Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րով: Քաղաքի մշակութային կյանքում մեծ ներդրում է կատարել Ղզլարում ծնված անվանի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը, որը 1905-ին հայրենի քաղաքում կազմակերպել է հայկական քառաձայն երգչախումբ: Ղզլարում են ծնվել նաև հայ մտավորականության աչքի ընկնող ներկայացուցիչներ, ճանաչված հայագետ, Մոսկվայի Լազարյան ճեմարանի տեսուչ Գևորգ Կանանյանը, ՌՍԴԲԿ գործիչ Իսահակ Լալայանցը, գինեգործ Գեորգի Աղաբաբյանցը և ուրիշներ:

1981-ին Ղզլարում ապրում էր շուրջ 4 հզ., 2003-ին՝ 8 հզ. հայ:

Թաթարստանի Հանրապետություն (Թաթարստան), պետական կազմավորում ՌԴ կազմում: Տարածքը՝ 68 հզ. կմ²: Բնակչությունը՝ 3,8 մլն (2001): Մայրաքաղաքը՝ Կազան:

Կազանում հայ համայնքը կազմավորվել է XV դ. և XVI դ. 1-ին կեսին: Հայերը մասնակցել են Մոսկովյան իշխանության և Կազանի խանության միջև մղված կռիվներին: Ցայսօր պահպանվել են Հայկական փողոց, Հայկական հրապարակ, Հայկական գերեզմանատուն անվանումները, գերեզմանատանը՝ հայկական տապանաքարեր և արևի ժամացույց: Հայերի բնակության շրջանը կոչվել է Մահուդի թաղամաս, ինչը վկայում է, որ հայերի մեջ եղել են ոչ միայն առևտրականներ, այլև արհեստավորներ: Տեղեկություններ կան նաև XVI-XVII դդ. հայկական եկեղեցու մասին: Կազանում բռնկված համաճարակի հետևանքով հայերը հեռացել են այստեղից: 1839-52-ին Կազանի համալսարանում գործել է հայոց լեզվի ամբիոն, որը 1842-49-ին ղեկավարել է Ստեփանոս Նազարյանը:

Կարելիայի Հանրապետություն, պետական կազմավորում ՌԴ կազմում: Տարածքը՝ 172,4 հզ. կմ²: Բնակչությունը՝ 760,6 հզ. (2002): Մայրաքաղաքը՝ Պետրոզավոդսկ:

Կարելիայի հայ համայնքը ձևավորվել է 1980-ական թթ. վերջին 1990-ական թթ. սկզբին: Ներկայումս (2003) հանրապեաությունում բնակվում է շուրջ 2 հզ. հայ, մեծ մասը՝ Պետրոզավոդսկում, որի հրապարակներից մեկում խաչքար է տեղադրված: Կարելիայի հայ համայնքի նախագահն է Էդուարդ Բաբայանը:

Պետրոզավոդսկը և Էջմիածինը քույր քաղաքներ են:

Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետություն, պետական կազմավորում ՌԴ կազմում: Տարածքը՝ 8 հզ. կմ²: Բնակչությունը՝ 677 հզ. (2001): Մայրաքաղաքը՝ Վլադիկավկազ:

Հանրապետությունում բնակվում է շուրջ 30 հզ. հայ. մեծ մասը կենտրոնացած է Վլադիկավկազում և Մոզդոկում, մնացած մասը՝ Բեսլան, Ալազիր քաղաքներում և շրջակա գյուղերում:

Վլադիկավկազում (1931-44 և 1954-91-ին՝ Օրջոնիկիձե, 1944-54- ին՝ Ձաուջիկաու) 1920-ական թթ-ից կա հայկական մատուռ: XVIII դ. վերջին - XIX դ. սկզբին Վրսդիկավկազի կենտրոնում գտնվող Արմյանսկայա փողոցում կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ քարաշեն եկեղեցին, որին կից գործել է հայկական ծխական դպրոց (փակվել է 1885-ին): 1913-ին Վլադիկավկազում ապրում էր 5 հզ. հայ, 1920-ական թթ.՝ 6,5 հզ-ից ավելի: Հայ բնակչության թիվը նկատելիորեն ավելացել է Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին՝ ի հաշիվ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Անդրկովկասից եկած փախստականների: Հայերի նոր հոսքը Վլադիկավկազ սկսվել է 1980-ական թթ. վերջից, համայնքի ազգային կյանքն աշխուժացել է: Ստեղծվել է «Էրեբունի» հայկական ընկերությունը: Քաղաքի իշխանությունները համայնքին են վերադարձրել Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին: Մանկավարժ Ալեքսանդր Վարդանյանի գլխավորությամբ 1991-ին բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց: 1994-ից Վլադիկավկազի վեց դպրոցներում գործում են հայկական դասարաններ:

Ներկայումս (2003) Վլադիկավկազում բնակվում է շուրջ 20 հզ. հայ:

Մոզդոկի հիմնադրումից հետո (1763), Եկատերինա II կայսրուհու հրամանով, այստեղ են տեղափոխվել 2 հզ-ից ավելի հայեր (հիմնականում Ղզլարից), որոնք և դարձել են քաղաքի հիմնական բնակիչները: Հայկական թաղամասը եղել է ամենամեծը: 1778-ին կառուցվել է առաջին հայկական եկեղեցին, 1849-ին բացվել է հայկական ծխական դպրոց: Մոզդոկահայերին թույլատրվել է ունենալ դատարան, որն առաջնորդվել է Աստրախանի հայոց դատաստանագրքով: Տրվել են նաև առևտրական արտոնություններ: Հայերը զբաղվել են արհեստներով (աչքի են ընկել պղնձագործները, արծաթագործները, կոշկակարները, դերձակները), այգեգործությամբ: Մոզդոկում հայերը եղել են մետաքսի հիմնական արտադրողները, տիրել են մոմաձուլական գործարանների մեծ մասին, կարևոր դեր են խաղացել ամբողջ նախակովկասի տնտեսական զարգացման մեջ: XIX դ. 1-ին կեսին ցարական կառավարությունը սահմանափակել է հայերի իրավունքները (ինչպես Ռ-ի բոլոր հայկական գաղութներում), վերաց-