ում՝ մոտ 15 հզ. հայ: Գաղթավայրեր են ստեղծվել Ջուրջովում, Դևայում, Օդորհեյում և այլուր: Հայահոծ համայնքները (Գեռլա, Եղիսաբեթուպոլիս) ունեցել են ներքին ինքնավարություն (քաղաքային վարչություն և դատարան, հայ քաղաքապետ), կառուցել են եկեղեցիներ, հիմնել դպրոցներ, մատենադարան-գրադարաններ, թատրոն: Հայերը, որոնց հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էր, Տրանսիլվանիայի իշխաններից (Ապաֆի Միքայել Ա և Ապաֆի Միքայել Բ), Ավստրիայի և ապա Ավստրո-Հունգարիայի կայսրերից ստացել են զանազան արտոնություններ: Ավստրիայի կայսր Լեոպոլդ I-ը հայկական բնակավայրերը հայտարարել է քաղաքներ, որտեղ այլազգիները բնակվելու իրավունք չունեին, Կարլոս VI-ը թագավորական ազատ քաղաքների իրավունք է շնորհել Գեռլա (1726) և