Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դերասանները են, որոնք ներգրավված են երկրի պետական, տնտեսական ու հասարակական կյանքում:

Հունգարահայ համայնքը ձգտում է սերտացնել կապերը Հայաստանի և Արցախի հետ: 1989-ին ինքնավարության միջազգային հարաբերությունների խորհրդատու Հարություն Պալապանյանի նախաձեռնությամբ Հ-ում կազմակերպվել է Հայաստանից 1200 և Արցախից 100 երեխայի հանգիստը:

1997-ի սեպտեմբերի 21-ին Հ-ի Վեսպրեմ քաղաքում բացվել է Նոյյան տապանը պատկերող հուշակոթող (նվիրված Հայաստանի անկախության 6-րդ տարելիցին), և շրջակա պուրակն անվանակոչվել է Արարատ:

Բուդապեշտում հայերի բնակության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XV դ.: 1415-ին հիշվում է Էորմեն (հայ) Մարտինը 1462-ին՝ դատավոր Էորմեն Իշտվանը: XVII դ. Բուդայում գործել է Պետրոս Ապետիք դիվանագետը: Տեղի փոքրաթիվ հայերը մասնակցել են երկրի քաղաքական կյանքին և օսմանյան լծի դեմ ազատագրական պայքարին. հայտնի է Գաբրիել Թոքաթեցին՝ (Էորմեն Գաբոր): XIX դ. վերջին Բուդապեշտի քաղաքագլուխ է ընտրվել վիրաբույժ և մեխանիկ Ադեոդատ Պոտանիուշ-Աբրահամը (նրա անունով սահմանված է գյուտարարներին տրվող մրցանակ): Քաղաքի գլխավոր բժիշկն է եղել Գրիգոր Բադրուպանյանը:

XX դ. սկզբին Բուդապեշտում բնակվել է շուրջ 1000 հայ: Զբաղվել են առևտրով (գորգավաճառներ են) և արհեստներով (երկաթագործներ, ատաղձագործներ ևն), կային մտավորականներ, ուսանողներ: Համայնքը ստվարացել է Մեծ եղեռնից և Տրանսիլվանիան Ռումինիային միանալուց (1920) հետո: Հայերի ազգային կյանքը կազմակերպելու նպատակով 1919-ին հիմնվել է «Մասիս» ընկերությունը, 1920-ին՝ Հունգարիայի հայ միությունը: 1987-ից գործում է «Արմենիա» ընկերությունը: Ներկայումս (2003) Բուդապեշտում բնակվում է շուրջ 10 հզ. հայ: Նրանք համախմբված են Հայկական ակումբի շուրջ: 1990-ի դեկտեմբերին Բուդապեշտում անցկացվել են հայ մշակույթի օրեր: 1997-ին բացվել է Հայ մշակութային կենտրոն:

Մայրաքաղաքի մի շարք փողոցներ կրում են նշանավոր հունգարահայերի անուններ (Ապետիք, Ցեց, Բոգդանֆի, էրնե Կիշ, Վիլմոշ Լազար). կա նաև Հայկական փողոց:

Բուդապեշտի Շանդոր Պետեֆիի անվան հրապարակում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար:


ԵԿԵՂԵՑԻ

Մինչև 1935-ը հունգարահայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել են Վենետիկի Մխիթարյան հայրերը, այնուհետև՝ Վիեննայի Մխիթարյանները:

1920-ական թթ. Տրանսիլվանիայի հայերը (հիմնականում կաթոլիկ և ոչ հայախոս), երկրամասը Ռումինիային անցնելուց հետո, զանգվածաբար գաղթել են Հ.: Նրանք Բուդապեշաի տարբեր շրջաններում կառուցել են մատուռներ, հիմնել Հ-ի հայ կաթոլիկ եկեղեցական խորհուրդ: Հետագայում վարձակալել են մի շենք, որը ծառայել է որպես եկեղեցի: 1960-ական թթ. հայ համայնքը դրամահավաքով գնել է Բադապեշտի Օռլա թաղամասում գտնվող այդ շենքը, որին կից 1972-ին կառուցվել է մատուռ: Հոգևոր արարողությունները կատարում է այցելու հովիվը՝ Վիեննայի Մխիթարյան միաբանությունից:

Եկեղեցին հավասարապես ծառայում է ինչպես կաթոլիկ, այնպես էլ առաքելական հայերի հոգևոր կարիքներին: Եկեղեցուն կից գործում են գրադարան և թանգարան, որտեղ պահվում են առավելապես տրանսիլվանահայ գաղութին վերաբերող մշակութային արժեքներ (փաստաթղթեր, գրքեր, սրբապատկերներ, արևելյան գորգեր և այլն), կազմակերպվում են հայերենի ուսուցման դասընթացներ, ղասախոսություններ հայաստանյան և արցախյան իրադարձությունների շուրջ: Եկեղեցու սենյակներից մեկը ծառայում է որպես Հայկական խորհրդի հավաքատեղի:

1996-ին ստեղծված Հայ եկեղեցական խորհրդի կազմում ընդգրկված են ինչպես առաքելական, այնպես էլ՝ կաթոլիկ հայեր: Խորհրդի նախաձեռնությամբ Հ-ի մյուս քաղաքներում, որտեղ հայեր կան, տարին մի քանի անգամ մատուցվում է պատարագ՝ տեղի հունական եկեղեցիներում:


ԴՊՐՈՑ

Հ-ում ամենօրյա հայկական դպրոց չկա: Գաղութի գերակշիռ մասը հունգարախոս է: Ներկայումս (2003) համայնքում գործում են հայերենի կիրակնօրյա դասընթացներ, որոնց մասնակիցների մեջ կան 10-ից մինչև 70 տարեկան հայեր:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Հունգարահայ համայնքի ազգային կյանքն աշխուժացել է 1980-ական թթ. վերջից՝ երկրում ժողովրդավարական վերափոխումների ծավալմանը և նոր օրենքների ընդունմանը զուգընթաց: Մի խումբ հայ