Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ին՝ 10-12 հզ., 1970-ական թթ. սկզբին՝ 20 հզ. հայ: Ներկայումս (2003) հայերի թիվը շուրջ 25 հզ. է (բուն Չիկագոյում՝ 10 հզ.): Հայերը հիմնականում արհեստավորներ, ծառայողներ, առևտրականներ, մտավորականներ են: Չիկագոյում և նրա արվարձաններում գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ամենայն Սրբոց, Ս. Պողոս, Ս. Փրկիչ առաքելական եկեղեցիները, Չիկագոյի հայ ավետարանական եկեղեցին, որոնց կից՝ Դանիել Վարուժան, ՀԲԸՄ Սիսակ Վարժապետյան, Մեսրոպյան մեկօրյա դպրոցները: Համայնքի ձևավորումից ի վեր այստեղ գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Հայ կրթական հիմնարկությունը, ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, ՀՕՄ-ի «Անահիտ» կրտսերաց մասնաճյուղը, Չիկագոյի համալսարանի հայ ուսանողների ընկերակցությունը, համագաղութային այլ կազմակերպությունների և հայրենակցական միությունների տեղական մարմինները, տիկնանց և երիտասարդաց միությունները: 1922-ին Չիկագոյում կազմակերպվել է «Շանթ» թատերախումբը, որը ներկայացումներ է տվել Հովհաննես Աբելյանի և Հովհաննես Զարիֆյանի մասնակցությամբ: Չիկագոյում լույս է տեսել 10-ից ավելի անուն պարբերական. առաջինը՝ «Դաստիարակը»՝ 1903-ին:

Սան Ֆրանցիսկոյում հայերը բնակություն են հաստատել XIX դ. 80-90-ական թթ.: 1912-ին նրանց թիվը 150 էր: Համայնքը սկսել է ստվարանալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո: 1924-ին Սան Ֆրանցիսկոյամ (Օքլենդի և Բերկլիի հետ) բնակվել է 1500 հայ: Հայերի հոսքը շարունակվել է ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո: 1962-ին Սան Ֆրանցիսկոյամ և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Ռեդվուդ Սիթի, Սան Խոսե, Բերկլի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ ևն) բնակվել է 6 հզ. հայ, 1970-ական թթ. սկզբին՝ շուրջ 10 հզ., 1983-ին՝ 25 հզ.: Ներկայումս (2003) Սան Ֆրանցիսկոյի և շրջակայքի հայերի թիվը շուրջ 100 հզ. է: Առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բիթլիսցիներ. զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ ևն: Հետագա տարիներին հայերն աստիճանաբար ընդգրկվել են քաղաքի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում: Համայնքի ազգային-հասարակական կյանքը կազմակերպում են հայապահպան գործունեությամբ զբաղվող զանազան միություններ: XX դ. սկզբից գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Ամերիկահայ քաղաքացիների լիգայի, Ամերիկահայ իրավանց խորհրդի, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության, Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միության, Հայ դատի հանձնախմբի, ինչպես նաև ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, հայրենակցական միությունների, Թեքեյան, Համազգային և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը:

Սան Ֆրանցիսկոյամ և արվարձաններում գործում են հայ առաքելական Ս. Գրիգոր Լուսավորիչ (1925-ից), Ս. Հովհաննես Մկրտիչ (1941-ից, ունի տիկնանց օժանդակ մարմին), Ս. Վարդան (1932-ից), ավետարանական Գողգոթա (1926-ից) և Բեթըլ (1933-ից) եկեղեցիները: Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ: Հայկական Եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ: 1980-ին բացվել է նորակառույց Հայ կենտրոնը՝ սրահով և Գռուզյան-Զաքարյան Վասպուրական ամենօրյա վարժարանով: 1994-ից Բերկլիի համալսարանում գործում է Վիլյամ Սարոյանի անվան հայագիտական ամբիոնը: 1924-25-ին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը: 1921-ին հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ: 1960-ական թթ. սկզբին ստեղծվել է Հայ դրամատիկ թատերախումբը (գործել է 16 տարի): Այժմ գործում են «Կռունկ» պարախումբը, Նիկոլ Աղբալյան գրադարանը, թատերախումբ: Եթեր է հեռարձակվում հայկական ռադիոժամ:

Փրովիդենսի հայ համայնքը սկսել է ձևավորվել XIX դ. վերջին քառորդին: 1897-ին բնակվել է 450, 1902-ին՝ 1350, 1910-ին՝ 2500, 1962- ին՝ 12-13 հզ. հայ: Ներկայումս (2003) Փրովիդենսում և արվարձաններում հայերի թիվը շուրջ 30 հզ. է: Առաջին հայ բնակիչներն աշխատել են տեղի արդյունաբերական ձեռնարկություններում, զբաղվել արհեստներով (կոշկակարություն, դերձակություն, ներկարարություն ևն): Ներկայումս մեծ թիվ են կազմում բժիշկները, ատամնաբույժները, դեղագործները, ճարտարագետները: 1890-ին հիմնվել է Խրիմյան ընկերությունը, 1894-ին՝ Հայկազյան և Ազգային տնտեսական միությունները, 1897-ին՝ Որբախնամ, 1899-ին՝ Փրովիդենսի Հայուհյաց որբախնամ ընկերությունները: Գործում են հայ ազգային կուսակցությունների տե-