րը հատկացվել են հայ եկեղեցուն: Հայերը հողային տիրույթներ են ունեցել նաև Կիևի շրջանում՝ Շչեկավիցայում, Օբոլոնիում և այլ գյուղերում:
Կիևի հայերի հիմնական մասը արհեստավորներ ու առևտրականներ էին, որոնք ապրել են Գնիլայա գետակի մերձակայքում: Այստեղ են գտնվել նրանց Ս. Աստվածածին եկեղեցին, բնակելի տները, խանութները, արհեստանոցները, համայնքի հաշվին պահվող հիվանդանոցը:
Հայերը զբաղվել են նաև գյուղատնտեսությամբ: Ունեցել են խաղողի մեծ այգիներ ու գինու գործարան, որով նպաստել են խաղողագործության ու գինեգործության զարգացմանը: Հայ վաճառականներից շատերը տիրապետելով օտար, հատկապես արևելյան լեզուների, ծանոթ լինելով տարբեր երկրների ժողովուրդների կյանքին ու կենցաղին՝ կատարել են դիվանագիտական առաքելություններ:
Կիևի հայերի դրությունը սկսել է վատթարանալ 1546-ի Բրեստի եկեղեցական ունիայի կնքումից հետո, որի համաձայն՝ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին պետք է միավորվեր Կաթոլիկ եկեղեցու հետ և անցներ Հռոմի պապի հովանավորության տակ: Կիևի կաթոլիկ և ունիատական հոգևորականությունը հարձակումներ է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ հարկադրելով վերջինիս ընդունելու կաթոլիկությունը: Շաա հայեր հարկադրված հեռացել են Կիևից՝ վերաբնակվելով Հարավարևելյան Եվրոպայի տարբեր քաղաքներում:
Կիևում հայերի դրությունը ավելի է ծանրացել Լյուբլինյան ունիայից հետո (1569), որի հետևանքով ստեղծվել է Ռեչ Պոսպոլիտան: Լեհական իշխանությունը Կիևում արմատավորել է շլյախտայի ու մագնատների շահերին համապատասխանող կարգեր: Կիևի հայերը, զրկվելով իրենց հողերից ու ունեցվածքից, մի քանի անգամ դիմել են Լեհաստանի թագավոր Ստեֆան Բատորիին՝ խնդրելով իրենց տալ հողին, արհեստանոցներին, առևտրական կրպակներին տիրելու նոր շնորհագիր, որն ի վերջո ստացել են:
XVII դ. սկզբին Լվովի հայ համայնքը հանդես է եկել Կիևի հայերի կրոնական իրավունքների պաշտպանությամբ՝ նյութական օգնություն ցույց տալով Կիևի հայ եկեղեցուն: 1622-ի հոկտեմբերին Կիևի հայերը որոշել են անցնել Լվովի հայկական մայր եկեղեցու հովանավորության տակ:
XVII դ. առաջին կեսից սկսած՝ Կիևի հայկական գաղութի ազգային կյանքն անկում է ապրել: Այդուամենայնիվ, ինչպես Կիևում, այնպես էլ Ու-ի մի շարք այլ քաղաքներում (Օդեսա, Նիկոլաև, Խերսոն, Խարկով) հայ բնակչությունը պահպանվել է նաև հետագա դարերի ընթացքում:
XVI-XVII դդ. մեծաթիվ հայկական համայնքներ են եղել նաև Պոդոլյեի և Արևմտյան Ու-ի բազմաթիվ բնակավայրերում՝ Բարում, Բրոդիում, Բուչաչում, Գալիչում, Ժվանեցում (Զվանչա), Խոտինում, Կիլիայում, Կուբաչիվցիում, Հորոդենկայում, Պոդհայցիում, Չեռնովցիում, Սնյատինում, Ստուդենիցայում ևն: XVIII դ. նոր համայնքներ են հիմնվել Մոգիլյովում, Յուզեգրադ (Բալտա), Սատանով ևն քաղաքներում: Սակայն XVIII դ. 2-րդ կեսից՝ նշված բնակավայրերում ևս հայ կյանքն աստիճանաբար վերացել է:
XIX դ. Կիևի, Խարկովի և Օդեսայի համալսարաններում ուսանել են Հայաստանից, Վրաստանից, Ղարաբաղից եկած բազմաթիվ հայ երիտասարդներ: Նրանք ստեղծել են հայրենակցական միություններ, մասնակցել Ու-ի հասարակական-քաղաքական կյանքին և հեղափոխական շարժումներին, ակտիվ կապեր պահպանել հայրենիքի հետ՝ հետևելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանից և Թուրքիայի այլ հայաբնակ վայրերից հայ գաղթականներ են հաստատվել նաև Ու-ում: Պատերազմի ավարտին հայերի թիվն Ու-ում շուրջ 100 հզ. էր: Հայ գաղթականների գործերով զբաղվել են Խորհրդային Ռուսաստանի Ազգությունների գործերի ժողկոմատին կից ստեղծված Հայկական գործերի կոմիսարիատի Կիևի, Խարկովի, Օդեսայի բաժանմունքները, ինչպես նաև այլ վայրերում նշանակված կոմիսարիատի լիազորները: Ու-ում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո բացվել են հայկական դպրոցներ (Խարկովում, Օդեսայում), մանկապարտեզներ, գրադարաններ, ակումբներ՝ թատերական և երաժշտական խմբակներով: 1919-ին Կիևում հրատարակվել է «Կոմունիստ» թերթը (հայերեն):
Հայրենական պատերազմի տարիներին Ու-ի տարածքում մղված կռիվներին մասնակցել են հայկական դիվիզիաները, «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը: Ու-ի պաշտպանության ժամանակ աչքի են ընկել հայ զորավարներ՝ գեներալներ Մ. Պարսեղովը, Բ. Առուշանյանը, Հ. Բաղրամյանը, Ա. Կարապետյանը, Ա. Ղազարյանը: Բրեստի ամրոցի պաշտպանների մեջ էին հայ ժողովրդի զավակներ Ս. Նուրիջանյանը, Ս. Գևորգյանը, Մ. Հակոբյանը և շատ ուրիշներ ավելի քան 100 մարդ:
Կերչի նեղուցը և Թամանը ազատագրել է Հայկական Թամանյան դիվիզիան Նվեր Սաֆարյանի ղեկավարությամբ: Կիևն ազատագրող զորքերի մեջ էր գեներալ-մայոր Ս. Մարտիրոսյանի կորպուսը: Հայ պարտիզաններն ընդգրկված են եղել Ու-ում գործող 18 պարտիզանական խոշոր միավորումների մեջ, գործել են «Հաղթանակ» (հրամանատար՝ Ս. Հարութ-