Արտաքին հարձակումները (մասնավորապես թուրքերի և թաթարների) և Լեհաստանում հայերի ուծացման ընթացքը (լեհական իշխանությունները 1699-ին հայությանը պարտադրել են կաթոլիկություն, 1790-ին վերացրել հայկական դատարանը) աստիճանաբար նվազեցրել են հայերի թիվը Կամենեց-Պոդոլսկում: 1820-ին այստեղ կար 70 հայ ընտանիք, իսկ 1863-ին՝ 63 հայ, որոնք աստիճանաբար ձուլվել են լեհերին: Հայերը բնակվել են Կամենեց-Պոդոլսկի հարավում՝ Հայկական թաղամասում, որտեղ կառուցել են ինչպես եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ շինություններ [դատարանի երկհարկանի շենք (XIV դ.), դպրոց, հիվանդանոց (պահպանվել է մի մասնաշենքը)]:
Պաշտամունքային կառույցներից պահպանվել են խաչաձև գմբեթավոր տաճարի (1368, քանդել են 1932-ին) ավերակները, քառահարկ մատուռ-զանգակատունը (XV-XVI դդ.): Հատակագծման պարզությամբ և քարի փորագրություններով ուշագրավ է հայոց թեմի եպիսկոպոսի տունը (ավելի ուշ՝ «Առևտրական տուն», XVI—XVII դդ.)՝ Հայկական հրապարակի հարավարևելյան անկյունում:
Հորոդենկա (Գորոդենկա) քաղաքում XVII-XIX դդ. եղել է հայկական գաղութ: Հայերն այստեղ են վերագաղթել 1670-ական թթ.՝ Մոլդովայից և Վալախիայից: Նրանք իրավունք են ստացել տներ կառուցել, առևտուր անել և ղեկավարվել սեփական օրենքներով: 1706-ին կառուցել են եկեղեցի: 1770-ին եղել է 100 հայկական տուն, 1782-ին՝ 80 տուն (410 մարդ): Հետագայում հայերի թիվը նվազել է (1784-ին՝ 403 մարդ, 1808-ին՝ 381 մարդ), և գաղութն աստիճանաբար մարել է: 1871-ին Հորոդենկայում մնացել էր 10 տուն հայ, և դեռևս գործում էր հայոց եկեղեցին:
Ղրիմ, ժամանակակից Ու-ի կազմի մեջ մտնող Ղրիմի հայ համայնքի մասին տես ստորև՝ Ղրիմ բաժնում:
Մոգիլյով-Պոդոլսկում XVIII դ. առաջին տասնամյակներին հաստատվել են գլխավորապես Լեհաստանի և Մոլդովայի հայկական գաղութներից եկած հայեր: Հայկական թաղամասը հիմնվել է քաղաքի կենտրոնում: Մոգիլյով-Պոդոլսկի գլխավոր փողոցը կոչվել է Հայկական: Կիևի վոյեվոդա Ստեֆան Պոտոցկու 1743-ի հրովարտակով Մոգիլյով-Պոդոլսկի հայերը ստացել են ինքնավարություն և, միաժամանակ, իրավունք՝ զբաղվելու արհեստներով ու առևտրով, մասնակցելու տոնավաճառների: Հայերը զբաղվել են նաև ոգելից խմիչքների, երշիկեղենի, օճառի և կաշվի արտադրությամբ: Հայ կաշեգործները հիմնել են «Գրիգոր Լուսավորիչ» համքարությունը: Կառուցել են Ս. Գրիգոր Լուսավորիչ (1742-43), Ս. Երրորդություն, Ս. Գրիգոր պատրիարքի (1772-91) եկեղեցիները: Հայտնի է, որ Մոգիլյով-Պոդոլսկի հայ քահանա Շիմոն Կժիշտոֆովիչը (1729-1810) գրել է հայ գաղութի 35 տարվա պատմությունը (չի պահպանվել): Հայկական գաղութի առաջին ավագ (վոյթ) Յան Կժիշտոֆովիչին վստահված էր ամբողջ քաղաքի կառավարումը: 1793-ին, երբ Մոգիլյով-Պոդոլսկը արդեն միացված էր Ռուսաստանին, ռուսական կառավարության որոշմամբ այստեղ ստեղծվել է հայ կաթոլիկ եպիսկոպոսություն, որին ենթարկվել են Ռուսաստանի բոլոր հայկական կաթոլիկ եկեղեցիները (վերացվել է 1855-ին): XVIII դ. կեսին հայերը կազմել են քաղաքի բնակչության գրեթե կեսը: Մոգիլյով-Պոդոլսկի հայկական գաղութը գոյատևել է մինչև XX դ. սկիզբը:
Յաբլունովկա (մինչև 1947-ը՝ Յազլովեց) գյուղում (Տեռնոպոլի մարզի Բուչաչի շրջան) եղել է խոշոր հայկական գաղթավայր: Հայերը հաստատվել են XVI դ. 40-ական թթ.: Ունեցել են իրենց ավագը (վոյթ), դատարան, կոլեգիա, 3 եղբայրություն, դպրոց: Հայերի թաղամասը կոչվել է Հայաքաղաք: Հայկական է կոչվել նաև Յաբլունովկայի ամրոցի դարպասներից մեկը: Հայերը զբաղվել են առևտրով, կաշեգործությամբ և անասնապահությամբ: Յաբլունովկան եղել է նաև հայկական մշակույթի կենտրոն: 1672-ին այստեղ բնակվել է 128 հայ ընտանիք: 1672-73-ի և 1676-84-ի թուրքական արշավանքների ժամանակ քաղաքն ավերվել է: Պահպանվել են հայկական եկեղեցին (1551) և ջրհորը (1611)՝ հայերեն արձանագրություններով: Յաբլունովկայում հայերի բնակության մասին վերջին վկայությունը փաստված է 1807-ին:
Չեռնովցիում հայերը բնակություն են հաստատել XV դ. սկզբին: Նրանք իշխան Ալեքսանդր Բարիի կողմից հրավիրված հայ վաճառականներ էին: Հայտնի է, որ XIX դ. սկզբին Չեռնովցիում եղել է երկու հայկական եկեղեցի: XIX դ. վերջին այստեղ ապրել է մոտ 600 հայ: Հետագայում հայերի թիվը նվազել է: 1910-11-ին քաղաքում եղել է 50 հայ ընտանիք, այդ թվում 39-ը՝ կաթոլիկ դավանության: 1875-ին քաղաքի կենտրոնում՝ Արմյանսկայա փողոցում, ճանաչված ճարտարապետ Յոզեֆ Գլևկայի (Վիեննայի օպերայի շենքի հեղինակը) նախագծով կառուցվել է հայկական կաթոլիկ եկեղեցի: