ՉԻՆԱՍՏԱՆ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, պետություն Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքը՝ 9,6 մլն կմ: Բնակչությունը՝ 1,262 մլրդ (1998): Մայրաքաղաքը՝ Պեկին (13 մլն): Հայերի թիվը՝ 50-60:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:
Հայ-չինական առնչությունները սկիզբ են առնում վաղ ժամանակներից: Կա մի ավանդություն (հիշում է պատմահայր Մովսես Խորենացին), ըստ որի՝ Մամիկոնյանների և Օրբելյանների հայ նախարարական տոհմերն ունեն չինական ծագում:
Չ-ում հայերն առաջին անգամ հիշատակվում են II դ.: Նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական առաջին արշավանքներից (XIII դ. սկիզբ) հետո, երբ Հայաստանից գերեվարած հազարավոր հայերի մի մասը բնակեցվել է Չ-ի հյուսիսային շրջաններում: Այնուհետև հայերը թափանցել են երկրի խորքը, բնակվել ծովափնյա քաղաքներում, հատկապես՝ Կանտոնում (այժմ՝ Գուանչժոու), որտեղ մինչև 1307-ը կառուցել են եկեղեցի՝ հարակից շինություններով: Առաջին հայկական համայնքները ժամանակի ընթացքում ձուլվել են: XVII դ. կեսին Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք: XVIII դ. ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում: XIX դ. սկզբին հայերի նոր հոսք է եղել Չ. Հնդկաստանից ու հարևան երկրներից. նրանք հիմնականում բնակություն են հաստատել Չ-ի արևելքում՝ Մուկդեն, Խարբին, Չանչան, Դայրեն, Շանհայ քաղաքներում: Չ-ի հարավում հաստատված հայերը գլխավորապես նորջուղայեցիներ էին, արևելքում՝ ղարաբաղցիներ և զանգեզուրցիներ: Չ-ի ամենահայաշատ քաղաքը Խարբինն էր: 1930-ական թթ. հայերի թիվը այստեղ հասել է հինգ հարյուրի: Խարբինի հայ համայնքն ունեցել է եկեղեցի, ներքին կանոնադրություն, որով առաջնորդվել են Չ-ի հյուսիսարևելյան շրջաններում բնակվող հայերը: 1930-ին Խարբինում ստեղծվել են «Արծիվ» հայրենասիրական միությունը, Հայ տիկնանց միությունը, Հայ երիտասարդական ակումբը, որոնք կազմակերպել են հավաքույթներ, հայերենի դասավանդում, ընթերցանություն ևն: Խարբինի հայերը սերտ կապեր են ունեցել տեղի ռուսների հետ:
XX դ. սկզբին Խարբինում հանգրվանած մի շարք հայ (նաև ռուս) արվեստագետների ուժերով ձևավորվել է տեղի թատերական կյանքը: 1918-ին Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանուհի Վարվառա Մելիքյանն իր դստեր (դերասանուհի) և փեսայի (ռեժիսոր)՝ Վ. և Ս. Բուդաղյանների հետ տեղափոխվել է Խարբին: 1919-22-ին տեղի թատերասերների հետ Վ. Մելիքյանը կազմակերպել է ներկայացումներ, որոնցից ուշագրավ էր Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Գլխավոր դերակատարումներով մասնակցել են Վ. Մելիքյանը, Բուդաղյան ամուսինները, Վ. Նազարյանը, Օ. Տեր-Հակոբյանը, Ս. Հովհաննիսյանը: