Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նօրյա վարժարան: Հիմնվել է 1982-ին, Շերման Օքսում՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական եկեղեցիների միության նախաձեոնությամբ և հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, տարրական և միջին բաժիններ, երգչախումբ, մարզական խմբեր: Ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, երաժշտություն, արվեստ: Աշակերտների թիվը՝ 255: Հրատարակում է տարեգիրք («Շողեր և հեռանկարներ»):

Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան (Ս. Գրիգոր Լուսավորիչ) վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1984-ին, Փասադենայում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախաձեռնությամբ և Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի առաջնորդարանի հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, տարրական, միջին (1-7-րդ դասարաններ) բաժիններ: Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն: Աշակերտների թիվը՝ 190: Հրատարակում է տարեգիրք: Ունի տղաների բասկետբոլի խումբ:

Հայ քույրերի վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1985-ին, Գլենդելում՝ քույրեր Հ. Չիֆթելյանի, Ա. Ալաճյանի նախաձեռնությամբ և Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միաբանության հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ և տարրական (1-6-րդ դասարաններ) բաժիններ: Ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, երգ, պար: Աշակերտների թիվը՝ 300: Հրատարակում է տարեգիրք:

Արի Կիրակոս Մինասյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1986-ին, Սանտա Անայում (Կալիֆոռնիա)՝ Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու հոգաբարձության նախաձեռնությամբ: Ունի մանկապարտեզ, միջին բաժին: Դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, երգ: Աշակերտների թիվը՝ 128: Գործում են մարզական խմբեր, երգչախումբ, պարախումբ: Հրատարակվում է տարեգիրք («Մինասյան բույն»), տեղեկատու-պարբերաթերթ:

Դավթյան-Մարիամյան կրթական հաստատություն, հիմնվել է 1988-ին, Լոս Անջելեսում՝ Թեհրանի հայոց ազգային արական Դավթյան և իգական Մարիամյան դպրոցների լոսանջելեսաբնակ մի խումբ սան-սանուհիների նախաձեռնությամբ: Հաստատությունը կազմակերպում է հայոց լեզվի և մշակույթի արտադասարանական դասընթացներ՝ Լոս Անջելեսի պետական դպրոցներ հաճախող հայ աշակերտների համար: Այս ծրագրից օգտվող աշակերտների թիվը 1000-ից ավելի է:

Մաշտոց երեկոյան և շաբաթօրյա հայերեն լեզվի դպրոց, հիմնվել է 1988-ին, Գլենդելում՝ Ա. Արամունի-Քեշիշյանի նախաձեռնությամբ և տնօրինությամբ: Ներկայումս չի գործում: Ուներ նախակրթարան և միջին (մինչև 8-րդ դասարան) բաժին, ասմունքի, թատերական խմբակներ: Դասավանդվում էին հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն:

Մխիթարյան կրթական հիմնարկ, հիմնվել է 1988-ին, Լոս Անջելեսում՝ Վենետիկի միաբան Տաճատ վրդ. Եարտըմյանի նախաձեռնությամբ: Հիմնարկը Վենետիկի Մխիթարյան կաթոլիկ միաբանության մասնաճյուղերից է և վայելում է Միաբանության հովանավորությունը: Նպատակն է նյութապես աջակցել Միաբանության ուսումնագիտական, հրատարակչական, ազգային և մշակութային գործին: Կազմակերպում է հայագիտական եռամսյա դասընթացներ, դասախոսություններ, գիաաժողովներ:

Առաջին քայլ մանկապարտեզ, հիմնվել է 1991-ին, Լա Քրեսենթայում՝ մի խումբ մանկավարժների նախաձեռնությամբ:

Լևոն և Հասմիկ Թավլյան մանկապարտեզ, հիմնվել է 1992-ին՝ ՀՀԴ Փասադենայի կոմիտեի ջանքերով և Թավլյան ընտանիքի նվիրատվությամբ:

Մաշտոց քոլեջ, հիմնվել է 1992-ին, Փասադենայում՝ Կ. Տեր-Եղիայանի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարների նյութական օժանդակությամբ: Ունի մանկավարժության, հայագիտության, կրթավարչագիտության, համակարգչային բաժիններ: Ուսանողների թիվը՝ 87: Հրատարակում է տարեգիրք («Մաշտոց») և լրատու-տեղեկատու: Շրջանավարտներին տրվում է բակալավրի աստիճան և վկայագիր:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

ԱՄՆ-ում հայկական առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886-ին, Նյու Յորքում: Այնուհետև, սկզբում ԱՄՆ-ի արևելյան, ապա արևմտյան ափին աստիճանաբար ստեղծվել են բազմաթիվ ու բազմաբնույթ կազմակերպություններ և ակումբներ, որոնց գործունեության գլխավոր առանցքը ազգային ինքնության պահպանումն է, ամերիկահայերի շահերի ու իրավունքների պաշտպանությունը, Հայկական հարցի լուծմանը նպաստելը:

Ամերիկահայության ազգային կյանքում նշանակալի դեր են կատարում հայ ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (վարչական կենտրոնը՝ Նյու Յորքում, իսկ մասնաճյուղերը գործում են ԱՄՆ-ի գրեթե բո-