Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիրքորոշումը Հայկական հարցում, անդրադարձել հայ-ռուսական քաղաքական հարաբերություններին: Լուսաբանել է Կ. Պոլսի հայ ազգային և կրոնական մարմինների գործունեությունը, արեմաահայության ինքնորոշման հարցում երիտթուրքերի գրաված բացասական դիրքը:

«Նոր սերունդի ձայն», հասարակական-քաղաքական ամսաթերթ: Լույս է տեսնում 1998-ից, Լոնդոնում: ՍԴՀԿ տեղական կազմակերպության պաշտոնական հրատարակություն: Գլխավոր խմբագիր՝ Մ. Ադամյան: Լուսաբանում է բրիտանահայության ազգային կյանքը, կուսակցության գործունեությունը: Տպագրում է լուրեր Հայաստանից և Արցախից:

«Պատանի», պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսել 1902-07-ին, Լոնդոնում: Լոնդոնի հայ երիտասարդական միության օրգան: Նպատակն էր երիտասարդ սերնդին ծանոթացնել հայ ժողովրդի անցյալին, նրանց նախապատրաստել հայրենիքի ազատագրմանը: Ներկայացրել է նշանավոր դեմքերի կյանքն ու գործունեությունը: Տպագրել է նաև հոդվածներ մանկավարժության, հայ դպրոցի պատմության վերաբերյալ:

Գրկ. Մուշեղ Եպիսկոպոս, Մանչեստրի հայ գաղութը (պատմ. ուրվագիծ), Բոստոն, 1911: Տիգրանյան Տ., Անգլիան և հայերը, Ե., 1994:

Տիգրան Տիգրանյան (Մեծ Բրիտանիա)
Արամ Սարգսյան