Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռաջնորդանիստ է դարձել Ուստրի Ս. Փրկիչ եկեղեցին: Եկեղեցիներ են կառուցվել Ֆրեզնոյում, Վեսթ Հոբոքենում, Ֆաուլերում, Եդեմում, Փրովիդենսում, Ռոդ Այլենդում:

1927-ից ամերիկահայ եկեղեցին բաժանվել է Արևելյան (կենտրոնը՝ Ուստր, Բոստոն, հետագայում՝ Նյու Յորք) և Արևմտյան կամ Կալիֆոռնիայի (կենտրոնը՝ Լոս Անջելես) թեմերի:

1930-ական թթ. ԱՄՆ-ի հայ համայնքի ներսում սրված միջկուսակցական պայքարը, որը պայմանավորված էր Հայաստանում խորհրդային կարգերի հանդեպ հայ քաղաքական ուժերի հակադիր դիրքորոշումներով, ամերիկահայ համայնքներում իրենց ազդեցությունը տարածելու ձգտումով, ինչպես նաև ԱՄՆ-ԽՍՀՄ փոխհարաբերություններից բխող քաղաքական շահարկումներով, թափանցեց եկեղեցական-թեմական կյանք ու հանգեցրեց պառակտման: 1933-ի դեկտեմբերին Նյու Յորքի Ս. Խաչ եկեղեցում ԱՄՆ-ի հայոց առաջնորդ Ղևոնդ արք. Դուրյանի սպանությունն էլ ավելի բորբոքեց հակամարտությունը խորհրդային կարգերի դեմ պայքարող դաշնակցականների և խորհրդամետ ուժերին (համայնավարներ, ռամկավարներ ևն) միջև, ամերիկահայությանը բաժանեց երկու հատվածի՝ սկիզբ դնելով նաև Մայր աթոռից փաստացի անջատված թեմի անկախ գոյությանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո: Այն ունի իր Ազգային իշխանությունը և Երեսփոխանական ժողովները:

1957-ին Արևելյան թեմի մի մասը պաշտոնապես անջատվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի ենթակայության տակ գտնվող Հյուսիսային Ամերիկայի թեմից և անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո՝ վերանվանվելով Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի թեմ: Մինչև 1972-ը Կիլիկիո աթոռը ԱՍՆ-ում ունեցել է մեկ թեմ և մեկ առաջնորդ (նստավայրը՝ Նյու Յորք): Կալիֆոռնիայի հայ բնակչության (հատկապես Կիլիկիո թեմին պատկան եկեղեցիների շուրջ հավաքված համայնքի) աճով պայմանավորված՝ ստեղծվել է անթիլիասական երկրորդ զուգահեռ կառույցը՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը (կենտրոնը՝ Հոլիվուդ)՝ իր առաջնորդով: Ներկայումս էլ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ԱՍՆ-ում շարունակում է բաժանված մնալ չորս թեմերի միջև, երկու ավանդական թեմերը գտնվում են Ամենայն հայոց կաթողիկոսության, իսկ զուգահեռաբար գործող մյուս երկու թեմերը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո:

Ամերիկահայ հավատացյալների մեջ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներից բացի, կան նաև ավետարանականներ (25 հզ.), հայ կաթոլիկներ (6 հզ.):

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմ, կազմավորվել է 1927-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով: Առաջնորդանիստը Նյու Յորքի Ս. Վարդան մայր տաճարն է: Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը միավորված էր մեկ թեմի մեջ, որն ստեղծվել էր 1898-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով: Կենտրոնն էր Ուստր քաղաքը (Մասսաչուսեթսի նահանգ), 1923-ից՝ Բոստոնը, 1927-ից՝ Նյու Յորքը: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով՝ ԱՄՆ-ի արևմտյան նահանգներն ընդգրկվել են նոր՝ Արևմտյան թեմի մեջ, իսկ արևելյան, հարավային, հարավարևմտյան և կենտրոնական նահանգները մնացել են Արևելյան թեմի իրավասության ներքո, կենտրոնը՝ Նյու Յորք: Այժմ (2003) ԱՄՆ-ի Արևելյան թեմն ընդգրկում է երկրի 21 նահանգների 64 եկեղեցական համայնքներ: Թեմի տարածքում է գտնվում ԱՄՆ-ում առաջին հայ առաքելական եկեղեցին՝ Ս. Փրկիչը (1891, Ուստր):

1902-ին Մկրտիչ Ա Վանեցին հաստատել է «ի գործադրութիւն հայ ժողովրդեան Ամերիկայի» սահմանադրությունը, որն այժմ հայտնի է որպես Կանոնադրություն Ամերիկայի (Արևելյան թեմ) Հայաստանյայց եկեղեցու:

1898-ից ցայսօր թեմն ունեցել է 11 առաջնորդ: Առաջինը Հովսեփ արք. Սարաճյանն էր, 1939-43-ին՝ Գարեգին արք. Հովսեփյանը (1943-1952-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), 1966-90-ին՝ Թորգոմ արք. Մանուկյանը (1990-ից Երուսաղեմի հայոց պատրիարք) և ուրիշներ: