Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գոր Խալաթյանը, Ստեփանոս Նազարյանը, Խաչատուր Քուչուկ-Հովհաննիսյանը, Լևոն Մսերյանը, Սմբատ Շահազիզը, Գևորգ Քանանյանը և ուրիշներ:

XIX դ. Մոսկվան Ռ-ում հայկական մամուլի և գրահրատարակչության հիմնական կենտրոն էր: Առաջին հայերեն գիրքը տպագրվել է 1819-ին: 1829-ին հիմնվել է Լազարյան ճեմարանի տպարանը: Մոսկվայում հայ պարբերական մամուլի առաջնեկներն էին Ս. Նազարյանի ու Մ. Նալբանդյանի «Հյոաիսափայլը» (1858-64) և Մսեր ու Զարմայր Մսերյանների «Ճռաքաղը» (1858-1862) գրական ժողովածուն: Մոսկվայի հայ համայնքի մասին տեղեկություններ են հաղորդել նաև «Համբավաբեր Ռուսիո» թերթը, «Փարոս» տարեգիրքը ևն: XIX դ. վերջին ֊ XX դ. սկզբին լույս են տեսել «Հանդես գրականական և պատմական», «Էմինյան ազգագրական ժողովածու» և ծանրակշիռ գրական ու գիտական այլ հրատարակություններ: Մոսկվայում ռուսերեն լույս են տեսել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», «Հայ ժողովրդի պատմության քննությանը վերաբերող ակտերի ժողովածուն» (եռահատոր), «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (1897) հասարակական-քաղաքական և գրական ժողովածուն (որից ստացված եկամուտները հատկացվել են արևմտահայ որբերին): 1916-ի հունվարից լույս է տեսել «Արմյանսկի վեստնիկ» շաբաթական հանդեսը: Մոսկվայում Վ. Բրյուսովի նախաձեռնությամբ լույս տեսած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (1916) ժողովածուն ռուս մտավորականության բողոքի ձայնն էր ընդդեմ հայերի ցեղասպանության: XIX դ. կեսին Լազարյան ճեմարանի ուսանողների ուժերով կազմակերպվել է առաջին հայկական թատերական խումբը, որը հետագա տասնամյակների ընթացքում հայերեն ներկայացումներ է տվել:

XIX դ. 2-րդ կեսին շատ հայ վաճառականներ (Թամանցեները, Բոյաջիևները, Լիանոզովները, Ջանումովները, Անանովները և ուրիշներ) Մոսկվայում ունեին խանութներ և առևտրական ընկերություններ: Մոսկվայի հայ մտավորականության մեջ կային աչքի ընկնող շատ բժիշկներ, փաստաբաններ, ճարտարագետներ, դերասաններ: Հայտնի էին ականավոր հայ գիտնականներ և հասարակական գործիչներ Ա. Ջիվելեգովը, Գ. Ջանշիևը, դերասաններ Ա. Սումբատով-Յուժինը, Ռ. Չինարովը և ուրիշներ: Մոսկվայում գործել են բազմաթիվ հայկական հասարակական ընկերություններ (ուսանողական, կրթական, մշակութային, բարեգործական ևն) ու քաղաքական կուսակցություններ, կազմակերպություններ:

XIX դ. վերջին - XX դ. սկզբին բազմաթիվ հայ ուսանողներ ներգրավվել են հեղափոխական գործունեության ոլորտը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ համայնքը և նրա գործիչները պատերազմի վիրավորներին, հայ կամավորներին և գաղթականներին օգնելու նպատակով կազմակերպել են Մոսկվայի հայկական կոմիտեն (1914-18):

Լազարյան ճեմարանի շենքում բացվելն Հայ մշակույթի տունը, որտեղ գործել են թատերական, երաժշտական և գեղարվեստական ստուդիաներ, կազմակերպվել թատերական ներկայացումներ, համերգներ, գեղարվեստական ցուցահանդեսներ:

1966-ին Մոսկվան դարձել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի նորաստեղծ թեմի կենտրոնը:

1980-ական թթ. վերջին - 1990-ական թթ. սկզբին Մոսկվայի հայ համայնքը խիստ ստվարացել է: ԽՍՀՄ փլուզումից հետո տարբեր տարածաշրջաններում բռնկված ազգամիջյան ընդհարումների և ստեղծված տնտեսական ծանր պայմանների հետևանքով Մոսկվա են եկել հայեր Ադրբեջանից, Աբխազիայից, Միջին Ասիայից, նաև Հայաստանից: Ներկայումս (2003) Մոսկվայում բնակվում է շուրջ 500 հզ. հայ: Նրանց զգալի մասն աշխատում է շինարարության, առևտրի և սպասարկման ոլորտներում: Արագորեն հարմարվելով շուկայական տնտեսության նոր ձևավորվող պայմաններին՝ մեծ թվով հայեր դարձել են ձեռնարկատերեր, ստեղծել են առետրական ֆիրմաներ, բանկեր ևն: Աշխուժացել է նաև հասարակական և մշակութային կյանքը. գործում են Հայկական լուսավորական «Մաշտոց» ընկերությունը (1987), Հայ-ռոաական մշակութային լուսավորական «Հյուսիսափայլ» միավորումը (1988), Մոսկվայի հայկական մշակութային ընկերությունը (1989), Հայաստանի տեխնոլոգիական և մտավոր զարգացման հիմնադրամի Մոսկվայի մասնաճյուղը (1990), Հայաստանի հետ բարեկամության