Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յեր էին, իսկ 1916-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 23168 մշտական բնակչից՝ 18165-ը: 1918-ի մայիսին Ախալցխայի քաղաքապետ Զորի Զորյանի գլխավորությամբ կազմակերպվել է քաղաքի հերոսական պաշտպանությունը թուրքական ներխուժումից: XIX դ. երկրորդ կեսին Ախալցխան արագ վերածվել է բարգավաճող արհեստագործական քաղաքի, որտեղ ստեղծվել ու գործել է Այսրկովկասի խոշորագույն արհեստավորական համքարություններից մեկը: Հայերն զբաղվել են հիմնականում ոսկերչությամբ, զինագործությամբ, բրուտագործությամբ, կոշկակարությամբ, կաշեգործությամբ: Քաղաքում հիմնվել են գավառային դպրոցը (1831), Կարապետյան (1844), Գայֆեճյան (1864), Վարդանյանց արական (1866), Եղիսաբեթյան օրիորդաց, Նոր Արշալույս Սաղաթելյան (1869), Գազազյանց (1871) վարժարանները: Գործել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության մասնաճյուղը: 1885-ին լույս է տեսել «Մանկավարժանոց» ամսագիրը, 1917-18-ին՝ «Շարժում» թերթը: Խորհրդային տարիներին Ախալցխայում լույս է տեսել. 1931-35-ին՝ «Դեպի սոցիալիզմ» (հայերեն, թուրքերեն, 1932-35-ին՝ միայն հայերեն), 1935-38-ին՝ «Կոմունիստ», 1939-44-ին՝ «Ունևոր կյանք», 1945-1991-ին՝ «Կարմիր դրոշ», 1991-98-ին՝ «Սամցխե» (վրացերեն, հայերեն) շրջանային թերթը: 1870-ից գործել է հայկական թատրոն, 1937-1941-ին՝ պետական, որտեղ հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշը, Պ. Ադամյանը, Հ. Աբելյանը, Վ. Փափազյանը: Թատրոնը փակվել է 1972-ին: Պահպանվում են Ախալցխայի բերդի (X-XI դդ.) ավերակները, կանգուն են Սաֆարայի վանական համալիրը (XIII դ.), հայկական եկեղեցիներ՝ Երևման Ս. Խաչ (XII-XIII դդ., հետագայում՝ հայ կաթոլիկ), Ս. Աստվածածին (1356, կիստվեր), Ս. Գրիգոր Լուսավորիչ (1837), Ս. Ստեփանոս (1840-ական թթ.), Ս. Նշան կամ Ս. Վարդանանց (1861), բազմաթիվ խաչքարեր: Ս. Ամենափրկիչ (1835-37,խորհրդային տարիներին ձևափոխվել և օգտագործվել է որպես սպայի տուն) եկեղեցում են զետեղվել Կարինի վանքերից ու եկեղեցիներից Կարապետ արք. Բագրատունու բերած 486 կտոր մասունքները: Ժամանակին լինելով առաջնորդանիստ՝ վերջինիս են պատկանել Ախալքալաքի գավառի 6 գյուղեր՝ իրենց վարելահողերով, մարգագետիններով ու լճերով, որոնք Կարապետ արքեպիսկոպոսը 1834-ին գնել է թուրքահպատակ կալվածատիրոջից:

1988-90-ական թթ. Ախալցխայի հայերի սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է: 1991-ի քաղաքացիական պատերազմը Վ-ում, տնտեսական և հոգևոր կյանքի ծանր պայմանները մեծ չափերի են հասցրել արտագաղթը Ռուսաստան:

Ներկայումս (2003) Ախալցխա քաղաքում բնակվում է 9,5 հզ. հայ: Շուրջ 15 հզ. հայ է ապրում նաև Ախալցխայի շրջանի 15 հայաբնակ գյուղերում (Աբաթխև, Խակ, Ծինուբան, Ծիրա, Ծղալթբիլա, Ծուղրութ, Ղուլայիս, Մեծ Պամաճ, Նիոխրեբ, Չեչերեկ (Ճալա), Ջուլղա, Սազել, Սուխլիս, Փոքր Պամաճ, Օրալ): Հայեր են բնակվում նաև Վալե ավանում, Ածղուր գյուղում ևն: Հայերը կազմում են շրջանի բնակչության ավելի քան 46 %-ը (53 հզ-ից՝ շուրջ 24,5 հզ-ը): Բոլոր հայկական բնակավայրերում գործում են հայկական դպրոցներ: Ախալցխայում գործում է 2 դպրոց, մեկը՝ միջնակարգ (Հ. Թումանյանի անվան № 3 դպրոց)՝ 600 աշակերտով, մյուսը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ 200 աշակերտով, Վալեում՝ 1 միջնակարգ (124) և 1 վրաց-հայկական՝ ոչ լրիվ միջնակարգ (50 աշակերտ) դպրոցներ: Շրջանի 17 հայկական դպրոցներում սովորում է 2053 աշակերտ: Քաղաքում գործում են «Շառլ Ազնավուր» բարեգործական-մշակութային, ազգային հասարակական այլ կազմակերպություններ: Շրջանի հայերի հոգևոր սպասարկումը կատարում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

1990-ից գործում է Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի Մեսխեթի մասնաճյուղը, որն ունի հայագիտական ամբիոն և պատրաստում է նաև հայոց լեզվի ու գրականության մասնագետներ:

Ախալցխայում (և շրջանում) են ծնվել պատմաբաններ Գ. Տեր-Մկրտչյանը, Ե. Գեղամյանը, Հ. Մանանդյանը, Հ. Ինճիկյանը, Վ. Բայբուրդյանը, լեզվաբան Ս. Մալխասյանցը, աշխարհագրագետ Ս. Էփրիկյանը, հնագետ Կ. Ղաֆադարյանը, գրականագետներ Ա. Ղանալանյանը, Ա. Ինճիկյանը, Պ. Հակոբյանը, Լ. Մկրտչյանը, գեղանկարիչներ Հ. Կոջոյանը, Վ. Սուրենյանցը, Վ. Գայֆեճյանը, կաթոլիկ եկեղեցու կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը, գրող Ա. Այվազյանը, բժիշկ Բ. Ֆանարջյանը, ֆիզիկոս Հ. Նավակատիկյանը, երգչուհի Լ. Զաքարյանը, ռեժիսոր և թատերական գործիչ Վ. Վարդանյանը, դերասաններ Կ. Խաչվանքյանը, Մ. Մանուկյանը, Շ. Ղազարյանը, Ռ. Վարդանյանը և ուրիշներ:

Ախալքալաքի շրջանը հարևան Նինոծմինդայի (մինչև 1991-ը՝ Բոգդանովկա) հետ կազմել է պատմա-