Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տա...» վարքը, որը պատմում է Ռուսիայում մեծ հռչակ վայելող հայ բժշկի (անունը չի նշվում) և նրա շուրջը համախմբված հայրենակիցների (հավատակիցների) մասին: Հայ բժիշկը եղել է Կիևյան իշխաններ Վսեվոլոդ Յարոսլավիչի (1078-1093) և Վլադիմիր Մոնոմախի (1113-25) պալատական բժիշկը:

Ռուսիայում հայերի ներկայությունը փաստող հաջորդ տեղեկությունը վերաբերում է 1019-ին, երբ Լեհաստանի թագավոր Բոլեսլավ Քաջը պատերազմ է սկսել Ռուսիայի դեմ: Յարոսլավ Իմաստունի խնդրանքով նրան օգնության են հասել ինչպես վարյագները, այնպես էլ Ղրիմում հաստատված հայ իշխանների զորքերը: Պատերազմի ավարտից (1022) հետո հայերի որոշ մասը հաստատվել է Կիևում: Այս իրադարձությունների շուրջ է հյուսված «Բորիս և Գլեբ» ռուսական վարքը՝ ամփոփված “Повесть временных лет” («Անցած տարիների պատմություն») Կիևյան ժողովածուում, որը, XII դ. սկզբին թարգմանվելով հայերեն «Պատմութիւն սուրբ եւ փառաւորեալ վկայից և Քրիստոսի Դաւթի եւ Ռոմանոսի, որ ի Ռուսք նահատակեցան յանօրէն եղբօրէն իւրեանց, որ կոչին Պաւրիս եւ Հլէպ» խորագրով, տեղ է գտել Տեր-Իսրայելի խմբագրած «Յասմավուրք»-ում:

Հետագայում ևս ռուս իշխանները հայերին բազմիցս հրավիրել են Ռուսիա՝ արտաքին թշնամիների դեմ պատերազմելու: 1062-ին Դմիտրի Իշխանի որդին՝ Թեոդորը, հայերից օգնություն է խնդրել պոլովցիների դեմ պատերազմելու համար՝ խոստանալով 3 տարվա լիակատար ազատություն՝ իր երկրի ցանկացած վայրում բնակվելու արտոնությամբ:

Հայերի գաղթը Կիևյան Ռուսիա ուժեղացել է XI դ. 2-րդ կեսից, ինչը պայմանավորված էր սելջուկյան թուրքերի գերիշխանության տակ հայտնված Հայաստանի ծանր վիճակով: XII դ. Կիևում և Վալախիայում (Հարավային Ռումինիա) հաստատված հայության մի մասը տեղափոխվել է Գալիչ, Խոլմ, Լուցկ և Լվով: Լվովում (որը դեռես ավան էր) 1183-ին հայերն արդեն ունեին եկեղեցի: 1239-40-ին Դանիիլ Ռոմանովիչ մեծ իշխանը, միավորելով Գալիցիան և Վոլինիան, հայերին հրավիրել է բնակություն հաստատել իր իշխանությունում: Դանիիլի որդին՝ Լևոն իշխանը, 1270-ին հիմնադրելով Լվով քաղաքը, իր հետ պատերազմների մասնակցած հայությանը հատկացրել է քաղաքի հյուսիսային մասը՝ կենտրոնով հանդերձ: Պոդոլյեի կենտրոն Կամենեցում հայերի հաստատվելու ստույգ տարեթիվը հայտնի չէ: Հայտնի է, սակայն, որ հայերն արդեն XIII դ. կեսին Կամենեց-Պոդոլսկում ունեցել են իրենց քարե եկեղեցին:

1250-ին հայկական Եկեղեցի է եղել նաև Պոդոլյեի հնագույն քաղաքներից մեկում՝ Յազլովեցում (այժմ՝ Ու-ի Տեռնադոլի մարզի Բուչաչի շրջանի Յաբլունովկա գյուղ), որը XIV դ. անցել է լեհական տիրապետության տակ:

XIII դ. հայեր բնակվել են նաև Գալիցիա-Վոլինյան իշխանության այլ քաղաքներում՝ Լուցկում, Վլոդիմեժում: Թեև Լուցկում հայերի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է միայն XV դ. սկզբին, սակայն հայտնի է, որ Լուցկը հայկական եպիսկոպոսության կենտրոն է եղել մինչև Լվովը, որն այդպիսի կենտրոն է դարձել XIV դ.:

XIV դ. Գալիցիա-Վոլինյան իշխանության հողերն անցել են Լեհաստանին, իսկ Կիևը՝ Լիտվական մեծ իշխանությանը (1362-1471): Ավելի ուշ՝ Կիևը որպես համանուն վոյեվոդության կենտրոն, մինչև Աջափնյա Ուկրաինայի միացումը Ռուսաստանին (1654), եղել է լեհ-լիտվական պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի կազմում: XIV դ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո աեղի է ունեցել հայ գաղթականների ամենամեծ հոսքը՝ սկզբում՝ Ղրիմ, իսկ այնտեղից՝ Հարավարևմտյան Ռուսիա: Լիտվացի իշխան Վիտովտի և լեհական զորքերի կազմում հայերը մասնակցել են գերմանական խաչակիրների դեմ Գրյունվալդի (1410), հետագայում՝ նաև օսմանյան բանակի դեմ Վառնայի (1444) ճակատամարտերին: Չնայած տնտեսական և քաղաքական ծանր պայմաններին՝ XV դ. Կիևը գլխավոր առևտրական ճանապարհի կարևոր տարանցիկ կետերից էր: Այդ ճանապարհով հայերը Մոսկովիա, Պսկով, Նովգորոդ են տարել արևելյան ապրանքներ՝ թանկագին քարեր, մետաքս և այլ գործվածքներ, խունկ, համեմունք: Նրանց ներմուծած այդ ապրանքները ստացել էին «հայկական» անունը: Տեղի հայերը կազմակերպված էին համայնքի մեջ, որը ճանաչված էր պետության կողմից: Նրանք ունեցել են իրենց վարչակրոնական ինքնավար մարմինները: Հայերի թիվը շուրջ 3 հզ. էր: Լիտվայի մեծ իշխան Կազիմեժ IV-ը (1440-47, ապա՝ Լեհաստանի թագավոր մինչև 1482) XV դ. կեսին Կիևի հայերին է հանձնել մի քանի շնորհագրեր, որոնցով նրանց թայլ է տվել Կիևում ունենալ տներ, այգիներ, բանջարանոցներ, զբաղվել արհեստներով ու առևտրով, օգտվել նույն իրավունքներից, որ ունեին քաղաքի լեհ և ուկրաինացի բնակիչները: XV դ. վերջին լիտվացի մեծ իշխան Ալեքսանդրը նույնպես հայ համայնքին շնորհագիր է տվել Պոդոլի հողերը սեփականության իրավունքով օգտագործելու համար: Սիրեց, Կարենևկա գետերի ափերին, ժիտոմիրյան ճանապարհի երկայնքով հայերն ունեցել են դաշտեր, բանջարանոցներ, արհեստական լճակ, ամբարտակ, ջրաղաց: Ջրաղացից և արհեստական լճակից ստացված եկամուտնե-