Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եղիսաբեթուպոլիս (1733) քաղաքներին: 1725-ին հայկական բնակավայրերի պատգամավորները հրավիրվել են Կոլոժվարի Պետական ժողովին, իսկ 1791-ին Հ-ի Պետական ժողովը հայերին պաշտոնապես հայտարարել է երկրի լիիրավ քաղաքացիներ:

Հունգար լավագույն տպագրիչներից մեկը՝ Նիկոլաուս Կիշը, Ամստերդամում ձուլել է հայկական տառատեսակներ, ինչը նպաստել է հայկական տպագրության հետագա զարգացմանը:

Միջնադարյան Հ-ի տնտեսության զարգացման գործում կարևոր դեր են խաղացել հայ վաճառականները: XVI-XVII դդ. նրանք են հիմնականում զբաղվել հունգարական հանրահայտ գինիների արտահանմամբ, մասնակցել Լվովի ամենամյա տոնավաճառներին, առևտրական համաձայնագրեր կնքել Լվովի հայ վաճառականների հետ:

Դարեր շարունակ ապրելով Հ-ում՝ հայերը մասնակցել են նաև երկրի քաղաքական և մշակութային կյանքին, հունգարացիների հետ կռվել երկիրը օսմանյան լծից ազատագրելու համար: 1848-49-ին Ավստրիայի դեմ Հ-ի մղած ազգային-ազատագրական պայքարին մասնակցել է շուրջ 1200 հայ զինվոր և 70 սպա: Աչքի են ընկել հայազգի զորավարներ Էռնե Կիշը, Վիլմոշ Լազարը, Յանոշ Ցեցը: Միաժամանակ հունգարահայությունը նյութական մեծ օգնություն է ցույց ավել հունգարական բանակին, նրա համար հայթայթել զենք և սննդամթերք:

Հ-ի հայերն աչքի են ընկել նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Պետական պաշտոններ են վարել դիվանագետ Պետրոս Ապետիքը (XVII դ.), Իշավան Գորովեն (առևտրի, ապա՝ հաղորդակցության նախարար), Էռնեստ Դանիելը (առևտրի նախարար, ղեկավարել է 1896-ի Բուդապեշտի համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպումը): Նշանավոր մտավորականներ, պետական և հասարակական գործիչներ են տվել հայկական Լուկաչ և Կարաչոնի գերդաստանները:

XIX դ. կեսից (1848-49-ի ազատագրական պայքարի ճնշումից հետո) Ավստրո-Հունգարիայում հայերի ձուլման միտումներն ուժեղացել են: Հայ մտավորականների մի խումբ (Խաչիկ Սոնգոտյան, Անտոն Մոլնարյան, Հուլիոս Միրզայան, Վարդան Ըստկարյան, Անտոն Վոյթյան, Գրիգոր Շիմայան, Գրիգոր Գովրիկյան) լայն շարժում է սկսել՝ ձգտելով մայրենին մոռացած հայերի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը և պահպանել հայկական համայնքը: Այդ նպատակով 1887-ին Բուդապեշտում հիմնված «Արմենիա» հունգարերեն ամսագիրը համախմբել է հունգարահայ ստեղծագործողներին, որոնք հանդեսի էջերում հրատարակել են գլխավորապես հայապատում ստեղծագործություններ: Գեռլայում հիմնադրվել է Հայկական թանգարան, հրատարակվել են հայագիտական գրքեր ևն: 1914-ին հայազգի Մարտոն Կապոտանը հունգարերեն է թարգմանել Հակոբ Պարոնյանի ստեղծագործություններից:

Հունգարահայ համայնքները նկատելի աշխուժացում են ապրել Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների ներհոսքից: 1919-ին Բուդապեշտում հիմնվել է «Մասիս» ընկերությունը (հրատարակել է «Նոր դար» ամսաթերթը, խմբագիր՝ Սարգիս Ռշսաւնի), 1920-ին՝ Հունգարիայի հայ միությունը, կից՝ Հունգարահայկական վաճառականական ընկերությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հ-ում հաստատված համայնավար վարչակարգի պայմաններում համայնքի ազգային կյանքը վերստին անկում է ապրել: 1952-ին արգելվել է Հունգարիայի հայ միության գործունեությունը: 1980-ական թթ. վերջին, Հ-ում ժողովրդավարական բարեփոխումների և նոր օրենքների ընդունման շնորհիվ, նախադրյալներ են ստեղծվել վերականգնելու հայ ազգային կյանքը: 1987-ին մի խումբ հայ մտավորականներ հիմնել են «Արմենիա» ընկերությունը: 1994-ին ստեղծվել է հունգարահայերի համայնքային կառույցը՝ Հայ ազգային փոքրամասնության ինքնավարությունը: Գործում են հայկական եկեղեցին, Հայ մշակութային կենտրոնը, ակումբը: 1995-ից լույս է տեսնում «Արարատ» թերթը (հունգարերեն և հայերեն): Գործում է հայկական ռաղիոժամ (շաբաթը 1 անգամ՝ կես ժամ տևողությամբ): Պետական հեռուստատեսությունն ամիսը մեկ անգամ 15 րոպե է տրամադրում հայ համայնքին իր հայտագրերը հաղորդելու համար:

Ներկայումս (2003) Հ-ում բնակվում է մոա 15 հզ. հայ, մեծ մասը՝ Բուդապեշտում: Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Դեբրեցեն, Շոպրոն, Սեգեդ, Սեկեշֆեհերվար և Վեսպրեմ քաղաքներում: Շատերը մայրենի լեզվին չեն տիրապետում: Զգալի թիվ են կազմում բժիշկները, գիտնականները, իրավաբանները, ճարտարապետները, նկարիչները,