Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելի տարիք ունեցող շուրջ 200 հայ:

Հայ կրթական հիմնարկաթյուն, հիմնվել է 1950-ին, Լոս Անջելեսում՝ ԱՄՆ-ի և սփյուռքի այլ գաղութների հայկական դպրոցներին և ուսանողներին նյութական օգնություն ցույց տալու, հայկական դպրոցների ստեղծմանն օժանդակելու, հայագիտական կազմակերպություններին աջակցելու, կրթության համար հատկացված կտակները գործադրելու նպատակով: Հիմնադիրներ՝ Հ. Քարյան, Ա. Տիգրանյան, Բ. Ղազարյան, Մ. Փիլոյան, Ա. Փիլիպոս, Ա. Սեդրակյան: Հիմնարկության նպատակներն իրագործելու համար ստեղծված «Սոֆիա Հակոբյան» հիմնադրամը հովանավորել է Բերկլիի և Լոս Անջելեսի համալսարանների հայագիտական ամբիոնները: Հիմնարկությունը նյութապես օժանդակել է Կալիֆոռնիայի մի շարք հայկական ամենօրյա վարժարանների հիմնադրմանը: Հայաստանում 1988-ի երկրաշարժից տուժած վայրերում կառուցել է մանկապարտեզ և տարրական դպրոց: Կատարել է նվիրատվություններ և կրթաթոշակների բաշխում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև մյուս գաղութներում և Հայաստանում: 1999-2003-ին Հայաստանում, Արցախում և Ջավախքում նորոգել է 92 դպրոց, վերաշինության ծրագիրը շարունակվում է:

Հայ գրականության բարեկամների միություն, հիմնվել է 1955-ին (պաշտոնապես գրանցվել է 1956-ին), Նյու Յորքում: Նպատակն է ծառայել հայ գրականությանը, նյութապես օժանդակել հայ գրողներին, սահմանել գրական մրցանակներ, քաջալերել սկսնակ գրողներին: Կազմակերպում է գրական երեկոներ, դասախոսություններ, գրքերի քննարկումներ, նշում հոբելյանական տարելիցներ: Հրատարակում է պարբերաթերթ՝ «Գիր ու գիրք» (մինչև 1970-ը՝ «Հաղորդագրություն»):

Հայ արհեստավարժների միություն, հիմնվել է 1958-ին, Լոս Անջելեսում: Հիմնադիրներ՝ Վ. Արթկին, Լ. Կարապետյան, Վ. Գրեգըր և ուրիշներ: Նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողների համար կրթաթոշակ հայթայթելն է, նաև գաղութի հայ երիտասարդության շրջանում դաստիարակչական աշխատանք ծավալելը:

Ամերիկահայ թատերաերաժշտական միություն, մշակութային միություն: Հիմնվել է 1966-ին, Լոս Անջելեսում՝ Վ. Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Նպատակն է քարոզչական միջոցներով ներկայացնել հայ մշակութային արժեքները և հայ արվեստագետների ստեղծագործությունները: Կազմակերպում է երաժշտական և թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, Հայաստանից մշակութային խմբերի և գործիչների այցելություններ:

Ամերիկայի հայ իրավանց խորհուրդ (Armenian Rights Council of America ARCA), ՌԱԿ-ի քաղաքական թևը: Հիմնվել է 1968-ին, Ալթադենայորմ՝ Գևորգ Մանտոսյանի, Հակոբ Նազարյանի, Նորբար Կոստանդյանի նախաձեռնորթյամբ: Նպատակն է քարոզչական, դաստիարակչական, ընկերային միջոցներով Կալիֆոռնիայի պետական շրջանակներին և օտար ազգերին ծանոթացնել Հայ դատին, բացահայտել Թուրքիայի հակահայկական գործունեությունը, հավաքելու տարածել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, ստեղծել օտար լրագրողների հետ հարաբերություններ, քաջալերել հայանպաստ հոդվածներ և այլն: Մասնաճյուղեր ունի Լոս Անջելեսում, Փասադենայում, Սան Ֆեռնանդո հովտում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում:

Հայ դրամագիտական ընկերակցություն, հիմնվել է 1971-ին, Լոս Անջելեսում: Հիմնադիրներ՝ Ե. Ներսեսյան, Ջ. Մարտիրոսյան, Վ. Գևենյան: Սկզբում կոչվել է Հայկական դրամի ակումբ, 1972-74-ին՝ Դրամագիտական և գեղարվեստական ընկերակցություն: Ունի շուրջ 200 անդամ՝ ինչպես մասնագետ-դրամագետներ, այնպես էլ դրամահավաքներ, թանգարանների աշխատողներ (ԱՍՆ-ից, Հայաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իրանից և այլն): Նպատակն է նպաստել հայկական դրամագիտության զարգացմանը, խթանել հետաքրքրությունը հայկական դրամի և դրամագիտական այլ նյութերի նկատմամբ: 1975-ից լույս է տեսնում ընկերության օրգան «Հայ դրամագիտական հանդեսը» (“Journal of Armenian Numismatics”): 1979-ին ընկերակցությունը հիմնել է «Հատուկ