Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1994-ին՝ 430 հզ. (մեծ թվով հայեր հանգամանքների բերումով կրում են վրացական ազգանուն, մի մասն էլ ձուլվել է): Ներկայումս (2003) Վ-ում, ըստ մարդահամարի տվյալների, բնակվում է 249 հզ. (առանց Աբխազիայի), իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 350 հզ. հայ: Կենտրոնացած են Թբիլիսիում, Ախալցխայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա), Ծալկայի, ինչպես նաև Վրաստանի հարավարևելյան շրջաններում, Աջարիայում, Աբխազիայում: Գործում են 154 հայկական դպրոցներ, եկեղեցիներ, մի շարք գրական, մշակութալուսավորչական, հասարակական-քաղաքական կազմակերպություններ:

Վ-ում տարբեր տարիների լույս են տեսել 263 անուն հայերեն պարբերականներ: 1993-99-ին Թբիլիսիում, ապա Մոսկվայում լույս է տեսել «Հայոս-Քարթլոս» (ռուսերեն) հայ-վրացական գրական-գեղարվեստական եռամսյա հանդեսը: Ներկայումս (2003) լույս են տեսնում հայերեն «Վրաստան» շաբաթաթերթը, «Փարոս», «Արշալույս», «Ակունք» թերթերը, «Կամուրջ» և «Վերնատուն» տարեգրքերը:

Թբիլիսիում (պատմական՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) հայերը հաստատվել են VI դարից: VII դ. եպիսկոպոս է եղել Սահակ Տփղեացին: 631-ին կառուցվել է Ս. Գևորգ, 754-ին՝ Հրեշտակապետաց եկեղեցիները: Հայ Բագրատունիների թագավորության անկումից (XI դ.) հետո հայերի թիվը Թբիլիսիում զգալիորեն ավելացել է: Այստեղ հաստատված հայերը հիմնել են Հավլաբար և Սոլոլակ թաղամասերը: Վրաց թագավոր Գավիթ Շինարարի ժամանակներից կազմակերպված բնույթ է ստացել Այսրկովկասը սելջուկյան թուրքերից ազատագրելու հայ-վրացական համատեղ պայքարը: XII դ. Թբիլիսին դարձել է վիրահայ թեմի առաջնորդանիստ քաղաք: Իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն (XIII դ.) Թբիլիսիի հիմնական բնակիչներից հիշատակում է նաև հայերին: Վրաց Անանուն պատմիչի (XIV դ.) վկայությամբ՝ մոնղոլ Արդուն խանը XIII դ. 60-ական թթ. Վրաստանի պետական գործերի վարումը հանձնարարել է «ոմն Շադինի, ազգությամբ հայի»: Քարթլիի էրիսթավթ էրիսթավիի (իշխանաց իշխան) և Թբիլիսիի ամիրայի (քաղաքապետ) պաշտոնը դարձել է Արծրունի իշխանական տան ժառանգական արտոնությունը: Գիորգի III-ի, ապա Թամար թագուհու օրոք այդ պաշտոնը վարել է Աբուլ Հասան Ամիր-Քուրդ Արծրունին, որը մեծ կապեր է ունեցել ինչպես Վ-ի, այնպես էլ Հայաստանի առևտրավաշխառուական շրջանների հետ: Հայ մեծատուններից XIII դ. հիշատակվում են «փառավորյալ այր» Շնորհավորը, «երևելի մեծատուն» Ումեկը և ուրիշներ: Պատրիարք Մակարիուսի (XVII դ.) վկայությամբ՝ հայերը, հատկապես ունևոր առևտրականներն ու արհեստավորական խավերը, օգտվել են որոշակի արտոնություններից: Մեծ թիվ կազմելով՝ XVIII դ. նրանք արդեն միավորված էին համքարություններում: Առևտրի, նաև արհեստագործության շնորհիվ հայերի ձեռքում կուտակվել են դրամական խոշոր միջոցներ, աճել է երկրի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կյանքում նշանակալի դեր խաղացող հայ մեծահարուստների թիվը: Հայտնի էին Շադինյանները, Յուզբաշյանները, Խազարյանները, Թամամշյանները, Փիթոևները, Մանթաշյանները և ուրիշներ: Բոլոր մեծահարուստ հայերը եղել են նաև բարեգործներ: Թբիլիսի այցելած ֆրանսիացի հայտնի բուսաբան Ժ. Տուրնըֆորը նշել է, որ քաղաքի շուրջ 20 հզ. բնակիչներից 14500-ը հայեր էին: Այդ բանը հաստատել են վրաց պատմաբան և աշխարհագրագետ Վախուշտին (XVIII դ.), 1770-ական թթ. Հերակլ II-ի Քարթլի-Կախեթի թագավորության վերաբերյալ ռուսական արքունիքին ներկայացրած տեղեկագիրը և այլ աղբյուրներ: Հայերը զբաղեցրել են պետական և ար-