Նովոռոսիյսկը հիմնվել է 1838-ին՝ հայազգի ծովակալ Լազար Սերեբրյակովի (Արծաթագործյան) նախաձեռնությամբ: 1840-ին այստեղ հայեր են հասաաավել Ղրիմից, 1868-ին՝ Սամսունի և Տրապիզոնի շրջաններից: 1849-ին կազմավորվել է հայկական ծխական համայնք: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Նովոռոսիյսկում կար 1800, 1920-ական թթ. կեսին՝ 4 հզ-ից ավելի հայ: Հայրենական պատերազմից հետո համայնքը համալրվել է Վրաստանի հայաշատ շրջաններից և Շիրակի գյուղերից եկած հայերով: 1990-ական թթ. Նովոռոսիյսկի հայ բնակչությունը կտրուկ աճել է ի հաշիվ Անդրկովկասից գաղթած հայերի: Ներկայումս (2003) այստեղ բնակվում է շուրջ 20 հզ. հայ:
1990-ական թթ. սկզբից գործում է «Լույս» հայկական մշակութալուսավորական ընկերությունը: Լույս է տեսնում «Լույս» (1992, ռուսերեն, հայերեն) թերթը:
Նովոռոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր է Ռ. Մինասյանը:
Սոչիում հայերը սկսել են հաստատվել XIX դ. վերջից: 1897-ի մարդահամարի տվյալներով՝ այստեղ բնակվել է 180 հայ: Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին տեղի հայ բնակչությունը նկատելիորեն ավելացել է ի հաշիվ Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասից եկած փախստականների:
Սոչիի շրջանի վարչական տարածքի մեջ մտնում են նաև Ադլերը, Խոստան, Լազարեսկը, որտեղ նույնպես հայկական համայնքներ կան: 1955-ին կառուցված Սոչիի նավահանգստի նախագծի հեղինակն է ճարտարապետ Կ. Հալաբյանը:
1980-ական թթ. վերջին - 1990-ական թթ. սկզբին Սոչիում հայ ազգային կյանքը սկսել է աշխուժանալ: Համայնքը ստվարացել է Աբխազիայի հակամարտության գոտուց, Ջավախքից, Ախալցխայից, Ծալկայի շրջաններից և Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանի շրջաններից արտագաղթածների հաշվին: Ստեղծվել է «Սևան» հայկական մշակութային կենտրոնը, որը կազմակերպել է շաբաթօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ: 1990-91 ուսումնական տարում քաղաքի վեց դպրոցներում բացվել են հայկական դասարաններ (ընդամենը՝ 1500 աշակերտ), 19 ռուսական դպրոցներում ուսուցանվում է հայոց լեզու, իսկ մանկավարժական ուսումնարանին կից՝ հայկական դպրոցների տարրական դասարանների համար՝ ուսուցիչների պատրասաման խումբ: Սոչիի համալսարանում բացվել է հայագիտական ֆակուլտետ:
1992-ից գործում է Ս. Խաչ մատուռը: Ներկայումս (2003) Սոչիում բնակվում է շուրջ 100 հզ. հայ:
Լույս են տեսնում «Սևան», «Լույս Համշենի» (հայերեն, ռուսերեն), «Արմյանսկիե վեստի» ռուսերեն պարբերականները:
Սոչիի քաղաքային դումայում կան հինգ հայազգի պատգամավորներ:
Տուապսեում հայերը սկսել են հաստատվել XIX դ. վերջից: Եկել են հիմնականում Տրապիզոնի և Սամսունի շրջաններից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի թիվը զգալիորեն աճել է ի հաշիվ արևմտահայ փախստականների:
Ներկայումս (2003) Տուապսե քաղաքում և շրջանի գյուղերում ապրում է շուրջ 15 հզ. հայ:
XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին հայերը Կրասնոդարի երկրամասում հիմնել են գյուղեր կամ հաստատվել եղած գյուղերում՝ կազմելով դրանց բնակչության զգալի մասը: Այդ գյուղերի ընդհանուր թիվը շուրջ 60 է: Դրանցից են՝ Տենգինկա (հայերը հաստատվել են 1859-60-ին), Լերմոնտովո (հիմնել են հայերը՝ 1860-ին), Թերզյան (հիմնվել է 1861-ին), Արմյանսկ (հայերը հաստատվել են 1870-ին), Ղոյթխ (հիմնվել է 1881-ին), Ռազդոլնոյե (հիմնվել է 1894-ին), Կուշինկա (հիմնվել է 1895-ին), Չերեշնյա (հիմնվել է 1897-ին), Աբազով (հիմնվել է 1916-ին), Զուբով (հիմնվել է 1919-ին), Լոռ (հիմնվել է XIX դ. 2-րդ կեսին) և ուրիշներ: Գյուղերի մի մասում մինչև 1930-ական թթ. եղել են հայկական եկեղեցիներ և դպրոցներ: Այժմ հայկական դպրոցներ կան Չերեշնյա և Լոռ գյուղերում:
Կրասնոյարսկի երկրամասի հայ համայնքը կազմավորվել է 1980-ական թթ.: Համայնքի ազգային կյանքը կազմակերպում է 1988-ի դեկտեմբերի 20-ին Կրասնոյարսկ քաղաքում (երկրամասի վարչական կենտրոնը) ստեղծված «Սուրեն Սպանդարյան» հասարակական կազմակերպությունը: Ներկայումս (2003) Կրասնոյարսկ քաղաքում բնակվում է շուրջ 10 հզ. հայ: Ամբողջ Կրասնոյարսկի երկրամասում, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է 40-50 հզ. հայ: Զբաղվում են հիմնականում շինարարությամբ, շիննորոգման աշխատանքներով, առևտրով: Կան հայտնի մարդիկ գիտության, բժշկության, գործարարության բնագավառներում. ՌԴ վաստակավոր ճարտարապետ, Ռ-ի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Արեգ Դեմիրխանովը, ճարտարապետ և քանդակագործ Իշխանովը, Հյուսիսի բժշկական հիմնախնդիրների ինստիտուտի գլխավոր բժիշկ Գասպարովը, գործարարներ Սարգիս Մուրադյանը, Ալեքսանդր Խուրշուդյանը, Բորիս Սարգսյանը, «Եղբայրություն» հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Խաչիկ Խաչատրյանը, ջութակահար Վարդան Մարկոսյանը և ուրիշներ:
Գործում է Ս. Սարգիս հայկական եկեղեցին (օծվել է 2003-ի մայիսին, նախագծի հեղինակ՝ Ա. Դեմիրխանով), որը կառուցվել է բարերար