Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱԼԱՅԶԻԱ

Պետություն Հարավարևելյան Ասիայում: Տարածքը՝ 330,4 հզ. կմ²: Բնակչությունը՝ 21,4 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Կուալա Լումպուր (1,5 մլն):

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի միջև հաստատվել են 1993-ին:

Մ-ի տարածքի Փենանգ կղզում և Մալակկա քաղաքում հայերը հաստատվել են XVII դ. վերջին - XVIII դ. սկզբին: Հիմնականում Հնդկաստանում, Չինաստանում, Բիրմայում և Ինդոնեզիայում գործող հայկական խոշոր առևտրական ընկերությունների ներկայացուցիչներ էին, նաև Հնդկաստանից Հարավարևելյան Ասիա անցնող հայ վաճառականներ, որոնք իջևանում էին կղզում: Փենանգում ստեղծվել են հայկական առևտրատներ և կազմակերպություններ, որոնք մրցակցել են անգլիական առևտրական ընկերությունների հետ:

Հայերի թիվը կղզում ավելացել է Փենանգի բրիտանական գաղութ դառնալուց (1791) հետո: 1802-ին հայերը դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց ազգային սովորույթները հաշվի առնվեն նոր քաղաքացիական օրենսգրքում: 1822-ին այստեղ կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1824-ին): Եկեղեցու շրջակայքում հայերը կառուցել են շքեղ տներ, փողոցը կոչվել է Հայկական (այդ անունը կրում է ցայսօր):

Փենանգաբնակ հայերն աչքի ընկնող դեր ունեին կղզու տնտեսության և առևտրի զարգացման գործում: Հայ առևտրականների մեծ մասն ուներ սեփական նավեր («Հիրո», «Արտաշ», «Հարություն Աբգար», «Հովհաննես Մանուկ» ևն): Կղզում մի քանի խոշոր հյուրանոցներ պատկանել են Տիգրան, Սարգիս, Արշակ, Մարտիրոս Սարգսյան եղբայրներին: Համայնքի ճանաչված անդամներից էին Արշակ և Սարգիս Էդգարյանները, մեծահարուստներ Չարլզ Աբգարը և Խաչատուր Գալստյանը, բարերար Կարապետ Առաքելը (վճարել է Մ-ի պարտապանների կալանավարում գտնվող բոլոր հայերի պարտքերը), բժիշկ Թադևոս Ավետումը (գործուն դեր է խաղացել Փենանգի բժշկական, սոցիալական ու քաղաքական կյանքում՝ որպես քաղաքապետարանի կոմիսար և հաշտարար դատավոր: Հիմնադրել է Ջորջթաունի դիսպանսերը, եղել կաուչուկի մի շարք ընկերությունների տնօրեն, նրա դուստր Իրիսը եղել է նահանգապետի կնոջ անձնական քարտուղարը), աուդիտոր Ստեփան Մ. Գրեգորին (տպագրել է նյութեր Օսմանյան կայսրոթյունում հայերի տաժանակիր վիճակի մասին), իրավաբան-փաստաբան Հովհաննես Ջոակիմը (Հովակիմ), նրա որդի Բազիլը՝ առաջատար փաստաբան և Կուալա Լումպուրի պատվավոր քաղաքացի:

XIX դ. 50-70-ական թթ. Փենանգում գործել են Հնդկաստանի «Արևելյան ապահովչաց» առևտրա-արդյունաբերական և «Աբգարյան» (կառավարիչ՝ Ծատուր Հարությունյան-Անտոնյան) ընկերությունների մասնաճյուղերը: Փենանգաբնակ հայերը կապ էին պահպանում իրենց հայրենիքի, հարևան երկրների հայ գաղութների հետ: Գաղութում կային ոչ միայն հայերեն թերթերի ընթերցողներ, այլև՝ բաժանորդներ: 1851-ին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցին հնդկահայերին ուղղված կոնդակում առանձնահատուկ շեշտել է Փենանգի կարևորությունը:

1895-ին փենանգահայերը հիմնել են Հայ օգնության ֆոնդ՝ օգնելու իրենց հայրենակիցներին Թուրքիայում: 1917-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ Գուշակյանը Փենանգում դրամահավաք է կազմակերպել հայ աղետյալների համար:

XIX դ. 2-րդ կեսից համայնքն աստիճանաբար անկում է ապրել: Հայերը կղզուց տեղափոխվում էին Սինգապուր: 1871-ին կղզում բնակվել է 16, 1931-ին՝ 8, 1950-ական թթ.՝ 4 հայ: