Թեմի առաջնորդանիստ մայր տաճարը՝ Ս. Վարդանը, 1968-ին օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը: Թեմին են պատկանում 42 եկեղեցիներ. Յունյըն Սիթիում՝ Ս. Խաչ (1907), Ուորթրվլիթում՝ Ս. Պետրոս (1916), Չելթենհեմում՝ Ս. Երրորդություն (1917), Սաութ Միլուոքիում՝ Ս. Հարություն (1924), Նյու Բրիթընում՝ Ս. Հարություն (1925), Չիկագոյում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ (1926), Սաութֆիլդում՝ Ս. Հովհաննես (1931), Վաշինգտոնում՝ Ս. Մարիամ (1963) ևն:
Թեմի հովանու ներքո հիմնվել են մի շարք կրթական հաստատություններ: Նյու Յորքում 1961-ից գործում է Տիրան արք. Ներսոյանի նախաձեռնությամբ ստեղծված Ս. Ներսես ընծայարանը (ճեմարան), որը պատրաստում է հոգևոր սպասավորներ (դաստիարակ, ծխատեր քահանա ևն): Ընծայարանն ունի ԱՄՆ-ի Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի կողմից ընտրված խնամակալ մարմին, որի նախագահն է Արևելյան թեմի առաջնորդը:
Կրոնական դաստիարակության բաժանմունքը և Հայ դպրոցների կրթական կենտրոնը ստեղծում են դասագրքեր և պատրաստում ուսուցիչներ թեմի դպրոցների համար: Կրտսերների և պատանիների համար կրոնական դաստիարակության բաժանմունքն ունի ամառային ճամբար (Ս. Վարդան ճամբար):
Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնն ունի արխիվային նյութեր, մամուլի հավաքածուներ, գրքեր, քարտեզներ ևն: Կազմակերպում է դասախոսություններ և գիտաժողովներ՝ նվիրված հայոց պատմության և մշակույթի խնդիրներին:
Միջեկեղեցական հարաբերության բաժանմունքի միջոցով սերտ կապեր են պահպանվում առաջնորդարանի և ԱՄՆ-ի կրոնական այլ հարանվանությունների միջև:
Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի ծխերում, կազմակերպում է տարեկան մարզական մրցախաղեր և համագումարներ:
Տիկնանց միության կենտրոնական խորհուրդը ևս մասնաճյուղեր ունի ծխերում, աշխատանք է կատարում հայ հավատքի պահպանման համար:
ԱՄՆ-ի Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո, գործակցելով բարեգործական, հայրենակցական և այլ կազմակերպությունների հետ, զգալի օգնություն է ցուցաբերում հայրենի աղետյալ բնակչությանը, բազմաթիվ ծրագրեր իրականացնում մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Թեմը հրատարակում է «Հայաստանյայց եկեղեցի» կրոնաբարոյախոսական և պատմագեղարվեստական պաշտոնաթերթը (1939-76-ին՝ ամսաթերթ, 1976-ից՝ եռամսյա): Նյութերի մի մասը տպագրվում է անգլերեն:
ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդն է Խաժակ արք. Պարսամյանը (1990-ից):
Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան թեմ, կազմավորվել է 1927-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով: Առաջնորդանիստը Լոս Անջելեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:
ԱՄՆ-ի Արևմտյան թեմի գործունեությունը տարածվում է երկրի արևմտյան նահանգների վրա՝ իր մեջ ընդգրկելով 25 ծուխ: Առաջնորդարանը սկզբում Ֆրեզնոյում էր, 1957-ից՝ Լոս Անջելեսում:
Թեմի առաջին առաջնորդն էր Գարեգին եպս. Խաչատուրյանը (1951֊1961-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք): Տարբեր տարիներ ԱՄՆ-ի Ֆրեզնոյի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցին Արևմտյան թեմը գլխավորել են Շնորհք եպս. Գալուստյանը (1953-56, հետագայում՝ 1961-90-ին, Կ. Պոլսի հայոց պատրիարք), Թորգոմ եպս. Մանուկյանը (1962-66), Վաչե արք. Հովսեփյանը (1971-2003) և ուրիշներ:
Թեմի տարածքում գործող հին հայկական եկեղեցիներից են Ս. Պողոսը (1900-ից, Ֆրեզնո), Ս. Գրիգոր Լուսավորիչը (1910-ից, Ֆաուլեր), Ս. Աստվածածինը (1911-ից, Կոստա Մեսա), Ս. Սահակ-Մեսրոպը (1923-ից, Ֆրեզնո), Ս. Հովհաննեսը (1924-ից, Սան Ֆրանցիսկո), Ս. Վարդանը (1924-ից, Օքլենդ), Ս. Հակոբը (1953-