Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քային գործիչների նախաձեռնությամբ: 1981-ին Շամլյան ամուսինների նվիրատվությամբ և գաղութում կատարված հանգանակությամբ վարժարանը ձեռք է բերել նոր շենք: Ունի Ռիչարդ Թուֆենկյանի անվան մանկապարտեզ, տարրական և միջին բաժիններ, երգչախումբ, մարզական խմբեր (բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի): Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կրոն, երգ: Ուսուցումն իրականացվում է և՛ արևմտահայերեն, և՛ արևելահայերեն: Աշակերտների թիվը՝ 429: Հրատարակում է տարեգիրք («Կամք»), պարբերաթերթեր («Մեր ձայնը», «Լրատու»): Վարժարանին հատկացված են մնայուն հիմնադրամներ, որոնց հասույթով նվեր-մրցանակներ են շնորհվում ավարտական դասարանների աշակերտներին:

Համագաղութային հայ վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1977-ին, Ֆրեզնոյում՝ տեղի հայ համայնքի նյութական օժանդակությամբ: Ունի մանկապարտեզ, տարրական բաժին, պարախումբ, երգչախումբ, մարզական խմբեր: Աշակերտների թիվը՝ 88: Հրատարակում է պարբերաթերթ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1977-ին, Նյու Յորքում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, տարրական և միջին բաժիններ: Աշակերտների թիվը՝ 70:

Մխիթարյան հայրերի հայկական վարժարան, հայ կաթոլիկ ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1979-ին, Լա Քրեսենթայում՝ հայր Մ. Ազյանի նախաձեռնությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, տարրական և միջին բաժիններ, մարզական խմբեր, պարախումբ, երգչախումբ, թատերախումբ: Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, գծագրություն, երգ, պար: Աշակերտների թիվը՝ 350: Հրատարակում է տարեգիրք-օրացույց («Մխիթարյան ձայն»):

Գռուզյան-Զաքարյան Վասպարական վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1980-ին, Սան Ֆրանցիսկոյում՝ Արևմտյան շրջանի անթիլիասական թեմին պատկանող եկեղեցու հոգաբարձությամբ և ՀՀԴ նախաձեռնությամբ: Ունի մանկապարտեզ և միջին (1-8-րդ դասարաններ) բաժին: Դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, երգ: Աշակերտների թիվը՝ 171: Հրատարակում է տարեգիրք («Ծիծեռնակ»), ծնողաուսուցչական մարմնի տեղեկատու պարբերաթերթ:

Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1980-ին, Ալթադենայում՝ համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ: Ունի մանկապարտեզ և միջին բաժին: Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն: Աշակերտների թիվը՝ 195: Հրատարակում է տարեգիրք («Հայ դպրոց»):

Արշակ Տիգրանյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1981-ին, Հոլիվադում՝ Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և Արշակ Տիգրանյանի նվիրատվությամբ: Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ (1-12-րդ դասարաններ): Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, ազգային երգ, պար: Աշակերտների թիվը՝ 276: Հրատարակում է տարեգիրք և պարբերաթերթ: Դպրոցում գործում են Հակոբ Պարոնյան թատերախումբը, երգչախումբ, պարախումբ, մարզական խմբեր (թեթև աթլետիկայի, բասկետբոլի, կարատեի):

Էմմանուել Աստվածաշնչային քոլեջ, հայ ավետարանական հոգևոր ուսումնական հաստատություն: Հիմնվել է 1982-ին, Փասադենայում՝ Ե. Պապիկյանի նախաձեռնությամբ և Նազովրեցի Աստվածաշնչային քոլեջի հովանավորությամբ: Հայերենով դասավանդվում են քրիստոնեական դաստիարակություն, Սուրբ գրերի գիտություն, հայ ժողովրդի պատմություն, մշակույթ և հարակից այլ առարկաներ: Ունի 152 ուսանող: Շրջանավարտներին շնորհվում է աստվածաբանության բակալավրի աստիճան: Հրատարակում է «Հունձք» պարբերաթերթը:

Հայ քույրերի վարժարան, հայ կաթոլիկ ամենօրյա ուսումնական հաստատություն: Հիմնվել է 1982-ին, Լեքսինգթոնում: Ունի մանկապարտեզ, տարրական բաժին: Աշակերտների թիվը՝ 84:

Շառլոթ և Էլիզ Մերտինյան հայ ավետարանական վարժարան, ամե-