Ռուսաստանի հայոց թեմերը լուծարվել են, եկեղեցիները փակվել, մի մասը ավերվել: Ռումինիայի և Բեսարաբիայի միացումից հետո (1918) վերջինիս հայկական եկեղեցիները մտել են Ռումինիայի թեմի, իսկ ռուսահայ մնացած համայնքները՝ Նոր Նախիջևանի թեմի մեջ: 1966-ին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ միավորելով ԽՍՀՄ հանրապետությունների հայ եկեղեցական համայնքները՝ բացառությամբ Անդրկովկասի: Ամենայն հայոց կաթողիկոս Վազզեն Ա Պալճյանի 1991-ի սեպտեմբերի 1-ի Ու-ի հայոց թեմի վերականգնման վճռագրով Ու-ում սկսվել է ազգային եկեղեցական կյանքի վերազարթոնքը:
Ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, որտեղ չեն եղել հայկական եկեղեցիներ: 1997-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հունվարի 13-ի կոնդակով Ու-ի հայոց թեմը ստացել է կանոնական ճանաչում, առաջնորդ է նշանակվել Նաթան եպս. Հովհաննիսյանը:
Ներկայումս (2003) Ու-ի հայոց թեմն իր իրավասության ներքո ունի պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում, Մակեևկայում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում, Իզմայիլում:
Թեմի տարածքում գործում են Լվովի Ս. Աստվածածնի Վերափոխման (1363), Թեոդոսիայի Ս. Սարգիս (XIV դ.), Միքայել ու Գաբրիել հրեշտակապետաց (1408), Եվպատորիայի Ս. Նիկողայոս (1817), Յալթայի Ս. Հռիփսիմե (1905-17), Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորիչ (1995), Սիմֆերոպոլի Ս. Հակոբ (1997), Մակեևկայի Ս. Խաչ (1998) եկեղեցիները: Կան երկու հայկական մատուռներ՝ Մարիուպոլում և Կիևում: Վերջինս կառուցվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ: Եկեղեցիներ են կառուցվում Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Դոնեցկում և Լուգանսկում:
Ու-ի թեմի առաջնորդն է Գրիգորիս արք. Բունիաթյանը (2001-ից):
ԴՊՐՈՑ
Կիևում երկար տարիների ընդմիջումից հետո վերաբացվել է կիրակնօրյա հայկական դպրոցը, որն ունի մեծահասակների և փոքրերի երկու խումբ: Կիրակնօրյա դպրոց է գործում նաև Կիևի հայկական միավորմանը կից, որտեղ սովորում է 15 երեխա: Դասավանդվում են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կրոն, երաժշտություն ևն:
Կիևում, Մակեևկայում, Ուժգորոդում, Օդեսայում, Սիմֆերոպոլում, Յալթայում, Ալուշտայում, Թեոդոսիայում, Լուգանսկում նույնպես գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ:
Լվովի պապական հայկական սեմինարիում (ճեմարան), հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն: Գործել է 1665-1783-ին: Հիմնվել է Լեհաստանի, Ղրիմի, Մոլդովայի և Տրանսիլվանիայի հայ համայնքներում կաթոլիկ գործիչներ պատրաստելու նպատակով: Ենթարկվել է հավատատարածման Հռոմի միաբանությանը: Դասավանդվել են հայերեն, լատիներեն, իտալերեն, քերականություն, ճարտասանություն, տաղաչափություն, դավանաբանություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, ֆիզիկա ու մետաֆիզիկա: 1668-ին ճեմարանում գործել է դպրաթատրոն, բեմադրվել են դրամատիկ գործեր, որով և նշանավորվել է հայ թատրոնի նոր զարթոնքը: 1701-ից ուսանել են նաև այլազգիներ (ուկրաինացիներ, լեհեր ևն):