փաճյանի օրոք կազմակերպվել է Օրինջ Քաունթիի համայնքը, հիմնվել են Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցին և ամենօրյա վարժարանը (հետագայում՝ Անուշ և Վահան Շամլյան ազգային վարժարան), սկսվել է Հոլիվուդի Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցու կառուցումը: 1977-85-ին թեմի առաջնորդն էր Եփրեմ վրդ. Թապազյանը (1980-ից՝ եպիսկոպոս): Կառուցվել են Ազգային առաջնորդարանի նոր շենքը, Ֆերահյան վարժարանի նոր համալիրը, Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան-Զաքարյան Վասպուրական վարժարանը, ավարտվել է Հոլիվուդի Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցու շինարարությունը, կատարվել է Օրինջ Քաունթիի Ս. Քառասնից մանկանց եկեղեցու հիմնարկեքը: Օծվել է Փասադենայի Ս. Սարգիս եկեղեցին, գնվել նոր եկեղեցի Գլենդելում ևն: ԱՄՆ-ի հայ երեխաներին հայեցի դաստիարակություն տալու նպատակով թեմի աջակցությամբ կազմվել և հրատարակվել է «Կանթեղ», հայոց լեզվի, պատմության և Հայ դատի դասագրքերը, «Հռոմկլա» տարեգիրքը, ինչպես նաև Առաջնորդարանի «Պրիսմակ» երկլեզկյա տեղեկատու ամսաթերթը, բազմաթիվ հայագիտական գրքեր: 1985-96-ին թեմի առաջնորդն էր Տաթև արք. Սարգիսյանը: Նրա պաշտոնավարության ժամանակ օծվել են Օրինջ Քաունթիի Ս. Քառասնից մանկանց և Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցիները, բացվել են Փասադենայի Լևոն և Հասմիկ Թավլյան և Գլենդելի Ռիչարդ Թուֆենկյան մանկապարտեզները, տպագրվել են հայոց լեզվի և պատմության դասագրքեր: Առաջնորդարանի հովանավորությամբ 1995-ից գործում է Կալիֆոռնիայի հանրային դպրոցների հայ ուսանողների հարցերով զբաղվող հանձնախումբը (California Armenian Students of Public Schools-CASPS), որը ներկայումս եռանդուն աշխատանք է իրականացնում Գլենդելում:
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդն է Մուշեղ արք. Մարաիրոսյանը (1996-ից):
Հայ ավետարանական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի համայնք, ամերիկահայ առաջին աղոթատեղին՝ ավետարանական Մարտիրոսաց հայ ժողովական եկեղեցին, հիմնվել է 1881-ին, Ուստրում: Հետագա տարիներին հայ ավետարանական համայնքներ են ձևավորվել և եկեղեցիներ են կառուցվել Նյու Յորք, Բոստոն, Ուոթերթաուն, Փրովիդենս, Ֆրեզնո, Նյու Ջերսի, Չիկագո, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Դետրոյտ և այլ քաղաքներում: Եկեղեցիներին կից հիմնվել են տիկնանց օժանդակ, երիտասարդական և պատանեկան միություններ, վարժարաններ, ավետարանի դասընթացներ: XX դ. սկզբին երկրով մեկ տարածված ավետարանական եկեղեցիները միավորվել են՝ ստեղծելով միջեկեղեցական կազմավորումներ (1901-ին Ուստրում՝ ԱՄՆ-ի Արևելյան նահանգների, իսկ 1908-ին արևմտակողմի՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնոյի Առաջին հայ ավետարանական եկեղեցին հայ ավետարանական եկեղեցիների միությունները):
1918-ին Նյու Ջերսիում հիմնվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը (Armenian Missionary Association of America), որը հայ ավետարանական եկեղեցիների գործունեության կազմակերպիչն է և գործադիր մարմինը, հայ ավետարանական առաջին և միակ միսիոներական կազմակերպությունը (գործադիր տնօրեն՝ Ժիրայր Սողոմյան):
1971-ին ստեղծվել է Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միությունը (կենտրոնը՝ Նյու Ջերսի), որն ընդգրկում է ԱՄՆ-ի 20 ավետարանական եկեղեցիներ:
Լոս Անջելեսում գործում է Հայ ավետարանական ընկերային ծառայության կենտրոնը: Նյու Ջերսիում է գտնվում նաև Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի կենտրոնատեղին (հիմնվել է 1980-ական թթ. սկզբին), որը վարում է միությունների ընդհանուր գործերը:
ԱՄՆ-ի հայ ավետարանականները հրատարակել են «Կոչնակ» (1900-60, Բոստոն, Նյու Յորք), «Ջանասեր» (1916-23), «Ավետագիր» (1945-47, Նյու Յորք) հանդեսները: Ներկայումս լույս են տեսնում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության «Լրաբեր» (1965-ից, Նյու Ջերսի) ամսագիրը, Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միության “Forum” (1975-ից) և «Զհաց