Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրատարակություն» մատենաշարը: 1993-ին, ի հիշատակ դրամագետներ Մ. Աբգարյանի, Ա. Տոնապետյանի, Ն. Ժամկոչյանի և Խ. Մուշեղյանի, հիմնել է «Հայ դրամագիտական հիշատակային պարգևներ» հիմնադրամը:

Ամերիկայի հայկական համագումար (ԱՀՀ, Armenian Assembly of America), համաամերիկյան հայկական կազմակերպություն: Հիմնադրվել է 1972-ին: Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում, Երևանում և Ստեփանակերտում: Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուգարն ու Հրայր Հովնանյանը, ճարտարագետ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ-Արամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջոն Հաննեսյան Կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը: ԱՀՀ-ի նպատակն է համախմբել ամերիկահայերին, սատարել ԱՄՆ-ում հայ մշակութային ավանդի և ազգային ինքնագիտակցության զարգացմանը, հայկական հուշարձանների ու մշակութային արժեքների պահպանմանը, հավաստի տեղեկություններ տարածել հայ ժողովրդի պատմական, կրթական, կրոնական ու մշակութային կյանքի և ամերիկահայության մասին, պաշտպանել ամերիկահայերի շահերն ու իրավունքները: Այդ նպատակներն իրագործելու համար ԱՀՀ մշակել է մի շարք ծրագրեր՝ կառավարական, իրավագիտական, հասարակական, ուսանողական, համալսարանական, գաղթականական:

Կազմակերպության կառավարական և իրավագիտական մասնաբաժինը մշտապես աշխատում է ԱՄՆ-ի Կոնգրեսի և վարչակազմի անդամների հետ՝ ամերիկահայերին հետաքրքրող հարցերի շուրջ: ԱՀՀ թողարկում է հաղորդագրություններ՝ ամերիկահայ համայնքին տեղյակ պահելով ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության այն դրսևորումներին, որոնք կարող են անդրադառնալ հայության շահերի վրա:

ԱՀՀ-ի հասարակական հարցերի մասնաբաժինը անգլերեն լույս է ընծայում «Համագումարի միջոցառումներ» ամենամսյա լրագիրը և «Համագումարի հանդեսը» եռամսյան, որոնք առաքվում են 25 հզ. ամերիկահայ ընտանիքների, ԱՄՆ-ի կոնգրեսականների ու վարչակազմի անդամների, հեռուստատեսության համար պատրաստում է շաբաթական լրատվություն: Ժողովրդավարական գործընթացին երիտասարդ ամերիկահայերի մասնակցությունը խրախուսելու նպատակով ԱՀՀ-ի ուսանողական հարցերի մասնաբաժինն ամեն ամառ Վաշինգտոն է հրավիրում համալսարանական ուսանողների, որոնք աշխատում են դաշնային կառավարության զանազան գործակալություններում ու հաստատություններում: Մասնաբաժինը նյութեր է տրամադրում նաև ԱՄՆ-ի համալսարաններում գործող ավելի քան 60 հայ ուսանողական միությունների:

ԱՀՀ-ի համալսարանական (ակադեմիական) հարցերի մասնաբաժինը մշակել և տարածել է Հայկական հարցի վերաբերյալ նյութեր՝ հանրային և մասնավոր դպրոցներում օգտագործելու համար: Ոաուցիչների համար պատրաստել է «Հայկական ցեղասպանության աղբյուրների ուղեցույցը», դաստիարակչական մի տեսաժապավեն, որում քննարկվում են հայերի ցեղասպանությունը և նրա դասերը: 1987-ին Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի ղեկավարությամբ վավերացրել է նահանգի կրթական համակարգում մարդու իրավունքների և ցեղասպանության վերաբերյալ պարտադիր ուսուցման օրինագիծը:

ԱՀՀ-ի գաղթականական հարցերի մասնաբաժինը ջանում է օգնել իրենց երկրներից տեղահան եղած հայ գաղթականներին, զբաղվում է նրանց ապաստանի և մշտական վերաբնակեցման խնդիրներով: 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին սատարելու նպատակով ԱՀՀ հիմնել է օգնության հիմնադրամ, որը մինչև 1989-ի դեկտեմբերի 31-ը հանգանակել է 4 մլն դոլար: 1989-ի փետրվարին Երևանում բացվել է ԱՀՀ-ի գրասենյակը: Հայաստանի անկախացումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից (1991-ի սեպտեմբեր) ի վեր ԱՀՀ զբաղվում է նաև Հայաստանի և ԼՂՀ-ի բնակչության բարօրության, անվտանգության ու զարգացման խնդիրներով՝ հետապնդելով հիմնականում հետևյալ նպատակները. 1. ԱՄՆ-ի Կոնգրեսում հայանպաստ ծրագրերի և բանաձևերի ընդունում, 2. մարդասիրական օգնություն ԼՂՀ-ին, 3. տնտեսական և մարդասիրական օգնություն Հայաստանին, 4. դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայանպաստ դիրքորոշման ձևավորում, 5. Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում:

1990-ական թթ. վերջին ԱՀՀ զգալիորեն ընդլայնել է իր գործունեության ոլորտը: Այժմ ավելի շատ ամերիկահայեր են ընդգրկված նրա քարոզչական աշխատանքներում՝ շնորհիվ նորաստեղծ «ԱՐԱՄԱԿ» (Armenian American Actions’ Committee - Ամերիկահայերի գործողությունների կոմիտե) կազմակերպության: Համայնքներում անցկացվող համաժողովների և շրջանային հանդիպումների շնորհիվ «ԱՐԱՄԱԿ»-ը հավաքագրել է ավելի քան 6 հզ. գործունյա կամավորների, որոնք ներկայումս աշխատում են ԱՄՆ-ի բոլոր նահանգներում:

1996-ին Վաշինգտոնում, ԱՀՀ-ի համակարգում, հիմնվելն “ANI” (Armenian National Institute ֊ Հայկական ազգային ինստիտուտ) հաստատությունը, որը զբաղվում է հայերի ցեղասպանության վերաբերյալ