տուն» տարեգիրքը), Պ. Ադամյանի անվան Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը: Լույս են տեսնում «Կամուրջ» տարեգիրքը, «Վրաստան» օրաթերթը:
Ադիգենի շրջանում (կազմել է Սամցխեի արևմտյան հատվածը) հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: XVI դ. վերջին լրիվ կամ մասամբ հայաբնակ էին ինչպես Շոկա (Ալթունկալե) և Ուդե բերդաքաղաքները, այնպես էլ շուրջ երկու տասնյակ գյուղեր: Օսմանյան տիրապետության ընթացքում պարբերաբար կրկնվող բռնությունների հետևանքով հայերի թիվն այստեղ խիստ նվազել է, շատերը բռնի կրոնափոխ են եղել և թրքացել: 1824-ին շարունակում էին հայաբնակ մնալ Արալ, Բոլաջուր, Բենարա, Գորձե (Գորձվիլ), Աբասթուման, Ուդե գյուղերը, որոնց բնակիչները XX դ., հատկապես խորհրդային տարիներին, աստիճանաբար վրացախոս դառնալով, դիտվել են վրացի, թեև մեր օրերում էլ պահել են բազմաթիվ ազգային սովորույթներ և ծեսեր: Ներկայումս (2003) հայեր ապրում են Աբասթուման ավանում և Ադիգեն շրջկենտրոնում:
1979-ի մարդահամարի տվյալներով՝ Աբասթումանի 2182 բնակչից 620-ը հայեր էին: Ավանի միջնակարգ դպրոցում 1994-ին հայերեն են ուսանել 46, 2002-ին՝ 34 աշակերտ: Ադիգենի 1010 բնակչից հայ էր 213-ը (1979): Ներկայումս (2003) շրջանում բնակվում է 1,4 հզ. հայ: Տարածաշրջանի մյուս դպրոցների նման դասագրքեր ստանում են Հայաստանից, մշտական կապի մեջ են Ախալքալաքի և Ախալցխայի հայկական դպրոցների հետ:
Աբասթումանում, Արալում և Ուդեում կանգուն են XIX դ. վերջին կառուցված հայ կաթոլիկ եկեղեցիներ:
Աբասթումանում է ծնվել մեքենաշինարար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մարտին Կասյանը:
Ախալցխայի շրջանում հայեր ապրել են հնագույն ժամանակներից: Դեռևս մ.թ.ա. VI-III դդ. Ախալցխան (Ախալցխայի շրջանի տարածքը համապատասխանում է հետագայի Սամցխե գավառի կենտրոնական մասին) եղել է Երվանդունիների հայկական պետության կազմում, այնուհետև անցել է Վրաց թագավորությանը, իսկ մ.թ.ա. 185-ին, Արտաշես Ա-ի օրոք, Աջարիայի հետ միացվել Մեծ Հայքին և կազմել Գոդերձական անունով վարչամիավորը: Օգտվելով Արտաշեսյանների պետության անկումից՝ Վրաց Փառնավազյանները Սամցխեն կրկին միացրել են Վ-ին: 1236-ին քաղաքն ավերել են մոնղոլները: 1266-ից այն գտնվել է Սամցխե-Սաաթաբագո կիսանկախ իշխանության կազմում: XI-XIV դդ. Հայաստանի տարբեր մասերից մեծ թվով հայեր հաստատվել են Ախալցխայում՝ ստվարացնելով տեղի հայ համայնքը: 1535-ին միավորվել է Վրացա-Իմերեթական թագավորությանը: 1579-ին Ախալցխան զավթել են թուրքերը և ձևավորել Ախալցխայի էյալեթը (նահանգ): XVI դ. վերջին Ախալցխայի միջնաբերդին հարող Ռաբաթ թաղամասում մեծ մասամբ ապրել են հայեր: XVI դ. վերջին անցկացված վիճակագրության համաձայն՝ Ախալցխայում գրանցված 174 հարկատու տներից 108-ը հայկական էին: Բռնի մահմեդականացումից խուսափելու և Հռոմի պապի աջակցությունն ստանալու ակնկալությամբ XVIII դ. 2-րդ կեսին Ախալցխայի հայերի մի մասն ընդունել է կաթոլիկություն: XIX դ. սկզբին Ախալցխայի 596 տնից 411-ը հայկական էր: Ուշ միջնադարյան աչքի ընկնող հայաշատ կենտրոններ են եղել նաև շրջանի Ածղուր և Վալե բերդաքաղաքները, Իվլիտա, Սածել (Սազել) ևն գյուղեր:
Հայ կյանքն Ախալցխայում մեծ վերելք է ապրել, երբ տեղաբնակ հայությունը համալրվել է Կարապետ արք. Բագրատունու գլխավորությամբ 1830-ին Կարինից (Էրզրում) գաղթած 2536 հայ ընտանիքներով: Նրանք Փոցխով գետի աջ ափին հիմնադրել են Ախալցխայի Պլան թաղամասը: 1831-ին Ախալցխայից մի քանի ընտանիք տեղափոխվել և վերաշինել է Ախալքալաքը: 1893-ին քաղաքի 15 հզ. բնակչից 12495-ը հա-