տարակվում են հայերեն կամ երկլեզու (հայերեն և ռուսերեն) թերթեր, հիմնվել են հայ մշակույթի կենտրոններ և ընկերություններ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Ստավրոպոլում, Արմավիրում, Սոչիում, Անապայում, Կրասնոյարսկում ևն:
2000-ի հունիսի 16-ին Մոսկվայում հիմնադրվել է Ռուսաստանի հայերի միություն կազմակերպությունը: Ռ-ում տարբեր տարիներ ապրել և գործել են հայ մտավորականության երևելի շատ դեմքեր՝ բանաստեղծ Վահան Տերյանը (1885-1920), գրող Մարիետա Շահինյանը (1888-1982), կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը (1903-78), թատերական գործիչներ Եվգենի Վախթանգովը (1883-1922), Ռուբեն Սիմոնովը, Եվգենի Սիմոնովը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը (1905-1964), գիտնականներ՝ ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովը (1904-70), Յուրի Օսիպյանը, բուսաբան Միքայել Չայլախյանը, ճարտարապետ Կարո Հալաբյանը, տնտեսագետ Աբել Աղանբեգյանը և Խաչատուր Կոշտոյանցը (1900-61), քիմիկոսներ Իվան Կնունյանցը (1906-90) և Նիկողայոս Ենիկոլոփյանը (1924-98), ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը (1905-70), զորապետներ՝ մարշալներ Հովհաննես Բաղրամյանը (1897-1982), Համազասպ Բաբաջանյանը (1906-77), ծովակալ Հովհաննես Իսակովը (1894-1967), պետական գործիչներ Վառլամ Ավանեսովը (1884-1930), Ալեքսանդր Մյասնիկյանը (1886-1925), Պռոշ Պռոշյանը (1883-1918), Հովհաննես Թևոսյանը (1902-58), Անաստաս Միկոյանը (1895-1978), շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը (1929-84) և ուրիշներ:
2000-ին ՌԳԱ ակադեմիկոսներ են ընտրվել մաթեմատիկոս Սերգեյ Աղյանը, ֆիզիկոսներ Լև Փիրուզյանը, Կարեն Տեր-Մարտիրոսյանը, մեխանիկ Սամվել Գրիգորյանը, ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը, իրավագետ Վլադիկ Ներսեսյանցը, միջուկագետ Գևորգ Դանիելյանը, քիմիկոս Վիլեն Ազատյանը, վնասվածքաբան Հովհաննես Հովհաննիսյանը, էներգետիկայի ոլորտի ֆիզիկատեխնիկական խնդիրներ մասնագետ Գուրգեն Օլխովսկին:
Բազմաթիվ ռուսահայեր Ռ-ում ծավալել են ձեռնարկատիրական գործունեություն հիմնել առևտրական ձեռնարկություններ, միջնորդական ֆիրմաներ, բանկային հաստատություններ, իսկ գյուղական վայրերում (Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր)՝ ֆերմերային տնտեսություններ, շինարարական կազմակերպություններ:
1995-ին ՌԳ Պետական դուման ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:
Մոսկվայում հայերի բնակության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XIV դ. վերջին: XIV-XVI դդ. Մոսկվայում հայերն ապրել են Կիտայգորոդի շրջանում, որտեղ ունեցել են խանութների շարք, Հայկական առևտրական տուն: Հայերի մեծ մասը վոլգյան ուղիով Մոսկվա է եկել Իրանից, Անդրկովկասից, Պովոլժիեից: Ժամանակի ընթացքում հայ առևտրականներից ու արհեստավորներից շատերը բնակություն են հաստատել Մոսկվայում: XVI դ. Կիտայգորոդում՝ Իլյինկա և Վարվառկա փողոցների միջև, կառուցվել է առաջին հայկական եկեղեցին:
XVII դ. կեսից հայ-ռուսական տնտեսական ու քաղաքական կայուն հարաբերությունները նպաստել են Մոսկվայում հայ բնակչության թվի ավելացմանը: Շատ հայեր հաստատվել են Պոկրովկա փողոցի շրջանում: Առևտրականներից ու արհեստավորներից բացի, զգալի թիվ են կազմել նաև մտավորականները: XVII դ. Մոսկվայում գործունեություն են ծավալել հայ նկարիչներ Բոգդան Սալթանովը և Բելսկիների ընտանիքը:
XVIII դ. կեսին Պրեսնյայի արվարձանում կառուցվել է Ս. Աստվածածին հայկական եկեղեցին, 1779-ին՝ Ս. Խաչ եկեղեցին՝ Ստոլպովի (այժմ՝ Արմյանսկի) նրբանցքում: Եկեղեցին կառուցվել է Լազարյանների ընտանիքի միջոցներով: 1815-ին Վագանկովոյում Լազարյանների գնած հողամասում, որտեղ գտնվում է նաև հայկական գերեզմանատունը, կառուցվել է Ս. Հարություն եկեղեցին:
XVIII դ. 2-րդ կեսին և XIX դ. 1-ին կեսին ծավալված լուսավորական շարժմանը մեծապես նպաստել է 1815-ին բացված Լազարյան ճեմարանը, որի շնորհիվ ստվարացել է հայ մտավորականության և երիտասարդության թիվը: Մոսկվայում իրենց գիտական, գրական գործունեությունն են ծավալել Միքայել Նալբանդյանը, Մկրտիչ էմինը, Գրի-