Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղական կազմակերպությունները, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի, Համազգայինի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, հայրենակցական մի շարք միությունների (Համախարբերդցիական, Հաճընի ընդհանուր, Բալու-Պաղին գյուղի ուսումնասիրաց և վերաշինաց, Բալու-Հավավ գյուղի ուսումնասիրաց, Քղիի Խուփս գյուղի) կենտրոնական վարչություններն ու մասնաճյուղերը: Համայնքում գործում են առաքելական Ս. Սահակ-Մեսրոպ (1914-ից), Ս. Վարդանանց (1940-ից) և ավետարանական Եվւրատյան (1889-ից) եկեղեցիները: Ս. Վարդանանց եկեղեցուն կից հիմնվել է Մուրադ Արմենյան մեկօրյա դպրոցը: 1907-ին կազմվել է թատերախումբ (1912-ից կոչվել է «Հնչակ»), երկար տարիներ գործել է «Ազատամարտ» թատերախումբը: Փրովիդենսում լույս են տեսնում «Կանթեղ», «Փարոս» եկեղեցական պարբերականները: Գործում է հայկական ռադիոժամ: Փրովիդենսի կենտրոնական հրապարակներից մեկում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

Ֆիլադելֆիայի հայ համայնքը ձևավորվել է XIX դ. - վերջին XX դ. սկզբին, երբ այստեղ են հաստատվել 1894-96-ի համիդյան ջարդերից փրկված արևմտահայեր: Գաղութը ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո այստեղ ապաստանած բազմաթիվ հայ գաղթականների հաշվին: Սկզբնական շրջանում հայերի մեծ մասն աշխատել է գործարաններում, եղել են նաև արհեստավորներ ու մանրածախ առևտրով զբաղվողներ: 1899-ին ստեղծվել է Հայոց առաջադիմական ընկերությունը, 1910-ին՝ ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, 1911-ին՝ Արաբկիրի ուսումնասիրաց միությունը, 1916-ին՝ Վարդանանց ասպետներ կազմակերպությունը: 1914-ին լույս է տեսել առաջին պարբերականը՝ «Պայքար» թերթը, հետագա տարիներին՝ «Կռունկ» (1919-27), «Փարոս» (1922-ին), «Հայ սիրտ» (1923-32), «Հորիզոն» (1923-24) և այլ պարբերականներ:

Ներկայումս (2003) Ֆիլադելֆիայում բնակվում է շուրջ 15 հզ. հայ: Նրանք հիմնականում բանվորներ, արհեստավորներ (ոսկերիչներ), առևտրականներ (գորգավաճառներ) և ձեռնարկատերեր են: Զգալի թիվ են կազմում բժիշկները, դասախոսները, պետական գրասենյակային ծառայողները: Համայնքում գործում են երեք առաքելական (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սահակ-Մեսրոպ, Ս. Երրորդություն), մեկ ավետարանական և մեկ կաթոլիկ եկեղեցիներ, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ: Գործում է Հայ քույրերի ամենօրյա վարժարանը: Համայնքի ազգային կյանքը ձևավորում են ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան մշակութային միության, հայրենակցական մի շարք միությունների մասնաճյուղերը, «Արարատ» իրավաբանական միությունը, «Վիլյամ Սարոյան» թատերախումբը, «Արարատ» պարախումբը, «Քնար» երգչախումբը ևն: Տեղի հայ ուսանողները կազմակերպել են Հայկական ակումբ, որը գործակցում է ԱՍՆ-ի համալսարանների հայ ուսանողական միությունների հետ: Գործում է հայկական ռաղիոժամ (շաբաթը մեկ անգամ):

1976-ին Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանի առջև կանգնեցվել է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսներից՝ Մեծ Մհերի արձանը (քանդ.՝ Խորեն Տեր-Հարության):

Ֆրեզնոյի հայ գաղութը ձևավորվել է XIX դ. վերջին: Կալիֆոռնիա եկած առաջին հայը՝ Հակոբ Սերոբյանը, 1881-ին հաստատվել է Ֆրեզնոյում, ավելի ուշ՝ իր եղբայրների հետ բացել նպարեղենի խանութ: Հայերը հռչակվել են որպես լավ երկրագործներ, զբաղվել խաղողի, պտղատու (թուզ, նարինջ, ծիրան, դեղձ) այգիների, բանջարանոցային բույսերի (ձմերուկ, սեխ ևն) մշակությամբ, չամիչի և գինիների արտադրությամբ: XX դ. սկզբին հայերի թիվն ավելացել է. 1918-ին հասել 4 հզ-ի: 1900-ին հիմնվել է առաջին հայ առաքելական Ս. Երրորդություն եկեղեցին: Գործել են տասնյակ ազգային կազմակերպություններ՝ հայրենակցական, բարեգործական, քաղաքական, մշակութային, երիտասարդական ևն: 1892-ին հիմնվել են Հայոց գրադարանի, Հայ տիկնանց միությունները, 1907-ին՝ հայկական նվագախումբը (Ֆաու-