Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԴՀԿ նույնանուն կազմակերպության մասնաճյուղը Փասադենայում: Հիմնադիրներ՝ Վանիկ և Արսեն Կիտուրներ: Միությունը ծավալում է հասարակական-ընկերային գործունեություն, կազմակերպում հավաքույթներ, միջոցառումներ: Ունի մասնաճյուղեր Լոս Անջելեսում, Գլենդելում, Սան Ֆեռնանդո հովտում:

Հայ օգնության միություն (ՀՕՄ), տիկնանց բարեգործական կազմակերպություն: Հիմնվել է 1910-ին, Նյու Յորքում՝ ՀՀԴ գործիչ Է. Ակնունու ջանքերով, ԱՄՆ-ի հայ տիկնանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ և կոչվել ՀՀԴ Կարմիր խաչ, 1919-ից՝ Հայաստանի Կարմիր խաչ, 1920-ից՝ Դստերք Հայկական Հանրապետության, 1921-ից՝ Հայ Կարմիր խաչ, 1946-ից՝ Հայ օգնության միություն: Գործում են ՀՕՄ-ի Արևելյան Ամերիկայի (1980-ից, կենտրոնը՝ Ուոթերթաուն) և Արևմտյան Ամերիկայի (1984-ից, կենտրոնը՝ Գլենդել) շրջանային վարչությունները: Միությունը ընկերային ծառայության գրասենյակներ է բացել Գլենդելում, Լոս Անջելեսում, Փասադենայում, Մոնթեբելոյում, Սան Ֆրանցիսկոյում, Ուոթերթաունում, Փրովիդենսում: Կազմակերպում է համալսարանական հայագիտական ամառային դասընթացներ, կրթաթոշակ հատկացնում հայ անապահով ուսանողներին: Միության հովանավորությամբ գործում են ամենօրյա (Դետրոյտ) և շուրջ 20 մեկօրյա վարժարաններ: Նյութական օժանդակություն է ցույց տալիս ԱՄՆ-ի, սփյուռքի և հայրենիքի կրթական, մշակութային, բարեսիրական և այլ հաստատությունների:

ՀՕՄ-ը Հայաստանում և Արցախում իրականացնում է վերականգնման ու զարգացման կարևոր ձեռնարկներ (բնակելի տների, կրթական կենտրոնների շինարարություն, առողջապահական, մշակութային ծրագրեր և այլն): ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունը հրատարակում է «Հայ սիրտ» պարբերաթերթը (1956-ից), իսկ Արևմտյան շրջանային վարչությունը՝ «ՀՕՄ-ARS» տեղեկատուն (1992-ից):

Միության մասնաճյուղեր են գործում Կալիֆոռնիա, Քոնեքթիքութ, Վաշինգտոն (Դի Սի), Ֆլորիդա, Իլինոյս, Մասսաչուսեթս, Միչիգան, Նյու Ջերսի, Նյու Յորք, Օհայո, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Վիսքոնսին, Կոլորադո, Արիզոնա, Տեխաս, Յուտա նահանգներում, ինչպես նաև Եվրոպայի, Միջին Արևելքի և աշխարհի այլ հատվածների հայկական համայնքներում:

Վարդանանց ասպետներ, եղբայրության սկզբունքների վրա հիմնված կազմակերպություն: Ստեղծվել է 1916-ի մայիսի 27-ին, Ֆիլադելֆիայում: Հիմնադիրներ՝ Բաբկեն եպս. Կյուլեսերյան, Կարապետ Մանավյան, Խաչատուր Պեննեյան, Մարտիրոս Անանիկյան, Հարություն Տատուրյան և ուրիշներ: Նպատակն է բարոյական և նյութական աջակցություն ցույց տալ Հայ եկեղեցուն, մշակութային, կրթական, մարզական և բարեգործական հաստատություններին, ինչպես նաև շնորհալի անձանց, պահպանել և հարստացնել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգությունը: Կազմակերպությունը հայրենիքում (հատկապես աղետի գոտում) իր հանգանակած միջոցներով զբաղվում է դպրոցների նորոգմամբ ու բարեկարգմամբ, ֆինանսական օգնություն ցույց տալիս Երևանի պետական և ճարտարագիտական համալսարանների բարձր առաջադիմությամբ և անապահով մի խումբ ուսանողների:

Ունի մասնաճյուղեր ԱՄՆ-ի 16 նահանգներում: Գործում է նաև կազմակերպության տիկնանց հիմնահարցերով զբաղվող Վարդանանց դուստրեր մասնաճյուղը:

Ամերիկայի հայ ազգային միություն, կազմավորվել է 1917-ին, Բոստոնում: Հիմնադիր նախագահ