2001-ին բրիտանական կայսրության շքանշանով պարգևատրվել է հանրահայտ ջութակահար Լևոն Չիլինկիրյանը: 2002-ին Բրիտանական կայսրության շքանշան և ասպետի կոչում է շնորհվել հայտնի վիրաբույժ Արա Դարզիին:
Անգլահայ գիտնական Զարեհ Սալոմոնյանն ընդգրկվել է դարի 500 ականավոր մարդկանց ցուցակում՝ էլեկտրամագնիսական և մագնիսական սարքերի ստեղծման բնագավառում նորամուծությունների համար:
Լոնդոնում առաջին հայ առևտրականները երևացել են դեռևս XIII դ.: XIX դ. 30-ական թթ. Լոնդոնում բնակություն են հաստատել մի խումբ պոլսահայ վաճառականներ, որոնք և հիմնել են հայ համայնքը: Հետագայում համայնքը ստվարացելէ Հնդկաստանից, Իրանից, Լիբանանից, Եգիպտոսից, Սիրիայից, Իրաքից, Թուրքիայից և այլ երկրներից տեղափոխված հայերի հաշվին: Լոնդոնում առաջին վարձու մատուռը բացվել է 1885-ին: 1922-ին կառուցվել է Ս. Սարգիս եկեղեցին: Գործում է նաև Ս. Եղիշե (նախկինում՝ Ս. Պետրոս) եկեղեցին: XIX դ. վերջին և XX դ. սկզբին լոնդոնահայ համայնքն ապրել է ազգային աշխույժ կյանքով: 1880-90-ական թթ. Լոնդոնը դարձել է համիդյան բռնապետության դեմ հայերի ծավալած պայքարի գաղափարական կենտրոն, որտեղ հավաքվել են հայ գործիչներ Արփիար Արփիարյանը, Հարություն Ճանկյուլյանը, Գ. Չիթչյանը և ուրիշներ: 1889-ին հասարակական գործիչ, բանաստեղծ Մինաս Չերազը Լոնդոնում հրատարակել է «Լ’Արմենի» գրական, քաղաքական թերթը, իսկ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոն: 1918-20-ական թթ. Լոնդոնում գործել է Ազգային բյուրո անունով մարմին՝ վիպասան Րաֆֆու որդու՝ Արամ Րաֆֆու ղեկավարությամբ. այն քաղաքական-քարոզչական աշխատանքներ է կատարել ի նպաստ Հայաստանի և Հայկական հարցի: Ազգային բյուրոյի կազմում էին ազգային գործիչներ Պողոս Նուբար փաշան, Արշակ Սաֆրաստյանը, Զապել Պոյաճյանը և ուրիշներ:
1920-ական թթ. Լոնդոնում ապրում էր շուրջ 400 հայ: Հայ համայնքը սկսել է ստվարանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Հնդկաստանից, Կիպրոսից, Լիբանանից, Իրանից և Իրաքից գաղթած հայերի հաշվին: Ազգային կյանքը կազմակերպելու համար 1947-ին հիմնվել է Լոնդոնի հայ համայնական խորհուրդը, որը գործել է մինչև 1968-ը:
Ներկայումս (2003) Լոնդոնում բնակվում է շուրջ 12 հզ. հայ: Գործում են Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանը և մեկօրյա այլ դպրոցներ, ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղը, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունը, ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղը, Հայ տունը, հայ քաղաքական կուսակցություններն ու նրանց մշակութային, կրթական և մարզական կառույցները, «Միհրան Տամատյան» ակումբը, «Անահիտ» տիկնանց միությունը, Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնը: Լոնդոնում լույս է տեսել շուրջ 11 անուն հայկական պարբերական:
Մանչեստրում հայերը (պոլսեցի վաճառականներ) սկսել են հաստատվել 1830-ական թթ.: Միայն 1858-ին այստեղ գործել են հայկական 15 առևտրական ընկերություններ, որոնց թիվը 1895-ին հասել է շուրջ 50-ի: Այդ տարիներին հայերը հիմնականում զբաղվել են մետաքսի առևտրով: