Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Հովսեփյանը (արժանացել է Դաղստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման), Ս. Քոչարյանը, Ռ. Ջրբաշյանը:

Հայաստանն օգնել է վերացնելու 1970-ին Դաղսաանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, վերականգնելու Բույնակսկ քաղաքը:

Մախաչկալայում (մինչև 1922-ը՝ Պետրովսկի պորտ, 1923-ից՝ Դաղստանի մայրաքաղաքը) հայկական համայնքը ձևավորվել է XIX դ. կեսին: 1877-ից գործում է Ս. Պողոս-Պետրոս հայկական եկեղեցին: Հայ բնակչության հիմնական մասը զբաղվել է առևտրով ու արհեստներով: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայերի թիվը 1000 էր:

Դերբենդում հայերը հիշատակվում են XI դարից: Միջնադարյան Դերբենդում եղել է հայկական համայնք, որը համալրվել է Արևելյան Անդրկովկասից հայ բնակչության ներհոսքի հետևանքով: Որոշ արաբական աղբյուրներում Դերբենդը անվանվում է «Հայկական քաղաք»: Սակայն XVIII դ. սկզբին Պետրոս I-ի Կասպիական արշավանքի և XVIII դ. վերջին գեներալ Զուբովի արշավանքից հետո Դերբենդի և մերձակա գյուղերի հայերը նահանջող ռուսական զորքերի հետ հեռացել են՝ չցանկանալով մնալ Սեֆյանների լծի տակ:

XIX դ. սկզբին (Դաղստանը Ռ-ին միանալուց հետո) Դերբենդում սկսել է վերականգնվել հայկական համայնքը: Բացի նախկին Ս. Ամենափրկիչ եկեղեցուց, 1870-ին կառուցվել է Ս. Աստվածածին հայկական եկեղեցին: XIX դ. 2-րդ կեսին բացվել են հայկական ծխական և Մարիամյան իգական դպրոցները: 1913-ին Դերբենդում ապրում էր մոտ 3 հզ. հայ:

Ղզլարում հայերը հաստատվել են քաղաքի հիմնադրումից (1735) անմիջապես հետո: 1736-ից Ղզլարի ամրոցում տեղավորվել են ռուսական բանակի հայկական և վրացական հեծելավաշտեր: Ռուսական կառավարության որոշմամբ կայազորը ծառայողների համար առանձնացվել են տնատեղ և վարելահողեր: Այսպես աստիճանաբար ձևավորվել է հայկական թաղամասը: Հայ բնակչությունը զբաղվել է հիմնականում գինեգործությամբ (նաև կոնյակի արտադրությամբ), շերամապահությամբ (հայերը եղել են կոնյակագործության և շերամապահության հիմնադիրները Ռ-ում) և առևտրով (Ղզլարում եղել է Հայկական շուկա): 1798-ին Ղզլարում բնակվել է 2779 հայ: 1799-ին Պավել I-ի հրովարտակով հայերին շնորհվել են նույնպիսի արտոնություններ, ինչպիսիք տրվել են Ռ. հրավիրված օտարերկրացիներին: XVIII դ. 2-րդ կեսին Ղզլարում հիմնվել է հայկական դատարան՝ վարչական և իրավական գործերը վարելու, ինչպես նաև հարկերի և պարհակների գործը տնօրինելու համար (գոյատևել է մինչև 1840-ը): XIX դ. վերջին հայերի թիվը 6 հզ. էր (քաղաքի բնակչության 2/3-ից ավելին): Ղզլարում գործել են կովկասահայ մշակութային և հասարակական ընկերությունների բաժանմունքներ: Հայերը մասնակցել են տեղի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների գործունեությանը:

Գործնականում հայերին են պատկանել քաղաքի բոլոր օղու գործարանները, սեկի, կաշվի, ներկարարական ֆաբրիկաները, արհեստագործական շատ արհեստանոցներ: Մինչև XX դ. հայերը պահպանել են իրենց հիմնական զբաղմունքները՝ այգեգործություն, խաղողագործություն, գինեգործություն, արհեստագործություն, առևտուր: Որոշ հայեր խանութներ են ունեցել Մոսկվայում և Պետերբուրգում: Ղզլարի հայերը հետագայում ևս ազդեցիկ դեր են ունեցել իշխանության քաղաքային մարմիններում: Երկար տարիներ Ղզլարի քաղաքապետն էր խոշոր հայ վաճառական Գասպար Մամաջանյանը:

Ղզլարում գործել են Ս. Աստվածածին (XVIII դ. 2-րդ կես), Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Սարգիս (XIX դ. սկիզբ) հայկական եկեղեցիները:

1817-ին աչքի ընկնող հասարակական գործիչ Գևորգ Խուբյանի նախաձեռնությամբ բացվել է առաջին հայկական դպրոցը: 1840-ին հիմնվել է հոգևոր դպրոցը, 1872-ին՝ Մարիամյան իգական դպրոցը: 1880-ին կազմակերպվել է բարեգործական ընկերություն՝ բժիշկ Ռոմանոս Սեշվելյանի գլխավորությամբ:

Դպրոցի սաների և Մոսկվայի Լազարյան ճեմարանի ու համալսարանում ուսանած տեղի հայ երիտասարդների ջանքերով ստեղծվել են թատերախմբեր: Առաջին ներկայացումը կազմակերպվել է 1859-ին: 1867-ին տեղի են ունեցել նաև առաջին պրոֆեսիոնալ բեմադրությունները՝ Կոստանդնուպոլսից ժամանած ճանաչված հայ դերասաններ Ֆասուլաճյան ամուսինների ուժե-