Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրան Սվազլյանը եղել է Փարիզի Հայ ազգային պատվիրակության ներկայացուցիչը Վաշինգտոնում. հրատարակել միության “The Armenian Herald” (1917-19, Բոստոն) պաշտոնաթերթը: Նրա ղեկավարությամբ միությունը ԱՄՆ-ում գործող իր 187 մասնաճյուղերով ձգտել է համախմբել հայ համայնքի բոլոր քաղաքական, եկեղեցական և բարեսիրական խմբավորումներին, ամերիկահայության շրջանում կազմակերպել է կամավորական շարժումը («Արևելյան լեգեոն», 1917), ԱՄՆ-ի և Եվրոպայի հասարակությանը Հայ դատին ծանոթացնելու նպատակով հիմնել Մամլո գրասենյակ (1918), հրատարակել ու տարածել հայանպաստ գրականություն, աջակցել 1918-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցին առնչվող ունկնդրումներ անցկացնելուն, նպաստել ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայաստանի առաջին հանրապետություն գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ քննիչ հանձնախումբ գործաղելուն (1919) մասնակցել Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեի (1919, նախագահ՝ Ջեյմս Ջերարդ), Հայաստան-Ամերիկա ընկերության (1920, նախագահ՝ Ուոլթեր Ջորջ Սմիթ) ստեղծմանը, համազգային դրամահավաքների կազմակերպմանը, ինչպես նաև տարագիր հայրենակիցներին ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ճանաչված անցագիր-վկայականների տրամադրմանը և այլն: Միության ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920-ին Կոնգրեսում հանդես է եկել հայկական վիճելի տարածքների հանդեպ ԱՄՆ-ի մանդատային վերահսկողություն հաստատելու առաջարկով:

Ամերիկայի հայ ազգային միությունը ամերիկյան պաշտոնական շրջանակների կողմից ճանաչվել է որպես ամերիկահայ գաղութը ներկայացնող մարմին՝ դառնալով հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում:

Հայ դատի հանձնախումբ, ՀՀԴ կոաակցության հասարակական-քաղաքական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ: Հիմնվել է 1918-ին, Ուոթերթաունում՝ Հայ դատի հետապնդման ջանքերի համադրման նպատակով: 1945-ի մայիսին հանձնախումբը Ս. Վրացյանի նախագահությամբ հուշագիր-դիմում է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյում գումարված ՍԱԿ-ի հիմնադիր համաժողովին՝ թուրքական գրավման տակ գտնվող վիլսոնյան Հայաստանի հողերը սահմանակից Հայաստանի Հանրապետությանը կցելու խնդրանքով: Հանձնախումբն իրագործում է կուսակցության արտաքին քարոզչական գործունեությունը, կապեր հաստատում Ամերիկայի պաշտոնյաների, կոնգրեսականների, կուսակցությունների, օտար դիվանագետների, լրագրողների հետ, կազմակերպում հանդիսություններ, քաղաքական ելույթներ: Ունի գրասենյակներ Վաշինգտոնում, Ուոթերթաունում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում:

Քաղաքական աշխատանքները համադրելու նպատակով ՀՀԴ Արևելյան և Արևմտյան կենտրոնական կոմիտեների որոշմամբ 1983-ին Վաշինգտոնում հաստատվել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (Armenian National Committee of America - ANCA), գործադիր տնօրեն՝ Ա. Համբարյան: Գրասենյակն այսօր ակտիվ հայանպաստ լոբբիստական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ի պետական, կոնգրեսական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական շրջաններում, ինչպես նաև քարոզչական աշխատանք՝ ամերիկահայության շրջանում ազգային-քաղաքական գիտակցությունը բարձրացնելու, հայ երիտասարդությանը Հայ դատին ներգրավելու նպատակով, հայկական տեղեկություններ սփռում աշխարհով մեկ:

Հայ ուսանողների համար կազմակերպվում է ամառային ծրագիր Վաշինգտոնի կառավարական հաստատություններում աշխատելու և Հայ դատի հետապնդման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Լոս Անջելեսի Հայ դատի գրասենյակը կարևոր մասնակցություն է ունեցել Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում մարդու իրավունքների և ցեղասպանության առարկաների դասավանդման օրինագծի վավերացման (1985), ինչպես նաև նահանգային դասածրագրում Հայոց ցեղասպանությունը հիշատակելու (1988) գործում:

Հայ դատի հանձնախմբի գործունեությունն ԱՄՆ-ում լուսաբանում են «Ասպարեզ» (Գլենդել) օրաթերթը, «Հայրենիք» (Բոստոն) շաբաթաթերթը, “ANCA-WR bulletin’’-ը և «Հորիզոն» (Գլենդել) հեռուստածրագիրը: Վաշինգտոնի գրասենյակը հրատարակում է “TransCaucasus. A Chronology” տեղեկատուն:

Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ԱՍՆ-ի տեղական կազմակերպություն, 1919-ին ԱՄՆ-ում կազմվել է Ազգային ռամկավարական միությունը, իսկ 1921-ին Կ. Պոլսում Սահմանադրական ռամկավար կուսակցության, Վերակազմյալ հնչակյանների (Ազատական կուսակցություն), Հայ ժողովրդական կուսակցության սփյուռքում գտնվող անդամների միավորմամբ՝ Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ):