Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանտում» պիեսը: 1978-ին Հայ ակումբի թատերախումբը ղեկավարել է Ժան Փափազյանը, որը Ն. Արմանիի և Ռ. Բոլդինի (Թեճյան) մասնակցությամբ բեմադրել է Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» և Բեռնարդ Շոուի «Զենքերը և մարդը» պիեսները: 1979-ին Լոնդոնում կազմակերպվել է «Նոր թատերախումբ»:

1976-ից գործում է «Կոմիտաս» գեղարվեստական մարմինը (հիմնադրվել է Լոնդոնում՝ Սրբուհի և Հակոբ Մանուկյանների նախաձեռնությամբ):

Անգլիական կինոյում աշխատած առաջին հայ ռեժիսորը Լ. Կորգանովն էր (Ղորղանյան). նկարահանել է «Ճակատամարտ» ֆիլմը (1934): Անգլիական կինեմատոգրաֆում են աշխատել նաև ռեժիսոր և սցենարիստ Ս. Նալբանդովը, դերասաններ Գ. Մալիքյանը, Վ. Թաբլյանը, պրոդյուսեր Ա. Սարգսյանը և ուրիշներ: Փաստագրական կինոյի ռեժիսոր Գ. Ջերջյանը «Ի հայտ եկող օդանավեր» (1993) կինոնկարի համար հեռուստաֆիլմերի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի:


ՄԱՄՈՒԼ

Մ. Բ-ում առաջին հայերեն պարբերականը՝ «Երկրագունդը», լույս է տեսել 1863-64-ին, Մանչեստրում (խմբագիր՝ Կարապետ Շահնազարյանց): 1898-ին լույս է տեսել «Վաղվան ձայնը» (խմբագիր՝ Ս. Պարթևյան) ազգային, գրական ամսաթերթը, 1900-01-ին «Եկեղեցի Հայաստանյայց», 11 համարից հետո՝ «Հայոց եկեղեցի» կրոնական-աստվածաբանական հանդեսը (խմբագիր՝ Թորոս Ջուղայեցի), 1953-60-ին՝ «Սևան» պարբերաթերթը: Մինչև օրս հրատարակվել է շուրջ 20 անուն պարբերական: Ներկայումս լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը:

«Ապտակ», երգիծական, քաղաքական ամսագիր: Լույս է տեսել 1894-97-ին, Աթենքում, ապա՝ Լոնդոնում: Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ: Խմբագիրներ՝ Ա. Նազարբեկ, Պ. Մարիմյան: Անդրադարձել է արևմտահայության ազատագրության խնդիրներին, դատապարտել թուրք կառավարության հայաջինջ քաղաքականությունը, քննադատել հայոց ճակատագրին անտարբեր հայ հարուստներին ու հոգևորականությանը: Տպագրել է երգիծական բանաստեղծություններ, ակնարկներ, գրական գործեր:

«Արեգակ», գրական, հասարակական ամսաթերթ: Լույս է տեսել 1964-68-ին, Լոնդոնում: Հիմնադիր և արտոնատեր՝ Հայկ Գալուստյան, խմբագիր՝ Գրիշ Դավթյան, ապա՝ Ա. Գյուզալյան: Պատկերել է Անգլիայում բնակվող հայերի ազգային ու մշակութային կյանքը, արձագանքել հայրենի մշակույթի ու գիտության նվաճումներին: Տպագրել է սփյուռքահայ գրողների և հասարակական գործիչների ստեղծագործություններ ու հոդվածներ, մեծ տեղ հատկացրել հայրենի գրողներին, արվեստագետներին ու գիտնականներին:

«Էրեբունի», ազգային, հասարակական և մշակութային ամսաթերթ, 1987-ից՝ երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1979-94-ին, Լոնդոնում (հայերեն և անգլերեն): ՌԱԿ-ի և ԹՄՄ տեղական մասնաճյուղի պաշտոնաթերթ: Թերթի հիմնադիրներն են Անդրանիկ Ծուլիկյանը, Վարդան Ուզունյանը և Նորայր Խոլոպյանը: Հրատարակել է ազգային, մշակութային, գաղափարախոսական հոդվածներ, լուրեր, խմբագրականներ: Սկզբնական շրջանում տպագրվել է Մոնրեալում, ապա՝ Լոնդոնում:

«Լ’Արմենի» (‘‘L’Armenie”՝ «Հայաստան»), քաղաքական և գրական ամսաթերթ: Լույս է տեսել 1889-98-ին, Լոնդոնում, 1898-1906-ին՝ Փարիզում, ֆրանսերեն (1889-ին՝ նաև անգլերեն): Խմբագիր-հրատարակիչ՝ Մինաս Չերազ: Թերթը ծանոթացրել է հայոց պատմությանը, գրականությանը, մշակույթին, լուսաբանել է Հայկական հարցը, հանդես եկել օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործադրվող բռնությունների դեմ:

«Հայաստան», կիսամսյա թերթ: Լույս է տեսել 1888-92-ին, Լոնդոնում (հայերեն, ֆրանսերեն): Խմբագրապետ՝ Մ. Սվազյան: Թերթի խնդիրն էր եվրոպական դիվանագիտությանը ներկայացնել Թուրքիայում արևմտահայության վիճակը, հասարակական կարծիքի ներգործությամբ պարտադրել կատարելու 1878-ի Բեռլինի կոնգրեսի՝ Հայկական հարցի վերաբերյալ որոշումները: Ներկայացրել է օտարազգի գործիչների հոդվածներն ու նամակները հայերի, Հայաստանի, Հայկական հարցի մասին: Տպագրել է նաև հայրենասիրական բանաստեղծություններ: Թերթն ունեցել է առավելապես եվրոպացիներից կազմված խնամակալ հանձնաժողով (Ջեյմս Բրայս, Ֆրենսիս Սթիվենսոն, Պ. Աղանուր և ուրիշներ):

«Մարտ», քաղաքական ամսաթերթ: Լույս է տեսել 1897-1901-ին, Լոնդոնում: Վերակազմյալ հնչակյան կուսակցության պաշտոնական հրատարակություն: Խմբագիր՝ Արփիար Արփիարյան: Նպատակն էր միավորել արևմտահայ ազգային-ազատագրական շարժման ուժերը: Քննադատել է եվրոպական տերությունների