Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կույթը պրոպագանդելու գործում: Այդ նպատակին է ծառայել նաև նրա հրատարակած «Արևելքի արշալույս» (ուկրաիներեն) ամսագիրը (1927-31-ին տպագրել է ավելի քան 60 հայագիտական հոդվածներ):

1970-ական թթ. սկզբին ստեղծվել է հայ մշակութային ընկերություն: Կազմակերպությունը նպաստում է, որ իր անդամները սովորեն հայոց լեզու, ծանոթանան հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին:

Քաղաքում հայ ազգային կյանքն աշխուժացել է 1980-ական թթ. վերջից: Ստեղծվել է Մաշտոցի անվան հայ մշակութային ընկերությունը, որին կից 1991-ին բացվել է «Հայք» գրական-երաժշտական ակումբը: Ընկերության նպատակն է տեղի հայ համայնքի համախմբումը, ազգային կյանքի աշխուժացումը: Գործում է կիրակնօրյա հայկական դպրոց: 1988-ին ստեղծվել է Հայ-ուկրաինական բարեկամության ակումբ:

Ներկայումս (2003) Խարկովում ապրում է 12 հզ. հայ:

Խոտինում հայերի բնակեցումը վերագրվում է XIV դ.: Գաղութը ստվարացել է, երբ Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտի հրավերով Լեհաստանից գաղթած 3 հզ. հայ ընտանիքների մի մասը 1418-ին հաստատվել է Խոտինում և շրջակայքում (Վալեյա, Արմյանկա ևն): Նրանք զբաղվել են երկրագործությամբ, արհեստագործությամբ ու առևտրով: 1480-ին կառուցել են եկեղեցի: Մշակութային և առևտրային սերտ կապերի մեջ են եղել Լվովի, Կամենեց-Պոդոլսկի և Լեհաստանի ու Մոլդովայի մյուս հայկական գաղութների հետ: XVII դ. փորձել են հայերին կաթոլիկացնել: Քաղաքական և տնտեսական աննպաստ պայմանների, ինչպես նաև հաճախակիկրկնվող պատերազմների հետևանքով Խոտինի հայերը 1670-ական թթ-ից գաղթել են Տրանսիլվանիա: 1808-ին Խոտինում կար ընդամենը 20 հայկական տուն, դեռևս կանգուն էր Ս. Աստվածածին եկեղեցին: 1858-ին հայերի թիվը Խոտինում և շրջակայքում 255 էր: Գնալով այդ թիվը նվազել է, և արդեն 1937-ին ոչ մի հայ չի գրանցվել:

Կամենեց-Պոդոլսկում հայերը բնակվել են XI դարից, XIII դ. հիշվում է Ս. Նիկողայոս եկեղեցին: Գաղութը կազմակերպվել է XIV դ. և գոյատևել մինչև XIX դ. վերջը: Հայերը հիմնականում եկել են Ղրիմի (հատկապես Թեոդոսիայի), Մոլդովայի, Փոքր Ասիայի հայաբնակ վայրերից և Հայաստանից: 1566-ին կար 900 տուն հայ, այլ տվյալներով՝ 1200 ընտանիք:

Լեհ թագավոր Կազիմեժ Մեծի տիրապետության շրջանից սկսած (1340-ական թթ.)՝ լեհ թագավորները և մագնատները հայերին շնորհել են լայն արտոնություններ՝ առևտուր անելու, արհեստներով զբաղվելու, ազգային օրենսդրություն գործածելու [մասնավորապես՝ Լեհահայոց (Մ. Գոշի) դատաստանագրքով] իրավունքով՝ դատավարության ինքնավարությամբ: Դատարանը գլխավորել է վոյթը: Գործել են արհեստավորական կազմակերպություններ, հոգևոր և կտրիճվորաց եղբայրություններ:

Կամենեց-Պոդոլսկը հայկական հոգևոր-մշակութային կարևոր կենտրոն էր: Գործել են հայկական դպրոց (XVI դ. կեսից), հայկական 10 եկեղեցի (Ս. Նիկողայոս, Ս. Աստվածածին, Ս. Ստեփանոս Նախավկա, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Խաչ ևն), կուսանոց: Կրոնական հարցերում տեղի հայերը մինչև կաթոլիկության ընդունումը (1699) ենթարկվել են Լվովի հայ արքեպիսկոպոսությանը, վերջինս էլ՝ Էջմիածնին:

1793-1810-ին (Լեհաստանի վերաբաժանումից հետո) ենթարկվել են Մոգիլյով-Պոդոլսկի կաթոլիկ եպիսկոպոսին, այնուհետև՝ Պոդոլյեի հայոց եպիսկոպոսին, որի նստավայրը Մոգիլյով-Պոդոլսկն էր: Կամենեց-Պոդոլսկում գրվել ու ծաղկվել են բազմաթիվ հայկական ձեռագրեր, գործել են պատմագիր Հովհաննես Կամենացին, մշակութային գործիչ Ստեփանոս Ռոշքան և ուրիշներ (տես Լեհաստան):

Հայերն զբաղվել են արհեստագործությամբ, առևտրով, եղել են դիվանագետներ, ծառայողներ, զինվորականներ, կարևոր դեր խաղացել Կամենեց-Պողոլսկի տնտեսական, քաղաքական կյանքում, գործուն մասնակցել ռազմավարական նշանակություն ունեցող այդ քաղաքի սահմանների պաշտպանությանը: Կամենեց-Պոդոլսկի առևտուրն Արևելքի հետ հիմնականում գտնվել է քաղաքի հայ առևտրականների ձեռքին, որոնք մասնակցել են նաև Լվով, Լուցկ, Սլուցկ և այլ քաղաքներում կազմակերպված տոնավաճառներին, հիմնել «Առևտրական տուն»: Քաղաքի պաշտպանությունն ամրացնելու նպատակով հայերն իրենց միջոցներով կառուցել են քարե պարիսպ, ամրոց, ձուլել թնդանոթներ, լեհերի և ուկրաինացիների հետ պաշտպանել քաղաքը:

1766-85-ին Կամենեց-Պոդոլսկի ամրոցի պարետը ծագումով հայ Յան Վիտտեն էր, որին փոխարինել է որդին՝ Յոզեֆ Վիտտեն (1786-89-ին): Հայերը հոգացել են նաև քաղաքի կարիքները. 1581-ին կառուցել են ցայսօր պահպանված 30 մ խորությամբ և 5 մ տրամագծով ջրհորը, 1614-ին՝ հիվանդանոց՝ հոգալով դրա ծախսերը: