Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեստրում կառուցվել է առաջին հայկական Ս. Երրորդություն եկեղեցին, 1922-ին Լոնդոնում՝ Ս. Սարգիսը:

Հայերի թիվն ավելացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ են հաստատվել Թուրքիայից, Իրանից, Կովկասից, Հնդկաստանից գաղթածները: 1926-ի մարդահամարի տվյալներով՝ Մ. Բ-ում բնակվել է 550 հայ: Գաղութն ավելի է ստվարացել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (1946-ին՝ 2 հզ., 1960-ականներին՝ 4 հզ., 1977-ին՝ 7 հզ., 1981-ին՝ 12 հզ., 1996-ին՝ շուրջ 15 հզ. հայ): Ներկայումս (2003) Մ. Բ-ում հայերի թիվը շուրջ 16 հզ. է: Նրանք հիմնականում ծառայողներ են, մանր առևտրականներ, բանվորներ, արհեստավորներ, սպասարկման ոլորտում աշխատողներ: Կան մեծահարուստներ և խոշոր ձեռնարկատերեր, արվեստագետներ:

Գաղութի համախմբման և ազգային կյանքի կազմակերպման գործում կարևոր դեր է խաղում համայնքային եկեղեցական խորհուրդը, որը կազմված է հայ ազգային կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների 23 ներկայացուցիչներից: Խորհուրդը համայնքի միակ ներկայացուցչական ընտրովի մարմինն է, որի գլխավոր նպատակն է բրիտանահայության ազգային ինքնագիտակցության պահպանումը, գաղութի միասնականության և տարբեր կազմակերպությունների համագործակցության ապահովումը: Խորհրդի աշխատանքներն իրագործում է 7 հոգուց կազմված գործադիր վարչությունը, որին կից գործում են ութ հանձնախմբեր՝ կրթական, մշակութային, տնտեսական, ազգային տուրքի և արձանագրության (18 տարին լրացած և իրենց ապրուստը հոգացող բրիտանահայերը խորհրդին վճարում են ազգային տուրք՝ տարեկան 12 ֆունտ ստեռլինգ), եկեղեցական հոգաբարձության, հարաբերությունների զարգացման, խորհրդատվական և տիկնանց օժանդակության: Խորհրդի հովանավորությամբ իրականացվում են ազգանպաստ ծրագրեր:

Համայնքում գործում են հայ առաքելական երեք եկեղեցի, կիրակնօրյա կամ շաբաթօրյա դպրոցներ ու մանկապարտեզներ, ՀՀԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները՝ իրենց մշակութային, կրթական և մարզական ենթակառույցներով, ՀԲԸՄ Լոնդոնի ու Մանչեստրի մասնաճյուղերը, մշակութային, երիտասարդական և բարեգործական այլ կազմակերպություններ:

1962-ից նշանակալի դեր ունի Լոնդոնի հայ տունը: Գործում են նաև Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնը (1986-ից): 1988-ի Սպիտակի Երկրաշարժից հետո հիմնվել է Օգնություն Հայաստանին (Aid Armenia) կազմակերպությունը, որի հանգանակած միջոցներով Վանաձորում կառուցվել է «Ս. Նարեկ» մանկական հիվանդանոցը: 1989-ին հայ հասարակական գործիչ Օղեթ Բազիլի ջանքերով Լոնդոնում հիմնվել է Անգլո-հայկական ընկերություն, որի նպատակն է օտար շրջանակներին ներկայացնել հայ մշակույթը, պատմությունը, Հայ դատը:

Բրիտանահայ համայնքում ներկայումս գործում են նաև Երկիր և մշակույթ կազմակերպությունը (1990-ից), Հայ մասնագետների և արդյունաբերողների միությունը (1991-ից), Հայ իրավաբանների ընկերակցությունը (1993-ից), Հայ երիտասարդաց ֆուտբոլի ակումբը: 1993-ից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղի մասնաճյուղը: «Կոմիտաս» ինստիտուտը զբաղվում է հիմնականում Հայոց ցեղասպանության հարցերով:

2000-ից Լոնդոնում աշխատում է «Հայկական հիմնարկը», որը զբաղվում է մշակութային գործունեությամբ: 2001-ին Լոնդոնում հիմնվել է «Հայաստանի բարեկամները» բարեգործական կազմակերպությունը:

1992-ին ստեղծվել է Բրիտանահայկական խորհրդարանական խումբը (հիմնադիր նախագահ՝ կոմս Շանոն, 2001-ից նախագահ՝ բարոնուհի Քերոլայն Քոքս), որի խնդիրն է զարգացնել երկու երկրների միջխորհրդարանական կապերը, Մ. Բ-ի հասարակայնությանը ներկայացնել Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերը: Կարևոր հայանպաստ աշխատանք է կատարում Լորդերի պալատի փոխիասնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը հանդես է գալիս արցախահայության շահերի պաշտպանությամբ, կազմակերպում հումանիտար օգնություն ԼՂՀ-ին:

Մ. Բ-ում նշանավոր դեմք էր խոշոր նավթարդյունաբերող, բրիտանահպատակ Գալուստ Կյուլպենկյանը (1869-1955): 1970-ական թթ. երկրի հայտնի գործարարներից էր անգլիական «Բրենթ-Ֆորդ Նայլոն» ընկերության հիմնադիր Քեյ Մեթրեբյանը: Ներկայիս արդյունաբերողների և գործարարների շարքում հիշատակելի են Հ. Մութաֆյանը, Ս. Քյուրքչյանը, Հ. Գալուստյանը, Ասատուր Գյուզալյանը, Վաչե Մանուկյանը և ուրիշներ:

1986-ին Բրիտանական կայսրության շքանշան է շնորհվել անգլիական «Բելֆուր Բիթ» ձեռնարկության տնօրեն, հայտնի ճարտարապետ Հարո Բեդելյանին՝ երկրում իրականացրած ճանապարհաշինարարական աշխատանքների համար: