Սարգիս Մուրադյանի միջոցներով և տեղի հայ համայնքի ջանքերով: Գործում է նաև կիրակնօրյա հայկական դպրոց:
Ստավրոպոլի երկրամասում հայերը սկսել են բնակվել XVIII դ. վերջից: XIX դ. վերջին զգալի թվով հայեր են ներգաղթել Տրապիզոնի և Սամսունի գյուղերից: Կենտրոնացել են Ստավրոպոլ, Գեորգիևսկ, Եսենտուկի, Ժելեզնովոդսկ, Կիսլովոդսկ, Միներալնիե Վոդի, Սուրբ Խաչ, Պյատիգորսկ քաղաքներում և մի շարք գյուղերում: Երկրամասի քաղաքաբնակ հայ բնակչությունը հիմնականում զբաղվել է առևտրով, ավելի ուշ՝ XIX դ. կեսից, մասնակցել է երկրամասում արդյունաբերական ձեռնարկությունների (հիմնականում գյուղատնտեսական մթերքների վերամշակման) ստեղծման ու զարգացման գործին: Զգալի թվով հայեր աշխատել են տեղական իշխանության մարմիններում, առողջապահության և լուսավորության բնագավառներում: Գյուղերի, մասամբ նաև քաղաքների հայ բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ:
Երկրամասի մի շարք քաղաքներում գործել են հայկական եկեղեցիներ և դպրոցներ, իսկ Պրիկումսկում եղել է հայկական մագիստրատ, մինչև 1870-ը պահպանվել է հայկական դատարանը:
1920-ից հայ ազգային կյանքը Ստավրոպոլի երկրամասում անկում է ապրել:
1989-ի մարդահամարի տվյալներով՝ երկրամասում բնակվել է 72530 հայ:
1980-ական թթ. վերջին 1990-ական թթ. սկզբին զգալիորեն ուժեղացել է հայերի ներհոսքը Ստավրոպոլի երկրամաս: 1993-ին հայերը կազմել են երկրամասի բնակչության մոտ 3 %-ը՝ զբաղեցնելով երրորդ տեղը (ռուսներից և կարաչայներից հետո):
Ներկայումս (2003) հայերի թիվը Ստավրոպոլի երկրամասում շուրջ 400 հզ. է: Ստավրոպոլ, Պյատիգորսկ, Բուդյոնովսկ (Պրիկումսկ), Եսենտուկի, Կիսլովոդսկ, Ժելեզնովոդսկ և այլ քաղաքներում կրկին ձևավորվել են հայկական համայնքներ, կազմակերպվել մի շարք հայկական մշակութային միություններ և ընկերություններ, եկեղեցական խորհուրդներ:
Երկրամասի հայ համայնքի ղեկավարն է նահանգապետի օգնական Գենադի Ոսկանյանը:
Ստավրոպոլի երկրամասում են ծնվել Խորհրդային Միության հերոսներ Կոստանդին Նազարովը (Նազարյան) և Գրիգոր Հակոբյանը:
Ստավրոպոլ քաղաքում (Ստավրոպոլի երկրամասի վարչական կենտրոնը) առաջին հայ բնակիչները (Նոր Նախիջևանից) հաստատվել են XIX դ. սկզբին: XIX դ. առաջին կեսին ձևավորվել է հայկական համայնքը, կառուցվել է հայկական մատուռ, իսկ XIX դ. կեսին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ քարաշեն եկեղեցին: 1851-ին բացվել է առաջին հայկական ծխական դպրոցը: XX դ. սկզբին ստեղծվել է հայկական թատերախումբ:
Հայերը մեծ դեր են խաղացել քաղաքի առևտրաարդյունաբերական կյանքում:
1840-ին Թիֆլիսից եկած վաճառական Գ. Թամամշյանը կառուցել է ջրատար: Հայերին են պատկանել քաղաքի ամենամեծ խանութը և խոշորագույն շոգեաղացը: 1913-ին Ստավրոպոլում բնակվել է 1,5 հզ. հայ:
Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին հայ բնակչությունն աճել է ի հաշիվ Արևմտյան Հայաստանից եկած փախստականների: Ավելացել է հայկական դպրոցում սովորողների թիվը, ստեղծվել են հայկական ակումբ և թատերախումբ: 1920-ական թթ. վերջին քաղաքում հայ ազգային կյանքն անկում է ապրել: Ստավրոպոլի հայ համայնքը կրկին սկսել է զարթոնք ապրել 1990-ական թթ. սկզբին: Գործում են Ստավրոպոլյան հայկական ազգային ինքնավարությունը և Ստավրոպոլի երկրամասի հայկական համայնքների համադրիչ խորհուրդը:
1997-ին օծվել է Ստավրոպոլի Ս. Մարիամ Մագդաղենացի նորակառույց մատուռը: Լույս է տեսնում «Նաիրի» թերթը: Ներկայումս քաղաքում բնակվում է շուրջ 15 հզ. հայ:
Բուդյոնովսկ (մինչև 1920-ը՝ Սուրբ Խաչ, 1920-35 և 1957-73-ին՝ Պրիկումսկ, 1935-57 և 1973-ից՝ Բուդյոնովսկ) քաղաքը հիմնել են 1799-ին Դաղստանից և Արևելյան Անդրկովկասից եկած հայերը: Կայսերական հրովարտակով քաղաքին հատկացվել է 12 հզ. դեսյատին հող, բնակիչները 10 տարով ազատվել են հարկերից և պարհակներից: Սուրբ Խաչում հիմնվել է հայկական մագիստրատ, որտեղ գործերը քննվել են հայոց լեզվով և հայկական ավանդական օրենքների և սովորույթների համաձայն: 1861-ին Սուրբ Խաչում եղել է մոտ 3 հզ. բնակիչ, գործել է հայկական եկեղեցի: 1872-ին բացվել են արական, իսկ 1892-ին՝ իգական ծխական ուսումնարաններ:
Քաղաքի հայ բնակչությունը զբաղվել է առևտրով, արհեստներով և հողագործությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայ բնակչության թիվն անցել է 5 հզ-ից՝ կազմելով քաղաքի բնակչության մոտավորապես մեկ երրորդը:
Հայերն այժմ էլ կազմում են Բուդյոնովսկի բնակչության զգալի մասը (շուրջ 8 հզ.): 1990-ական թթ. սկզբին ձևավորվել է հայկական համայնքը՝ իր վարչությամբ: Գործում է հայկական եկեղեցին: Քաղաքի դպրոցներից մեկում մտցվել է հայոց լեզվի և գրականության արտադասարանական ուսուցում: